Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնը՝ նոր ձեւաչափով

Հոկտեմբեր 15,2010 00:00

Երեկ Հայաստանի թատերական գործիչների միությունում (ՀԹԳՄ) կայացած ասուլիսի թեման հոկտեմբերի 12-16-ը Երեւանում անցկացվող Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 5-րդ հանրապետական փառատոնն էր: ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը տեղեկացրեց, որ միությունը համաձայնագիր է ստորագրել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության ֆոնդի (ՀՀՖ) հետ: Այդ փաստաթղթի համաձայն, Մոսկվայից ժամանած փորձագետները՝ Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ, կընտրեն 2-ական երիտասարդ ռեժիսորի, բեմանկարչի, թատերագետի, դրամատուրգի աշխատանքներ:

Նրանց հնարավորություն կտրվի մասնակցելու վարպետության դասերի, սեմինարների՝ «դրսում»: Երիտասարդ արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն Ալմաթիում, Քիշնեւում, իսկ ամփոփում գալա-ցուցադրությունը՝ Մինսկ քաղաքում:

Նշենք, որ թատերական այս ծրագիրը ՀՀՖ-ի հետ համատեղ իրականացնում է Չեխովյան փառատոնի գլխավոր տնօրեն Վալերի Շադրինը:

«Առավոտի» հարցին՝ առաջին անգա՞մ է ՀԹԳՄ-ն համագործակցում ՀՀՖ-ի հետ, Ս. Մելոյանը պատասխանեց. «Անցյալ տարի ՀՀՖ-ի նախաձեռնությամբ հնարավորություն տրվեց երիտասարդ բեմադրիչներին մասնակցելու Չեխովյան փառատոնին, որտեղ նրանք, բացի վարպետության դասերից, շփվեցին այնպիսի ճանաչված արվեստագետների հետ, ինչպիսիք են Դեկլան Դոնելլանը, Կամա Գինկասը, Ադոլֆ Շապիրոն, Կիրիլ Սերեբրեննիկովը»:

Ասուլիսին ներկա Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանը, գովելով երիտասարդ արվեստագետներին, նշեց, որ նախկինում նման հնարավորություններ երիտասարդներին չի տրվել. «Եթե նույնիսկ տալիս էին, ապա հաստատ վերջում բեմադրության տակ ստորագրվում էր այլ անձնավորության անուն»:

Նույն օրը ՀԹԳՄ-ի նախասրահում բացվեց երիտասարդ բեմանկարիչների ցուցահանդեսը: Ցուցադրվեցին մոտ մեկ տասնյակի հասնող գործեր: Մեծամասնությունը ԵԿԹԻ-ի ուսանողների աշխատանքներ էին: Ցուցահանդեսը բացեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: «Միությունը այսուհետեւ կամուրջ է հաստատելու երիտասարդ բեմանկարիչների հետ: Նրանք, չգիտես ինչու, ստվերում են մնում, ի տարբերություն համառ, մի քիչ էլ «պինդ երեսով» երիտասարդ դրամատուրգների, որոնք շարունակ իրենց գրած գործերն են առաջարկում»,- ասաց նա:

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 5-րդ հանրապետական փառատոնի մեկնարկը հայտարարվել էր հոկտեմբերի 12-ին: Թատերասերները հնարավորություն են ունեցել վայելելու Մարիամ Ղազանչյանի «Ջուլիետ» մոնոներկայացումը՝ Կարապետ Բալյանի ռեժիսուրայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել