Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԳԱՂՏՆԻ ՆԿՐՏՈՒՄՆԵ՞Ր ՈՒՆԻ

Հուլիս 30,2010 00:00

Կամ անորակ դասագրքերի թողարկումը հատուկ քաղաքականություն է

Միասնական եւ բանավոր քննությունների արդյունքում բացարձակ «ռեկորդակիր» է ռուսաց լեզուն: Բոլոր լեզուների շարքում ռուսերենի միասնական եւ բանավոր քննությունների միջին միավորներն ամենացածրն են. միասնականից՝ 11,2, բանավորից՝ 8,52: Այս խայտառակ պատկերը մասնագետները մեկնաբանում են՝ հաշվի առնելով տարբեր գործոններ: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր մանկավարժ, Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Մանկավարժական եւ սոցիալական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Բելլա Եսաջանյանն ու ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության առաջատար մասնագետ, ռուսաց լեզվի խորացված ուսուցման դասագրքերի հեղինակ Լիլյա Բալասանյանը ռուսաց լեզվից գրանցված մեղմ ասած անմխիթար վիճակն առաջին հերթին կապում են ռուսերենի խայտառակ վատ դասագրքերի հետ: Տիկին Եսաջանյանը նկատեց. «Ռուսերենի դասագրքերի գործն այժմ խառն է, քանի որ, ցավոք, մեթոդական եւ մանկավարժական հարցեր է ներխուժում քաղաքականությունը, եւ փոխանակ մասնագետները զբաղվեն ռուսերենի մեթոդիկայով, շատերը հաճոյանալու քաղաքականություն են վարում: Համաշխարհային բանկի՝ մեր երկրում ծավալած քաղաքականությունը հատուկ նպատակներ է հետապնդում: Ամերիկացիներին պետք չեն խելացի հայեր, նրանք ընդամենը բանվոր են պատրաստում, ոչ թե նպաստում, որ Հայաստանը զարգանա գիտության ոլորտում»:
Դառնալով մեկ այլ բացասական միտման, տիկին Եսաջանյանը նկատեց. «Ռուսերենը միտումնավոր նսեմացվում է. պրեստիժն աշխատում են գցել: Բայց աշակերտները ռուսերենի կարիք ունեն, դա է վկայում ռուսական կենտրոնի կազմակերպած ռուսերենի կուրսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Կարծում եմ՝ Հայաստանին օգտակար կլինի երկլեզու կրթությունը, որ այլեւս չխոսենք օտարալեզու կրթության մասին»:
Ըստ պրոֆեսորի՝ ռուսերենի դասագրքերի մյուս թերությունն այն է, որ դրանց կազմման աշխատանքներին չեն մասնակցում ուսուցիչները. «Համաշխարհային բանկի երաշխավորած դասագրքերի հեղինակային կազմում ոչ մի ուսուցիչ չկա, այնտեղ հեղինակներ կան, որ անգամ չգիտեն, թե գրատախտակը դասարանում որտեղ է կախված: Ռուսերենի դասագրքերի միջեւ չկա հաջորդականություն, այսինքն, օրինակ, 4-րդ դասարանի դասագիրքը չի հենվում 3-րդի վրա, քանի որ դասագիրք գրողները շարժվում են իրենց քմահաճույքով… Ռուսերենի դասագիրք ստեղծելու համար այս տարի հանձնաժողովներ հրավիրեցին ուսուցիչների եւ բուհական աշխատողների: Սակայն այնպես սարքեցին, որ դասագիրք ընտրելիս հենվեն բուհական աշխատողների կարծիքի վրա»:
Լ. Բալասայնանն այս առիթով հավելեց, որ ընտրվել է խայտառակ դասագիրք, որի մասին ուսուցիչները բացասական կարծիք ունեն: Օրինակ՝ դասագրքի 60 տոկոսը նվիրված է գոյական թեմային, թե երբ են հասցնելու մյուս թեմաներին եւս անդրադառնալ՝ հարցը մնում է օդում:
Դառնալով ընդունելության քննություններին՝ տիկին Բալասանյանը վրդովվեց. «Մարզերում կան ուսուցիչներ, որոնք չունեն համապատասխան գիտելիք ռուսերեն դասավանդելու համար. անգամ ռուսերեն խոսել չեն կարողանում: Ուստի դպրոցի տնօրենները որակով աշխատող, բայց թեկուզ թոշակի տարիքի կադրերին պետք է բաց չթողնեն: Այսօր ունենք չիմացող ուսուցիչ, որը կարծում է՝ այլեւս սովորելու բան չունի, քանի որ գործ ունի անբավարար մակարդակի դասագրքի հետ: Ունենք նաեւ «գիտնականներ», որոնք կարծում են՝ քերականությունը, ռուս գրականությունը երեխային պետք չեն, այլ վստահ են, որ ուսուցիչ-աշակերտ իրար գնդակ նետելով երեխային կարող են լեզու սովորեցնել: Դա անընդունելի մեթոդ է: Մեր ուսուցիչները գնում են այդ դասընթացներին «գալոչկա» ստանալու համար, հետո գալիս են, ծիծաղում ու վրդովված պատմում»: Լ. Բալասանյանն առանձնացրեց ռուսերենի դասագրքերի մեթոդական եւ քերականական որոշ թերություններ. «Եթե երեխան տուն է գնում եւ դասագրքի վարժությունը չի կարողանում առանց ուսուցչի լուծել, ապա դա դասագրքի թերությունն է: Կամ, օրինակ, անգամ 2-րդ դասարանի ռուսերենի դասագրքերում առաջադրանք կա՝ տանը գրել շարադրություն: 1997-ին ստեղծվեցին դասագրքեր, որոնցում նույն տեքստը ընդգրկված էր 4-րդ, 7-րդ եւ 9-րդ դասարանների դասագրքերում: Դրանք Համաշխարհային բանկի դասագրքերն էին, որոնց հեղինակային հանձնաժողովների անդամներն այժմ դարձել են «մեթոդիստներ» եւ շարունակում են իրենց վնասակար գործունեությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել