Այդ մասին էր վկայում երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում կազմակերպված աշխատանքի 3-րդ տոնավաճառը:
Երեկ ողջ Գյումրին թատրոնում էր. մարդիկ աշխատանք էին փնտրում: Հատկապես երիտասարդները մեծ հույսերով էին եկել աշխատանքի տոնավաճառ: Նկատենք, որ գյումրեցի երիտասարդների մեծ մասը բարձրագույն կրթություն է ստանում ու ավարտելուն պես համալրում գործազուրկների շարքերը: Չենք չափազանցնի, եթե ասենք, որ այս քաղաքում աշխատաշուկան պարզապես մեռած է, քանի որ մեկը մյուսի հետեւից փակվում են սպասարկման օբյեկտներն ու մանր ու միջին ձեռնարկությունները: Գյումրիում գործ գտնելն այնքան է դժվարացել, որ նույնիսկ խանութներում ու ռեստորաններում տեղավորվելն է մեծ ձեռքբերում: Տոնավաճառին մասնակցող գործատուների առաջարկներն էլ առանձնապես մեծ բան չէին. նրանք հիմնականում շինարարներ, կոշկակարներ, հացթուխներ, կահույքագործներ, դիզայներներ, բեռնատարի, տաքսու վարորդներ, առաքիչներ, տուրիստական գործակալության աշխատակիցներ էին փնտրում: Ներկայացված էր մոտ 115 թափուր աշխատատեղ: Չնայած տոնավաճառն աշխույժ տրամադրություն էր ստեղծել, այդուհանդերձ, շատերը ոտք չդրած՝ արդեն իսկ հիասթափված էին: Օրինակ, ծաղկի դիզայների աշխատանք փնտրող երիտասարդներից մեկը դժգոհեց, որ գործատուները թեեւ վերցրին իր տվյալները, սակայն ցանկություն չհայտնեցին ռեալ պայմանավորվածություն ձեռք բերել՝ օր նշանակել ու իր կարողություններին ծանոթանալ: Միայն առաջարկել են տվյալները թողնել ու սպասել իրենց զանգին: Մեկ ուրիշը՝ մասնագիտությամբ շինարար Հովհաննես Առաքելյանը, առանձնապես ոգեւորված չէր աշխատանք փնտրելու մտքից, ըստ նրա. «Վաղը պարզ կլինի՝ տոնավաճառը օգնե՞ց, թե՝ ոչ. պայմանավորվել ենք, հասցեն տվել ու հրավիրել են իրենց հիմնարկ, եթե հարմար եղավ՝ կվերցնեն աշխատանքի, Գյումրիում շատ դժվար է աշխատանք գտնելը, որովհետեւ Գյումրիին ոչ տեր կա, ոչ տիրական»:
Տոնավաճառին մասնակցող գյումրեցի պաշտոնյաներից մեկն էլ, որը խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը, կարծիք հայտնեց, որ աշխատանքի առաջարկները շատ սահմանափակ են ու խղճուկ. «Չես էլ մեղադրի, Գյումրիի վիճակն էլ խղճուկ է, եղածն ենք առաջարկում, եղածն էլ աղքատ է, բայց տոնավաճառը իր արդյունքը կտար այն դեպքում, եթե հանրապետության մայրաքաղաքից էլ, որտեղ, իմ կարծիքով, աշխատատեղերը անհամեմատ շատ են, գային, մեր աշխատանքի շուկային մասնակցեին, եւ մեր երիտասարդները չգնային Երեւանում աշխատանք փնտրեին, կարող է ինչ-որ տեղ էլ տեղում հարցը լուծվեր»: Տոնավաճառի կազմակերպչից՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե քանի՞ տոկոս է կազմում գործազրկությունը հանրապետությունում: «2008թ. վերջին, 2009թ. հունվարի 1-ին գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմում էր 6,3%, ամբողջ 2009թ. ընթացքում աստիճանաբար աճել է, եւ արդեն 2010թ. մարտին մենք ունեինք 7,3%, այնուհետեւ այն պահպանվեց ապրիլ-մայիս ամիսներին, իսկ հունիս ամսին սկսեց նվազել եւ օգոստոսի 1-ի դրությամբ ունեցանք 7% գործազրկության մակարդակ՝ 100 հազար աշխատանք փնտրող, շուրջ 4000 գործազուրկ, նաեւ նվազել է նպաստառուների թիվը՝ 26000-ից մինչեւ 23000: Իհարկե, այդ համամասնությունը պահպանվել է Շիրակի մարզում, ուր նվազել է գործազրկության մակարդակը»: Իսկ մի՞թե ներկայացվածը իրական պատկերն է, պարզվում է՝ լրագրողներին հետաքրքրող այս հարցը մշտապես հետաքրքրում է նաեւ գործակալությանը: «2007թ.-ին Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվեց հետազոտություն, գնահատվեց հանրապետությունում իրական գործազրկության մակարդակը, որը կազմեց 26,6%: Դա կատարվեց ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունված մեթոլոգիայի, եւ հարցվողները, եթե հարցման պահից 4 շաբաթ առաջ չեն ունեցել հիմնական աշխատանք, փնտրում են աշխատանք եւ առաջին 2 շաբաթների ընթացքում պատրաստ են անցնել աշխատանքի՝ նրանք դիտվում են գործազուրկ: Եվ որպեսզի իմանանք, թե ինչպիսին է վիճակը ներկա պայմաններում, մենք 2009թ. դեկտեմբերին պետական ծրագրերի շրջանակներում իրականցրինք հետազոտություն եւ իրական գործազրկության մակարդակը ամբողջ հանրապետությունում գնահատվեց 27, 5%»,- ներկայացրեց Սոնա Հարությունյանը: Ըստ նրա, հանրապետությունում ամենամեծ պահանջարկ ունեցողները բանվորական մասնագիտություններն են՝ թե՛ շինարարության, թե՛ արտադրության ու սպասարկման ոլորտներում, իսկ մարզերում կան բժիշկների, մանկավարժների թափուր աշխատատեղեր, հատկապես՝ հեռավոր գյուղերում:
Զբաղվածության պետական ծառայության գործակալության Շիրակի մասնաճյուղի ղեկավար Ամալյա Ադամյանի խոսքերով էլ, ներկա պահին Շիրակում 10000 աշխատանք փնտրող կա, որից 6560-ը գործազուրկի կարգավիճակ ունի: Նրա տվյալներով, նախորդ տարվա համեմատությամբ Շիրակում 3,5 տոկոսով իջել է գործազրկության մակարդակը, մի տվյալ, որին, սակայն, գյումրեցիները չեն հավատում:


















































