Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ

Հուլիս 30,2010 00:00

ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում պետք է հաստատեր «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագիրը, սակայն հարցը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի առաջարկով հանվել էր նիստի օրակարգից՝ լրամշակումներ կատարելու պատճառաբանությամբ: Տաթեւի վանքի վերականգնման ծրագիրը սկսվել է մոսկվաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի $20 մլն նվիրաբերության շնորհիվ, որը տրամադրվելու էր Հալիձոր-Տաթեւ ճոպանուղու կառուցմանը եւ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելուն: Նշենք, որ կառավարության նիստից հետո որոշակի կասկածներ առաջացան, որոնք նույնիսկ մամուլում հասցրեցին հայտնվել, թե իբր Ռ. Վարդանյանի՝ Դիլիջանում անգլալեզու դպրոց հիմնելու ծրագրի ձախողումից հետո հնարավոր է, որ մեր մեծահարուստ հայրենակիցը փոշմանել է եւ հրաժարվում է նաեւ Տաթեւի զարգացմանն ուղղված իր ներդրումներից: «Առավոտը» Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից հետաքրքրվեց՝ արդյոք հիմնավո՞ր են մտավախությունները: Հիմնադրամի մամուլի պատասխանատուն բացառեց, որ Ռ. Վարդանյանը Տաթեւի դեպքում կվարվի այնպես, ինչպես Դիլիջանի դպրոցի դեպքում: Իսկ ծրագրի երեկվա չհաստատումը բացատրեց այսպես. «Անհրաժեշտ ինֆորմացիան էկոնոմիկայի նախարարության կողմից չէր տրվել այն ֆորմատով, որով պետք է հաստատվեր որպես օրակարգի նյութ, դրա համար ուղարկվել է լրամշակման: Այլ հիմքեր չեմ տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել