Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնություն. մտորումներ հասարակածը հատելիս

Օգոստոս 03,2010 00:00

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը 15-րդ տուրով հատեց հասարակածը: Առաջին երկու շրջանները բազմաթիվ՝ հաճելի ու ոչ այնքան, անակնկալներ մատուցեցին հայկական ֆուտբոլի սիրահարներին:

Մինչ առաջնության մեկնարկը, ֆուտբոլի մասնագետները խոսում էին այս մրցաշրջանում հինգ թիմերի ակնկալվող գերիշխանության մասին: Ավանդական առաջատար քառյակին այդ կանխատեսումներում միանում էր նաեւ բարձրագույն խմբի նորեկ «Իմպուլսը»: Թե ի՞նչ գործոնների հաշվին էին դիլիջանցիները դասվում չեմպիոնության համար պայքարող թիմերի ցանկում, բարդ է ասել, մանավանդ որ, ի տարբերություն քառյակի, այս ակումբի պարագայում հայտնի չեն այն մարդիկ, ովքեր սեփականատեր լինելով՝ որոշակի կայունություն կհաղորդեին թիմին, որի ենթակառույցները դեռ զարգացած չեն… Հնարավոր է՝ «Իմպուլսին» վերագրվող սպասելիքներն ավելի շատ զգայական հիմք ունեին, քան նյութական հիմնավորում: Ու, ինչպես ամեն նորի՝ դիլիջանցիների պարագայում էլ փոփոխությունների անհրաժեշտությունն այնքան մեծ էր, որ ցանկալին ներկայացվում էր իրականի տեսքով: Իսկ իրականությունը 15 խաղում վաստակած 20 միավորն է՝ խփած 13 գոլով, 5-րդ հորիզոնականն ու առաջատարի հետ 18 միավորի տարբերությունը:
Ցավոք, ստիպված ենք փաստել, որ առաջին երկու շրջանները ցույց տվեցին, որ ոչ թե հինգ, այլ անգամ չորս թիմ չեն պայքարելու չեմպիոնության համար: Ակտիվ ու թվացյալ արդյունավետ նախապատրաստական փուլ անցկացրած փոխչեմպիոն «Միկան» մեկնարկային խաղում հաստատեց իր չեմպիոնական ամբիցիաները՝ 4-0 հաշվով ջախջախելով «Բանանցին»: Սակայն մի քանի տուր անց առաջին հորիզոնականում շրջանցելով «Փյունիկին»՝ «Միկայի» հեքիաթը շատ արագ ընդհատվեց: Թիմը հայտնվեց անհասկանալի ձախողումների ոլորապտույտում՝ տարօրինակ ու երբեմն անհասկանալի փոփոխությունների ենթարկվելով թե ղեկավար, թե մարզչական ու թե մարզական կազմում: Այսօր՝ 15 տուրերից հետո, նախորդ տարվա փոխչեմպիոնն ամբողջ 16 միավորով զիջում է առաջատարին ու ընդամենը 22 միավորով հանգրվանել է 4-րդ հորիզոնականում՝ գրանցելով հաղթանակների նույն թիվն, ինչ առաջնության նորեկ «Իմպուլսը»:
Առաջատար հնգյակում ակնկալիքներին համարժեք արդյունք է ցույց տվել միայն «Ուլիսը»: Թեեւ մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբի ներկայացուցիչները խոսում էին բացառապես չեմպիոնության համար պայքարի մասին, այնուամենայնիվ, դժվար էր ենթադրել, որ ոչ այնքան զարգացած ենթակառուցվածք ունեցող այս թիմը կկարողանա հասնել այդ բարձունքին: Բայց կասկածից դուրս էր նաեւ այն, որ «Ուլիսն» արդեն իսկ ունի որոշակի խաղային ձեռագիր ու պատմություն, առաջատարների հետ հավասար խաղալու ունակություն: Ուստի, առաջին երկու շրջաններում ցուցադրած ֆուտբոլն ու զբաղեցրած տեղը եռյակում համապատասխանում են այս թիմի նպատակներին, հնարավորություններին եւ ամբիցիաներին: Այժմ Սեւադա Արզումանյանի սաները 32 միավորով 2-3-րդ հորիզոնականներն են բաժանում նախորդ տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկի» հետ:
Մրցաշրջան 2010-ի գլխավոր սենսացիան ոչ այնքան «Բանանցի» միանձնյա առաջատար լինելն է եւ 6 միավորի տարբերությունը մոտակա հետապնդողից, այլ՝ «Փյունիկի»՝ առաջին հորիզոնականը տեւական ժամանակ զիջելը: Սակայն վերջին ամսում Վարդան Մինասյանի թիմը էական համալրում է ստացել ի դեմս Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հովհաննես Գոհարյանի ու Էդգար Մանուչարյանի: Ուստի՝ առաջնության երկրորդ կեսում Հայաստանի բազմակի չեմպիոնն ամեն կերպ ճնշումը կուժեղացնի մրցակիցների դարպասին՝ փորձելով ետ բերել բաց թողածը: Իսկ մինչ այդ, Ստեւիցա Կուզմանոսկու «Բանանցը» նշում է իր հաղթարշավի օրերը: Այս թիմը 2010-ին ներքին առաջնությունում տոնել է 10 անընդմեջ հաղթանակ, որը ոչ միայն ընթացիկ լավագույն արդյունքն է, այլեւ թիմի՝ 1992 եւ 1993 թվականներին գրանցված ռեկորդային ցուցանիշի կրկնությունն է: Իհարկե, եվրալիգայում ցուցադրած անդեմ ու պարտվողական ֆուտբոլը փոքր-ինչ խամրեցրեց առաջնությունում Կուզմանոսկու թիմի հաջողությունները, բայց քանի որ եվրամրցաշրջանը մեզ համար արդեն փակված է, մնում է հուսալ, որ «Բանանցը» ոչ միայն իր խաղի գույները կվերականգնի, այլեւ՝ նորանոր երանգներ կավելացնի առաջնության ներկապնակին:
Ինչ վերաբերում է մրցաշարային աղյուսակի ստորին հատվածի գունային գամմային, այստեղ ոչ թե գույների խամրածություն, այլ՝ պակաս է նկատվում: Ու դա այն պարագայում, որ գործ ունենք միանգամայն տարբեր տպավորություն թողած երեք թիմերի հետ: «Կիլիկիան» մրցաշրջանի առաջին կեսի մեկնարկային տուրերում մի քանի անակնկալի հեղինակ դարձավ, անգամ՝ մրցաշարային աղյուսակը գլխավորեց: Սակայն շատ արագ հանձնվեց ու տրվեց հոսանքին: Այժմ 10 միավորով ու 11 պարտություններով թիմը նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում է: Կապանի «Գանձասարից» սպասելիքները, գրանցած արդյունքի տեսքով, թեեւ մեծ չէին, սակայն երկու շրջաններում ցուցադրած անատամ ֆուտբոլը, միեւնույն է, չէր համապատասխանում բոլոր ակնկալիքներին: Պարզ է մի բան. մարզերում ֆուտբոլի խնդիրներով առանձնապես չեն զբաղվում: Ասվածը հաստատում է նաեւ Գյումրիի «Շիրակը»: Անկախ Հայաստանի բոլոր առաջնությունների մասնակից միակ մարզային թիմն այսօր կործանվում է: Գյումրին, Շիրակի մարզը, որ միշտ չեմպիոնների դարբնոց են եղել, այսօր իրենց ղեկավարության անթասիբության հետեւանքով անտերության են մատնել իրենց ֆուտբոլիստներին: Ու խոշոր հաշվով պարտությունները ոչ այնքան զարմանալի, որքան օրինաչափություն են դարձել, իսկ մասնակցությունը, թիմի մնալն առաջնությունում արդեն հարցականի տակ է դրվել: «Շիրակն» այսօր հայկական ֆուտբոլի ողբերգության հայելին է ու մրցաշրջան 2010-ի բարձրացրած ամենակարեւոր խնդիրը: Կհաջողվի՞ լուծել այն՝ կունենանք նաեւ հույսեր, չի՞ հաջողվի՝ ուրեմն ամբողջ համակարգը (ընդ որում՝ ոչ միայն ֆուտբոլային, այլեւ՝ մարզական կառավարման) վիրահատական միջամտության կարիք կունենա: Առաջիկա 13 տուրերը բախտորոշ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031