Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր է իմ հանգուցյալ հոր աճյունը»

Օգոստոս 03,2010 00:00

Գերեզմանում այլ հանգուցյալի են թաղել

Երեւանի Օստրովսկու փողոցի 23 տան բնակիչ Աշոտ Չիթիրյանը այս տարվա հուլիսի 12-ին քրոջ՝ Անահիտ Հովհաննիսյանի հետ այցելում է Սովետաշենի գերեզմանատուն, ուր 1991թ-ից ամփոփված է Հայրենական պատերազմի մասնակից հոր, 2-րդ կարգի հաշմանդամ Հովհաննես Սուրենի Չիթիրյանի աճյունը (առկա է ՀԽՍՀ Երքաղխորհրդի գործկոմի բնակչության հատուկ սպասարկման կոմբինատի թիվ 20548 գերեզմանի վկայականը):
Սակայն տեղում զարմանքով հայտնաբերում է, որ գերեզմանը պղծված է, քանի որ այնտեղ մեկ այլ հանգուցյալ էր ամփոփվել եւ այլ հուշաքար էր տեղադրված:
Աշոտ Չիթիրյանն ասում է, որ հոր մահվանից հետո կարողացել էր քարե պատ շարել, իսկ քանի որ 81-ամյա մայրը դեռ անկողնային վիճակում է, հնարավորություն չեն ունեցել հոր գերեզմանաքարը պատվիրել:
Նա անմիջապես դիմում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Հ.Սուքիասյանին, ոստիկանապետին՝ պահանջելով հայտնաբերել հանցագործներին: Ա. Չիթիրյանի դիմումն ավարտվում էր «Վերադարձրեք մեզ մեր հոր գերեզմանը» պահանջով: Ա. Չիթիրյանը դիմում է նաեւ «Բնակչության հատուկ սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը: Տնօրեն Վ. Սուքիասյանը հուլիսի 27-ին թիվ 166 գրությամբ պատասխանում է. «Սույնով հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված տարածքը հանդիսանում է հանգուցյալ Գրիգոր Խաչատրյանի գերեզմանատեղը: Մեր աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննություն՝ մետաղյա ձողով: Արդյունքում պարզվել է, որ նշված տարածքում հուղարկավորված է հանգուցյալ Գրիգոր Խաչատրյանը, որը հուղարկավորվել է 2009թ-ին: Տարածքը ցանկապատված է քարով, տեղադրված է տապանաքար եւ հուշաքար՝ նկարով»:
Եթե տարածքում «տեղազննություն» է կատարվել, ապա այս դեպքում պարզ չէ, թե ինչ եղավ հանգուցյալ Հովհաննես Չիթիրյանի աճյունը: Ո՞ւր է այն:
Ըստ էության մենք գործ ունենք ոչ միայն գերեզմանապղծության, այլեւ աճյունի… գողության հետ:
Աշոտ Չիթիրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմելու է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայրենքի զինվորի գերեզմանի անհետացման հարցով:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել