Լրահոս
Օրվա լրահոսը

Անօրինական ոչինչ չկա

Օգոստոս 11,2010 00:00

Պատասխան «Առավոտի» հունիսի 1-ի՝ «Որտեղ փնտրել արդարությունը» հրապարակմանը

Թե «Պրոգրես» համալսարանի տնօրինությունը որեւէ կեղծիք թույլ չի տվել, որեւէ մեկի իրավունքները չի ոտնահարել: Ավելին, հանդես է բերել մեծ մարդասիրություն, ապօրինաբար ուրիշի տարածքները զբաղեցնողներին առաջարկել է բնակարանների գնման վկայագրեր, մեծ գումարներ՝ բնակարաններ գնելու համար, խաթարելով ուսումնական գործընթացների համակողմանի կազմակերպումը՝ տեւական ժամանակ լռել ու չի կամեցել փողոց նետել իբր անօթեւաններին, որոնք ապահովված են բնակարաններով, որոնցից մի քանիսը մարզի տարբեր բնակավայրերում սեփական տներ ունի: «Պրոգրես» համալսարանի տնօրինությունը երբեք դատարաններ չի դիմել, «բողոքողների» դեմ նամակներ չի հորինել, այլ հավատացել է բանականությանն ու ճշմարտությանը, որովհետեւ, ի վերջո, «անօթեւանների» անամոթ խաղերը չեն կարող հավերժական լինել… Հիմա նորից նույն այդ մարդկանց բողոքն է հայտնվել հերթական  դատարանում… Գյումրի քաղաքի Տիգրան  Մեծի թիվ 1 հասցեում գտնվող «Պրոգրես» համալսարանի շենքը նրան է տրվել 2002 թ., միանգամայն օրինականորեն՝ հիմք ընդունելով ՀՀ օրենքները: Նշյալ հասցեում գտնվող եւ նախկինում ՀՍՍՀ  կապի նախարարությանը պատկանող շենքը կառուցվել է դեռեւս 1952թ., իսկ 1988-ի երկրաշարժից հետո գրեթե հիմնովին ավերվել եւ մատնվել անտերության՝ այլանդակելով նաեւ քաղաքի վարչական կենտրոնի նկարագիրը: Այս շենքն ի սկզբանե կառուցվել է որպես մեկ միասնական կառույց եւ ունեցել մեկ հասցե, որը պահպանվել է մինչ օրս: Մինչդեռ թերթին ու դատարաններին մոլորության մեջ գցող, այսպես կոչված, անօթեւանները անվերջորեն պնդում են այն մասին, թե իբր շենքի մի հատվածը՝ 350 քմ տարածքով, գրանցվել է որպես Թբիլիսյան խճուղի 59 շենք, որում էլ 1978 թվականից ապրում են իրենք: Նրանց պատճառաբանության հիմքում մի տեղեկանք է, որը չունի իրավական ուժ եւ հիմնավորում, ավելին, այն հաստատում է մեկ այլ պաշտոնյայի անիրազեկությունը եւ, մեղմ ասած, ոչ օբյեկտիվ մոտեցումը: 2003 թ. նոյեմբերի 21-ին «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ հեռահաղորդակցության Հյուսիս-Արեւմտյան տարածքի տնօրեն Հ. Նալբանդյանը «հավաստել» է այն մասին, թե իբր տվյալ «անօթեւանները» բնակվում են Թբիլիսյան խճուղի 59 հասցեում: Թե ՀՀ կառավարության, թե Գյումրու քաղաքապետարանի, թե Անշարժ գույքի պետական կադաստրի որեւէ որոշման ու հատակագծման մեջ գոյություն չունի այս հասցեով հաշվառված շինություն: ՀՀ կառավարության (1998թ. 09.12) թիվ 81 որոշմամբ հաստատվում է, որ նախկին փոստատան տարածքի 2400 քմ-ն հատկացվում է Շիրակի մարզպետարանին՝ այստեղ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություն հիմնելու, իսկ 350 քմ-ն տրվում է ՀՀ կապի նախարարությանը՝ հեռախոսակայան կազմակերպելու համար: Այդ շենքում ապրող բնակիչների, նրանց առանձին հասցե ու տարածք հատկացնելու մասին որեւէ որոշում եւ հիշատակություն չկա:
Արդեն մեր կողմից հիշատակված՝ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կապի նախարարության տնօրինության տակ գտնվող եւ նրա կողմից չօգտագործվող նախկին փոստատան շենքը, ի թիվս այլ շինությունների, հանձնվել է Շիրակի մարզպետարանին՝ սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների կառուցման համար: Մարզպետ Ֆելիքս Փիրումյանի հանձնարարությամբ հայտարարվել է մրցույթ, տրվել են համապատասխան բացատրություններ, ապահովվել է մրցույթի հրապարակայնությունը, սակայն իրենց անօթեւան համարող եւ տարածքի նկատմամբ իբր օրինական լիազորություններ ունեցող անձանցից ոչ մեկը չի մասնակցել մրցույթին, չի կամեցել իրավական ճանապարհով դառնալ գույքի տեր: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ: Պատճառն այն է, որ թե տվյալ ժամանակաշրջանում, թե հիմա այդ բողոքավորներից որեւէ մեկը անօթեւան չի համարվել, բնակարանի կարիք չի ունեցել եւ միայն հիմա, երբ մտադրություն կա սույն տարածքը վաճառելու «Եհովայի վկաներ» կազմակերպությանը, նրանք «անսպասելիորեն» դարձել են անօթեւաններ եւ վիճարկում են «Պրոգրես» համալսարանի իրավունքները…
Այստեղ պետք է մեկ այլ պարզաբանում եւս ներկայացնել, որպեսզի մեկ անգամ էլ պարզ դառնա, այսպես կոչված, անօթեւանների «իրական» շահը: ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, հիմք ընդունելով կառավարության ինչպես վերոնշյալ, այնպես էլ (2001թ. 10.01) թիվ 15 որոշումները, փոստատան նախկին շենքը վերակառուցելու ցանկություն հայտնած եւ ֆինանսական բավարար միջոցներ ունեցող «Պրոգրես» համալսարանին է հանձնել այն՝ ունենալով բոլոր լիազորություններն ու իրավասությունները: Բանն այն է, որ սույն շենքը Շիրակի մարզպետարանին որեւէ մեկի կողմից չի հանձնվել, Շիրակի մարզպետարանն այն իր հաշվեկշիռ է ընդունել միակողմանի ակտով՝ գրեթե որպես տիրազուրկ կառույց եւ ինքն է տնօրինել շենքի ճակատագիրը: ՀՀ կապի նախարարությունը հանդես չի եկել որպես սեփականատեր, ուստի մարզպետարանն իրավասու է եղել հանդես գալու որպես նոր սեփականատեր եւ իրականացնելու նվիրաբերության գործառույթը: Սեփականության իրավունքի փոխանցման ժամանակ էլ մարզպետ Ֆ. Փիրումյանը, որի ջանքերով հսկայական աշխատանքներ կատարվեցին Շիրակի մարզում, վերակառուցվեցին ավերակ դարձած շատ շինություններ, տիրազուրկ շատ կառույցներ հանձնվեցին նոր սեփականատերերի, որոնք էլ ամեն ինչ արեցին դրանց նոր կյանք տալու համար, առաջնորդվելով գործող օրենքներով, ականջալուր է եղել մասնագետների կարծիքներին եւ հիմք ընդունել նրանց ներկայացրած փաստաթղթերը, ըստ որոնց էլ հաստատվել է նվիրաբերված տարածքի չափը՝ 3131,82 քմ, իսկ բնակիչներով բնակեցված մասը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 138 հոդվածի, նշվել է որպես բնակեցված, քանզի պետական գրանցման պահին փաստացի վիճակն այդ էր: Որտե՞ղ են մարզպետարանն ու համալսարանը խախտել օրենքներ, ո՞ր հարցում են թույլ տվել կեղծիքներ կամ հովանավորչություն: Չկան նման բաներ, որովհետեւ ամեն ինչում գերակայել են օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը: Փաստացի բնակեցված՝ չի նշանակում սեփականատեր, չի նշանակում՝ սեփականության իրավունք ունեցող: «Պրոգրես» համալսարանն է ճանաչվել տարածքի սեփականատեր, հետեւաբար պետք է սեփականատերն էլ ինքը տնօրիներ իր ունեցվածքը: Բայց մինչեւ օրս չի կարողանում լիովին տնօրինել, որովհետեւ նրա տարածքի մի մասը, ըստ էության, բռնազավթվել է մի խումբ մարդկանց կողմից: Շենքի այն հատվածը, ուր ապօրինաբար ապրում են մի խումբ մարդիկ, չի առանձնացված ընդհանուր կառույցից, պարզապես միջնորմով ձեւավորվել է երկու հատված: Ապօրինի բնակիչների մեղքով անհնար է դարձել շենքի այդ հատվածում շինարարական-վերանորոգչական աշխատանքների իրականացումը, ինչի պատճառով էլ ստեղծվել է վթարավտանգ իրավիճակ, ցանկացած պահի կարող են լինել փլուզումներ՝ խլելով մարդկային կյանքեր: Բայց, ըստ «անօթեւանների», իրենց կյանքն ավելին չարժե, քան «Եհովայի վկաներ» կազմակերպությունից ակնկալվող գումարները… 
Բազմաթիվ ստուգումների, հետազոտությունների, դատարանների իրականացրած քննարկումների արդյունքում պարզվել է, որ «Պրոգրես» համալսարանը Տիգրան Մեծ փող. թիվ 1 շինությունը ձեռք է բերել օրինական ճանապարհով, որ այն միասնական կառույց է, որ գոյություն չունի Թբիլիսյան խճուղի 59 հասցեով սեփականություն կամ շինություն:

ՌԱՖԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գյումրու «Պրոգրես» համալսարանի ռեկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել