Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՒՏՔԸ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՈՒՆԻ

Հուլիս 30,2010 00:00

\"\"
«Սեփականաշնորհված» մուտքը

Երեկ մինչ կհասնեինք մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի 24 շենք, որտեղից ահազանգ էինք ստացել, տարածք էին եկել այցելել քաղաքաշինության վարչության աշխատակիցները, որոնք, տեսնելով, որ վթարային շենքի 4-րդ մուտքը զավթված է, տեղում ակտ էին կազմել եւ 400 000 դրամի տուգանք նշանակել:
Այդ ակտի մասին, սակայն,   իրավախախտության մեջ մեղադրվող թիվ 39 բնակարանի սեփականատերը մեզնից տեղեկացավ: Նա ասաց, որ իրեն որեւէ մեկը չի տեղեկացրել տուգանելու մասին:
Նշյալ հասցեի տարածք էին շտապել համատիրության նախագահն ու տեսուչը: Նրանք ասացին, որ բնակիչներն իրենց չեն ահազանգել եւ, փաստորեն, մուտքի գրավվման մասին տեղեկացել են 3 օր առաջ. «Մենք մի շաբաթ առաջ անցել ենք այստեղով, երկու տեսուչներով, այսպիսի բան չի եղել: Բնակիչների կողմից ահազանգ չի եղել, մենք չենք իմացել: Շինարարությունը սկսվել է, նոր են տեղեկացրել մեզ այդ մասին: Եթե քաղաքաշինությունը եղել է այստեղ, կակտավորեն ու կքանդեն»,-նշեց համատիրության տեսուչ Անդրանիկ Բադալյանը:
«Կա վերահսկողություն քաղաքապետարանի, թաղապետարանի կողմից: Համատիրությունը վերջին օղակներից է: Մենք բողոք ընդհանրապես չենք ունեցել»,- հավելեց Լենինգրադյանի համատիրության նախագահ Ա. Պետրոսյանը:
Երբ ցույց տվեցինք նույն շենքի մեկ այլ բնակչի կողմից ինքնակամ փակված գրավյալ մյուս տարածքը՝ 2-րդ մուտքը, համատիրության աշխատակիցներն ասացին, որ սեփականության վկայականով այդ տարածքը օրինականացված է:
Ապօրինի շինարարության մեջ մեղադրվող, Ստեփականակերտից 8 ամիս առաջ թիվ 39 բնակարանը գնած տիկին Կարինեն մեզ ցույց տվեց անշարժ գույքի կադաստրի կողմից հուլիսի 18-ին իրեն տրված իր բնակարանի սեփականության վկայականը: Այդ վկայականով շենքի մուտքի սեփականատերը դարձյալ տիկին Կարինեն է:
Բնակիչներից մեկը՝ զոհված ազատամարտիկի այրի, ազատամարտիկ Շուշան Աբրահամյանն ասաց, որ պատրաստ են դատի տալու կադաստրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել