Լրահոս
Օրվա լրահոսը

41. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հուլիս 30,2010 00:00

\"\"Հավատալով, որ հայոց զորավարի հուշարձանն ու նրա շրջակայքը յուրահատուկ էներգետիկ դաշտ ունեն, ու ես այստեղ կարող եմ հանդիպել իմ ճամփորդության համար կարեւոր մարդկանց, փոքրիկ առիթներով ձգձգեցի հեռանալս։ Կողքիս՝ բազալտե պատնեշին նստած ծանոթ դեմք հայտնվեց, ձեռքին՝ կապույտ կազմով գիրք՝ հավերժության բրոնզագույն նշանով, սակայն ոչ մի կերպ չկարողացա տեղը բերել։
– Չճանաչեցի՞ր, – ժպտալով դիմեց նա։
– Գիտեմ, որ հանդիպել ենք…
– Քաղաքապետարանում…
– Հեթանոս քո՜ւրմը,- ոգեւորված ասացի ես,- ու առաջին անգամ ես այնտեղ հեթանոս քուրմի հանդիպեցի։ Զոհրաբն ես, չէ՞։ Մեր զրույցը կիսատ էր մնացել։ Ես մտածում էի, թե ինչպես կրկին հանդիպեմ ձեզ։ Ճամփորդում եմ Երեւանում, ուրեմն հենց մեր մեծ զորավարի կամքով էլ մեր այս հանդիպումը իմ ճամփորդության մաս կկազմի։ Մի հարց ունեմ. ո՞րն էր հեթանոսությանը՝ մասամբ արեւապաշտությանը, դիմելու մղիչ ուժը։ Մի՞թե հայությունն ունի դրա կարիքը։
– Հեթանոսական ծեսերը ամենեւին էլ չեն անհետացել,- ասաց քուրմը,- քրիստոնեական ծես չկա, որտեղ այս կամ այն չափով պահպանված չլինի հին հեթանոսական արարողությունը։ Հայոց աստվածները՝ Հայր Արան, Մայր Անահիտը, Վահագնը, Միհրը, Տիրը, Աստղիկը նվիրապետական սկզբունքով համակարգված էին միասնական դիցարանում, ունեին իրենց որոշակի տեղը՝ տաճարը, մեհյանը, դերն ու պաշտամունքը։ Եկեղեցական երաժշտության, երգերի մեջ էլ են դրանք առկա։
– Արեւագալի հեթանոսական երգերը պահպանվել են քրիստոնեական երժշտության մեջ,- ոգեւորված ասացի ես։
– Իհարկե, 7-րդ դարում կաթողիկոս Ներես Շնորհալու ստեղծած «Լույս, արարիչ լուսոյ», «Յարեւելից մինչ ի մուտս» երգերը հեթանոսական են: Բոլոր կարեւոր տոները հեթանոսությունից են ժառանգել։ Ու մենք ինչ-որ տեղ շնորհակալ ենք մեր եկեղեցուց, որ հարազատ են մնում հին ավանդույթներին, ծեսերին։
– Ո՞րն է ձեր գլխավոր գաղափարախոսությունը։
– Նժդեհյան «Ցեղակրոնությունն» է, որպես հավատք՝ «Արեւորդյաց հավատքը»։ Արորդյաց ուխտը մեր համայնքն է,- ասաց Զոհրաբը:- Երբ Նժդեհը գայլավաշտեր էր ստեղծում, գյուղից գյուղ էր մտնում, տղամարդկանց հավաքագրում, ամեն գյուղից հազիվ 15-20 հոգի էին գալիս։ Պարտությունից հետո նա Խուստուփ լեռան գագաթին մենակ մնաց, ու նա տեսավ զորության Աստծուն՝ Վահագնին։ Նա գաղափարախոսություն հիմնեց, որի հիմքում «Վահագնատեսությունն» էր, «Դավիթբեկյան ուխտերը»։ Դրանք Ցեղակրոնության հիմքերն էին։ Արդեն Մեծն Նժդեհը ոչ թե հավաքագրում էր, այլ ընտրում իր զինվորներին։ Նա ազատագրեց Սյունիքն ու այն պահպանեց որպես Հայաստանի անբաժանելի մաս։ Հանրահայտ է, որ այսօրվա Հանրապետական կուսակցության հիմքը հենց Նժդեհի ստեղծած գաղափարախոսությունն էր, որի ժառանգորդներից էին կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ուրիշներ։ Այդ կուսակցությունը ընդունել էր ցեղակրոն գաղափարախոսությունը։
– Ի՞նչպես եկաք հեթանոսության։
– Մեր քրմապետը Սլակ Կակոսյանն էր։ Նա 1964-ին յոթ հայրենասերների հետ ձերբակալվել էր։ Այն ժամանակ նրա անունը էդվարդ էր։ Նրան արտաքսում են ԱՄՆ, որտեղ գիրք է գրում Նժդեհի, նրա ուսմունքի մասին, գրում, որ զորավարը «Վահագնատես» է եղել։ Կակոսյանը սկսում է «ցեղակրոնի» նորոգումը։ Այստեղ էլ նրան ընտրում են քրմապետ, շնորհում «Սլակ» անունը։ Նա սերում էր հայոց Սլկունիների տոհմից։
– Ու Սլակ քրմապետի հետ հավատքը վերադարձավ Հայաստանի Հանրապետություն։
– 1990թ. մարտի 21-ին՝ Վահագնի ծննդյան օրը, Գառնիի տաճարում կատարեցինք քրմական առաջին ծեսը։
– Ո՞րն է ծեսի իմաստը։
– Մենք գործում ենք էներգետիկ դաշտերում։ Այդ էներգիան պետք է տաճարներից բերենք մեր ժողովրդին։ Ազգը այժմ էներգիայի, ոգու պակաս է զգում։ Ամեն տարվա մարտի 21-ը, հունիսի 22-ը, սեպտեմբերի 23-ն ու դեկտեմբերի 22-ը արեգակնային էներգետիկ գլխավոր կետերն են։ Մարտի 21-ը Վահագնի՝ հայոց Արեգակնային աստծո ծնունդն է։ Հին ձեռագրում ասվում է. «զԱրեգակն պաշտեցին եւ Վահագն կոչեցին»։ Ըստ առասպելաբանության՝ Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ուժերը մարմնավորող վիշապների դեմ, հաղթում, որի համար նրան «Վիշապաքաղ» մականունն են տվել։
– Նրա գլխավոր տաճարը Աշտիշատի մոտ էր, Քարքե լեռան լանջին։
– Այո, Գրիգոր Լուսավորչի բանակի զինվորները 301-ին ավերեցին այն, տաճարի փլատակների տեղում Գրիգորը եկեղեցի հիմնեց։ Հունիսի 22-ին ուխտի ենք գնում Խուստուփ, գագաթին դիմավորում արեւածագը։ Սեպտեմբերի 23-ին նշում ենք Սուրբխեչը։ Խաչը մինչ քրիստոնեությունն էլ ազգային խորհրդանիշ էր։ Պահպանվել է թոնրում ուլի մատաղի ծեսը։ Դա ոգիական ուխտ է։ Մեր նախնեաց ոգիական ուխտն է։ Թոնիրը վառելով մեր նախնիները զորավիգ են եղել ընտանիքին, նրա հարատեւությանը։ Դեկտեմբերի 22-ը Միհր-Միտրայի ծնունդն է, այդ օրվանից օրերը սկսում են երկարել։
– Կաթոլիկ քրիստոնյաները այդ օրը Սուրբ ծննդոց օր են համարել։
– Մենք նշում ենք Զատիկը, որը բեղմնավորման, զատվելու, Անահիտի տոնն է։ Ամեն ամսվա 27-ը Վահագնի օրն է։ Օգոստոսի 11-ը Նավասարդն է։ Այն ոչ թե նոր տարի է, այլ Հայկի հաղթանակի օրը, ինչպես ասված է՝ աշնանային գիշերահավասարից 40 օր առաջ։ Տոնական ծեսեր ենք կատարում նաեւ Էրեբունու Խալդի տաճարում, Մեծամորում, Կարմիր բլուրում։
– Ունե՞ք ձեր Սուրբ գիրքը։
– Իհարկե, Սլակ քրմապետի կազմած «Ուխտագիրքն» է։
– Կարո՞ղ եմ նայել,- դիմեցի ես ու ձեռքս առա «Ուխտագիրքը», որը նվիրված է Ամենայն Հայոց քրմապետ Սլակ Կակոսյանի հիշատակին։ Գիրքը սկսվում է Հայաստանի գերագույն քրմապետ Սլակ Կակոսյանի ուղերձով. «Ո՜վ, Արի Հայ, ի՞նչ չարի Աստված, երբ ինքդ ես Աստված՝ Արայից սերված Արորդի ես դու, Աստվածամարդ ես դու, բոլոր մարդկային ցեղերի մեջ միակ արարող զորությունն ես դու, եւ Արայի որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագայթումն ես դու։ Էլ ի՞նչ ես որոնում քեզնից դուրս, զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է, սե՞ր՝ սերը քո մեջ է, իմաստությո՞ւն՝ իմաստությյունը քո մեջ է։ Հրաշալի էակ ես դու, ո՜վ, Արի Հայ…
Դու երբեւէ չե՞ս նայել Արեգակին, ո՛չ թե մայրամուտի, այլ արշալույսի Արեգակին եւ նրա ճատագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո Սկիզբը եւ խորհել, թե ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ ծագում ունես»։
«Վահագնի ծնունդը» բանաստեղծությանը հետեւում է. «Ցնծա՛, բյուրվիշապ Արարատ Աշխարհ՝ փրկության Աստված Վահա՜գնն է գալու։ Գալու է Չարի վիշապին սպանելու եւ Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից։ Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն»։
Այն կազմված է ութ գրքերից։ Առաջինը կոչվում է «Հայոց լեզվի խորհրդարան», երկրորդը՝ «Արարատյան ծագումնաբանություն», երրորդը՝ Ավետարան (արիական հասկացություն է), չորրորդը՝ «Ձոնարան», հինգերորդը՝ Վեհարան (առասպելացված Նժդեհի կյանքն է), վեցերորդը՝ Պատգամարան, որը Նժդեհի ուսմունքն է, յոթերորդը՝ Հիմներգարան, հին աստվածություններին նվիրված երգերը, ութերորդը՝ Արտի օրենքը (արարչական օրենքները, որոնց պետք է հետեւեն արորդիները)։
– Որեւէ նեղություն տալի՞ս են ձեզ։
– Ոչ, նման բան չի եղել։ Բայց կա մի աներեւույթ պատ, որից այն կողմ չենք կարող անցնել։ Ողջ գովազդային դաշտը քրիստոնեական է։ Եթե առաքելական չես, ուրեմն եւ հայ չես։ Նման դոգմայի պատճառով միլիոնավոր հայերի կորուստ ենք ունենում։ Իսկ իրականում ավելի ճկուն քաղաքականություն պետք է վարել՝ հենց ելնելով ոչ թե կրոն-կուսակցության, այլ ազգի շահերից։
– Այսօր դա ավելի ակտուալ է՝ նկատի ունենալով Թուրքիայում բռնի հավատափոխ եղած հայերի ժառանգներին, որոնց մեջ դեռեւս պահպանվել է ազգային հիշողությունը։
– Կարծում եմ, որ մեր ժողովրդին շատ է պետք այս հավատքին գալը։ Մենք չենք ուզում, որ որեւէ հակամարտություն լինի քրիստոնեության կամ կուսակցությունների հետ։ Մարդիկ ազատ են իրենց ընտրությունում, սակայն նա պարտավոր է պահել ազգությունը, նվիրված լինել իր ժողովրդին։
– Այսօր ամենավտանգավորը հայորդիների համար ԱՊՀ երկրներում ստեղծված իրավիճակն է։ Երեք միլիոնի կորստի առաջ ենք կանգնած։ Երբ ես ցուցահանդես էի տարել Մոսկվա, ինձ ասացին, որ 15 տարով ուշացել եմ, ու այլեւս ետ ճանապարհ չկա։
– Մենք նյութական ոչ մի միջոց չունենք, որ փորձենք դուրս գալ հանրապետության սահմաններից։
– Նոր տեխնոլոգիաները հրաշալի հնարավորություն են ստեղծում մարդկանց իրար կապելու համար։ Մեր «Շուշի» հիմնադրամը ութ վեբ կայք ունի։
– Մենք նման հնարավորություններ դեռեւս չունենք։
– Նոր քրմապետ ունե՞ք։
– Քրմապետությունը ժառանգական է։ Սլակի որդիները պատրաստ չեն ընդունելու այս ուխտը։ Համայնքը ղեկավարում է քրմական խորհուրդը։
– Ծեսերը ի՞նչ հանդերձներով եք կատարում։
– Թիկնոցն է՝ հավերժության կամ ութթեւանի խաչով եւ որպես զորության խորհրդանշան՝ թուրը։ Կան սպիտակ, կապույտ եւ կարմիր թիկնոցներ՝ կապված քրմական աստիճանի հետ։ Քրմապետինը ծիրանագույնն է։ Այն ավանդաբար թագավորական թիկնոցի գույնն է եղել։ Երբ 1992-ի մարտի 21-ին Հանրապետական կուսակցության ողջ կազմը կնքվեց Գառնիում, քրմապետ Սլակն ասաց. «Երբ Հայաստանում վերականգնվի թագավորությունը, իմ ծիրանի թիկնոցը հանդիսությամբ Հայոց թագավորին կհանձնեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել