Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԼԻՁՈՐՑԻՆԵՐԸ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԵՆ ԿԱՊՈՒՄ

Օգոստոս 03,2010 00:00

«Հալիձորում կյանքը մեռած է, գազ, ոռոգման ջուր չկա, խմելու ջուրը դույլերով, բիտոններով լցնում ենք, 2-3 օր պահում, օգտագործում: Հին Հալիձորում ջուր ունենք, էնտեղից էշերով, ձիանցով գնում, ջուրը բարձում, բերում ենք»,- գյուղամեջում հավաքված հալիձորցիներից 76-ամյա Քերոբ Բախշյանը կամ, ինչպես գյուղացիներն են ասում՝ գյուղի «ագիտատորը», այսպես արձագանքեց, երբ իմացավ, որ մայրաքաղաքից լրագրող է եկել, ու ինչպես բնութագրեցին՝ «թիթիզ», «ձեւական» բաները նկարելուց բացի, հետաքրքրվում է նաեւ գյուղացիների ապրելակերպով:
 Հալիձորցիներն օրվա մեծ մասն անցկացնում են փողոցում՝ նարդի են խաղում, խոսում կառուցվելիք Հալիձոր-Տաթեւ ճոպանուղու ու նաեւ այն մասին, թե ինչ օգուտ է այն իրենց տալու: «Ճոպանուղին արտասահմանից եկողների համար է, կարո՞ղ է ես ճոպանուղի նստեմ, քյամ Տաթեւ: Տիլիվիզորով եմ լսալ, լրաբերը բաց չեմ թողըմ, ասեցին՝ ճոպանուղին կառուցելու հետ մեկտեղ Հալիձորի թիթեղնին (տանիքները- Լ. Խ.) ալ կփոխվի, բայց եկալ էին ստեղ, ժողով արել, մինն ալ հարց տվավ, ասացին՝ ըտենց հարց չկա: Իրենք հյուրանոցներ կսարքին, բիզնես կանին, մե՞զ ինչ»,- դժգոհեց գյուղի «ագիտատորը»: Հալիձորի բնակիչ Վրեժն էլ մեր հարցին ի պատասխան՝ այսպես արձագանքեց. «Թողնո՞ւմ են, որ ազատ խոսենք, բռնապետական երկիր է, մենակ ձեր թերթն է, որ ազատ գրում է»: Ապա դժգոհեց, թե իրենց հողերը «զոռով» վերցնում են՝ հյուրանոց սարքելու համար, ու չնչին գումար տալիս. «1 հա-ին 1 մլն դրամ գումար են տալիս: Հասել եմ մինչեւ Սահմանադրական դատարան: Էնտեղից էլ պիտի Եվրոդատարան գնամ»: Ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Վանիկ Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է խնդրին: Պատասխանեց. «Կոնկրետ գործարքներից տեղյակ չեմ, բայց, քանի որ յուրաքանչյուր գործարք ըստ համաձայնության է արվում, չեմ կարծում, որ բռնի ուժով ինչ-որ բան են առնում գյուղացուց»:
 Ինչ վերաբերում է ճոպանուղուն, Հալիձորի բնակիչ Վրեժն ասաց. «Ասենք ճոպանուղին կառուցեցին, սրանով գյուղացու վիճակը փոխվում ա՞: Ճոպանուղին պետությանն է օգուտ տալու, մեզ ոչինչ չի տալու: Մենակ ասելու են՝ Հալիձորի ճոպանուղին է»: 50-ամյա Սմբատ Մուսայելյանն էլ կարծում է. «Ճոպանուղու կառուցումը կփոխի մեր բարքերը՝ մաքրությունը, անաղարտությունը կկորչի, ամեն ինչ կեվրոպականացվի»: 6 երեխաների մայր, 55 տարի բուժքույր աշխատած թոշակառու 81-ամյա Անիկ Աբգարյանը հույս ունի, որ ճոպանուղու կառուցման հետ մեկտեղ վերջապես ճանապարհ, ջուր, գազ կունենան, բայց որ երեխաները մի օր նորից Հալիձոր կվերադառնան, վստահ չէ. «5 աղջիկ եմ պերալ, մին հատ տղա, էդ տղան էլ թողալ ա, փախալ մեզանից: Լեհաստան է քյացալ, ինքը դպրոցում դիրեկտոր էր, կինն ալ՝ դասատու: Ասում եմ՝ խի՞ եք թողում, քյում, ասում ա՝ տյու լյավերը տեսալ չես, մենք քյում ենք՝ լյավ տեղ ապրենք…… դե, մենք էլ մնացել ենք, փեդի ձեռք ենք ամառ-ձմեռ էրվում»: Այսպես են գոյատեւում Տաթեւի վանական համալիր տանող 3 գյուղերի՝ Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի այն բնակիչները, ովքեր մինչ այսօր, ինչպես իրենք են ասում՝ չգիտեն էլ՝ ինչպե՞ս եւ հանուն ինչի՞ են մնացել հայրենի բնակավայրում……
Օրերս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը լրագրողների համար ուղեւորություն էր կազմակերպել դեպի Տաթեւ, որպեսզի լուսաբանեինք, թե ինչպես են ընթանում աշխարհի ամենաերկար՝ 5.7 կմ երկարություն ունեցող Հալիձոր-Տաթեւ ճոպանուղու աշխատանքները, սեփական աչքով տեսնեինք Տաթեւի Ձիթհանը, ներկա լինեինք Տաթեւի վերականգնմանը նվիրված շարադրությունների մրցույթի ամփոփմանը: Դրա հետ մեկտեղ ստիված լինեինք եւս մեկ անգամ դիմադրել Գորիսից մինչեւ Տաթեւ տանող, այսպես կոչված, «ճանապարհի» անտանելի փոշուն: Վանիկ Վարդանյանը փոխանցեց, որ հոկտեմբերին, ճոպանուղու բացման ժամանակ, կլինի նաեւ վերանորոգված ճանապարհ. «Պատրաստ է լինելու 26 կմ ճանապարհը՝ մայրուղուց մինչեւ վանք, մինչեւ Հալիձորի կայան ասֆալտ է լինելու, իսկ մինչեւ Տաթեւի վանքը՝ գրունտային ճանապարհ»: Ծրագրի ղեկավարի խոսքին, մեղմ ասած, դժվար էր հավատալ, որովհետեւ Հալիձորից դեպի Տաթեւ ճանապարհների «մասով» դեռեւս ոչ մի աշխատանք չէր տարվում, իսկ ճոպանուղու շինարարական աշխատանքներն ավարտական փուլում էին, սարքավորումներն արդեն տեղադրված էին, շվեյցարացի մասնագետներն ավարտում էին էլեկտրոնային սարքավորումների մոնտաժը, ձգում ճոպանները: Հոկտեմբերի 16-ին մեծ շուքով կլինի ճոպանուղու բացումը: Ինչպես փաստեց ճոպանուղու կառուցման ծրագրի ղեկավար Արտաշես Կազախեցյանը, ըստ վիճակագրության, ճոպանուղիներն աշխարհում ամենից անվտանգ տրանսպորտային միջոցն են հանդիսանում: Կառուցվող ճոպանուղին ունի համակարգչային կառավարում, խուսափում է քամու, հոսանքի տատանումներից: Ղեկավարն ասաց, որ նախատեսել են կառուցապատել նաեւ կայանների շրջակայքը, վերականգնել կանաչ տարածքները, ունենալ գեղեցիկ պուրակ, շրջակայքում կկառուցվեն հյուրանոցներ, տուրիստական կենտրոններ եւ այլն: Ծրագրի ղեկավարը, սակայն, զարմանում է տեղի բնակիչների վերաբերմունքից, ասում է՝ ժողովուրդը ծրագրի նկատմամբ չափազանց վատ է տրամադրված, խոսակցություններ են շրջանառվում, թե չգիտես որտեղից ապամոնտաժված ճոպանուղի են բերել կամ փնտրվող ուրանը ճոպանուղու սարքերով պետք է տեղափոխեն եւ այլն: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է բացատրում ժողովրդի բացասական տրամադրվածությունը: Պատասխանեց. «Երեւի այս մարդկանց կյանքում երկար ժամանակ ոչ մի լավ փոփոխություն չի կատարվել»: Ա. Կազախեցյանը վստահեցրեց. «Այս կարգի սարքավորումները պատրաստվում են գործարաններում՝ կոնկրետ պատվերի համար»: Իսկ թե ինչպես կանդրադառնա ճոպանուղին մարդկանց ապրելակերպի վրա, ասաց. «Ինքներդ եք տեսնում՝ ճանապարհը հիմնովին վերանորոգվում է: 70-ականների ճանապարհ էր, ստիպված ենք նորը կառուցել: Սա կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների մուտքը դեպի Տաթեւ»: Ճոպանուղու ամենաբարձր կետը 330 մետրն է: Հետաքրքրվեցինք նաեւ, թե՞ ինչ կարժենա ճոպանուղուց օգտվելը: Ա. Կազախեցյանն ասաց. «Տեղացիների համար հատուկ մոտեցում կլինի: Զբոսաշրջիկների համար կլինի տրամաբանական գին՝ ընդունված բոլոր եվրոպական երկրներում՝ 10-20 եվրոյի կարգի՝ երկկողմանի ճանապարհի համար»: Վագոնները, որոնցից յուրաքանչյուրում տեղավորվում է 25 հոգի, շարժվելու են միաժամանակ եւ Հալիձորի կայանից Տաթեւ կհասնեն 11 րոպե 25 վայրկյանում: Ծրագրի ղեկավարի խոսքով, բնակիչները եւս ներգրավված են շինարարական աշխատանքներին, այժմ էլ հավաքագրում են մեխանիկների եւ էլեկտրիկների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել