Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես

Հոկտեմբեր 30,2010 00:00

Մեկ անգամ եւս երկ(բազմա)լեզու կրթության մասին

Օտարալեզու դպրոցներ բացել-չբացելու թեման այսօր ամենաշիկացածներից է: Քչերը գիտեն, որ կա նաեւ «ոսկե միջին», մի միջոց, որը կլուծի վերջին տասնամյակների մեր կյանքի պահանջներից ծնունդ առած հիմնահարցը: Այն կձեւակերպեի այսպես. Հայաստանի անկախացումից հետո առավել կարեւոր է մայրենի լեզվի շատ լավ իմացությունը եւ առնվազն երկու օտար լեզվի՝ գոնե կենցաղային մակարդակով իմանալը, մի բան, որը ներկայիս հանրակրթական դպրոցը չի տալիս: Խոսքը հենց Հայաստանում մեր կողմից մշակված լիարժեք երկ(բազմա)լեզու դասավանդման մեթոդի մասին է, որը 27 տարի առաջ փորձարկվել է Երեւանի բժշկական ինստիտուտում, իսկ 23 տարի առաջ՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:
80-ականների վերջին, 90-ականների սկզբին դպրոցի նկատմամբ թույլ տրված սխալները խիստ բացասաբար անդրադարձան մի քանի աշակերտական սերնդի թե՛ լեզվական կրթության, թե՛ ընդհանրապես կրթամակարդակի ու հոգեվիճակի վրա, ինչի պտուղները մինչ օրս «վայելում» ենք: Փաստորեն, նաեւ դա էր, որ առնվազն 20 տարով հետ գցեց հայաստանցիներին լեզվի իմացության ասպարեզում եւ, եթե կուզեք իմանալ, հենց այդ պատճառով է սկիզբ առել այսօրվա հիմնահարցը:
Հիշեցնենք, որ 1980-90-ական թվականներին, ինչպես նշեցինք, մեկ բուհում եւ մեկ դպրոցում իրականացվում էր կրթական գիտափորձ, որի նպատակներն էին. ա) դարձնել Հայաստանի հանրակրթարանները եւ բուհերը մայրենի լեզվի ամուր դիրքեր ստեղծող եւ ամեն առումով ազգային կրթօջախներ՝ միաժամանակ օտար լեզուների լիարժեք ուսուցմամբ, բ) հայոց սփյուռքին տալ կարեւոր միջոց՝ սփյուռքի երրորդ եւ այժմ արդեն հաջորդ սերունդներին իրական սպառնացող ուծացման վտանգի առաջն առնելու, բայց եւ օտար լեզվական միջավայրում լիարժեք ադապտացվելու, ինչպես նաեւ սփյուռքի ազգային դպրոցի վարկը բարձրացնելու համար:
Ի վերջո, ինչո՞ւ մեր «շարքային» երեխան պետք է զրկված լինի օտար լեզուներ բավական ազատ տիրապետելու հնարավորությունից, որն իրեն էլ թույլ կտա վաղն ավելի հեշտ լուծել հետագա կյանքի համար գուցեեւ խիստ էական խնդիրներ:
Իսկ ինչո՞ւ նշյալ մեթոդը մինչ այժմ լայն կիրառում չստացավ Հայաստանի դպրոցներում, այն դեպքում, երբ այս տարիներին երկլեզվյա ուսուցմամբ լուրջ սկսեցին զբաղվել մի շարք երկրներում, իսկ Ռուսաստանի մարզկենտրոններից մեկի՝ Վելիկի Նովգորոդի համալսարանում նույնիսկ բացվել է հատուկ բիլինգվալ կրթության ամբիոն: Մեր ԱԺ պատգամավորները պետք է ճիշտ եզրահանգման գան այն հարցում, թե ինչ անել: Հետ մնալը արդյունք էր ժամանակին Ռաֆայել Իշխանյանի ղեկավարած «Մաշտոց» հ/կ-ի վարած կոշտ վարքագծի, լուսավորության նախարարի վրա ճնշման գործադրման: Ի դեպ, այդ եւ այլ հարցերում իր գիծը առաջ տանելու համար, եթե չեմ սխալվում, պարոն Իշխանյանը օգտվում էր փեսայի վարչապետ լինելու հանգամանքից: Այդպես եղավ ռուսալեզու կրթությունից հայալեզու կրթության անցնելը՝ կոշտ եղանակով, մերժելով մեր առաջարկված մեթոդի օգնությամբ մեղմ անցման եղանակը: Հետագայում հերթը հասավ նաեւ մեր գիտափորձին: Մի խումբ «գերհայրենասերներ» եկան Չեխովի անվան դպրոցի այն ժամանակվա տնօրենի մոտ եւ սպառնալով աշխատանքից հեռացնել մի երկու տարի անց թոշակի գնալու պատրաստվող կնոջը, ստիպեցին դադարեցնել մեկուկես տարվա ընթացքում արդեն բավական դրական արդյունքների հասած գիտափորձը: Քառորդ դարի ընթացքում, սակայն, երկլեզվյա ուսուցման գիտափորձը չի կորցրել իր նշանակությունը, այնպես որ, նորից հեծանիվ հորինելու կարիք չկա: Այժմ էլ նման մի բան է առաջարկվում, այն էլ ավելի մեծ ծավալով՝ ավագ դպրոցի շատ առարկաների նկատմամբ, մինչդեռ մեր առաջարկած մեթոդում հատուկ նշվում է մայրենի լեզվի առաջնայնությունը, լավագույն լեզվաընկալունակության հասակում՝ 3-6 տարեկան, նրա պարտադիր լինելը: Կարծում եմ, այն գումարները, որ մտադիր են ուղղել օտարալեզու դպրոցներ բացելու եւ գործելու ֆինանսավորման համար, շատ ավելի ճիշտ կլինի ծախսել թերեւս արդեն պետական մակարդակով, թեկուզ հենց միջազգային կազմակերպությունների միջոցով՝ մանկավարժական բուհերում լիարժեք երկ(բազմա)լեզու առարկայագետ ուսուցիչներ (մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ եւ այլն) պատրաստելու եւ զուգահեռաբար օտար լեզվով վարվող հետդասյա լրացուցիչ ավելի կրճատ պարապմունքները ֆինանսավորելու վրա՝ այն, ինչ վաղուց ենք առաջարկել: Բարեբախտաբար, ժամանակին դա իրականացվեց՝ թեկուզ փոքր ծավալով: Ֆրանսիական դեսպանատունը համաձայնեց իրեն ներկայացրած մեր առաջարկին եւ ֆինանսավորեց ֆրանսերեն տարվող արտադասյա պարապմունքները ոչ լեզվական առարկաների գծով՝ թիվ 119 դպրոցի ավագ դասարաններում, որոնք այժմ էլ իրագործվում են: Միայն մեկ հարցում այստեղ շեղվեցին մեր առաջարկից՝ այժմ 7-րդ դասարանից սկսած, արտադասյա պարապմունքները վարում են միեւնույն բովանդակությամբ, երկլեզվյա դասագրքով, ինչպես դա արվում էր Չեխովի անվան դպրոցում (քանի որ այն ժամանակ թե հայերեն, թե ռուսերեն մասնագիտական դասագրքերը միեւնույն հեղինակինն էին, դա հեշտացնում էր եւ ուսուցիչների, եւ աշակերտների գործը):
Չեխովի անվան դպրոցի մեր գիտափորձը տապալելու պատմությանը նորից անդրադառնանք. ավելի ուշ գրեթե նույնը կրկնվեց եւս երեք դպրոցների նկատմամբ, ուր ուրիշ մանկավարժներ՝ պրոֆեսոր Բ. Եսաջանյանի ղեկավարությամբ եւ Ռուսաստանի դեսպանատան հովանավորությամբ, վերսկսել էին գրեթե համանման գիտափորձ:
Այնուհանդերձ, երկլեզվյա ուսուցման ջատագովներին հաջողվել է կուտակել որոշակի փորձ, որը հնարավորություն է տալիս այսօրեւեթ կիրառել երկ(բազմա)լեզու դասավանդման-ուսուցման մեթոդը՝ ցանկացած դասարանից սկսած, բոլոր այն դպրոցներում, բոլոր առարկաների գծով, ուր կան երկլեզվյա ուսուցիչներ: Ի դեպ, Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, եթե այն տեղափոխվի Հայաստան (իսկ դրա մասին խոսվել է), կարող է հանդիսանալ հիանալի բազա նման աշխատանքի համար: Մելքոնյան վարժարանը եղել է 11 երկրների կրթօջախների շարքում, որոնց լեզվակրթության դրվածքը ժամանակին վերլուծել ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել