Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏՃԱՌԸ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է»

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը վստահ է, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը ձգձգվում է Ադրբեջանի պատճառով:

– Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, նախագահների եւ ԱԳ նախարարների դարձյալ հաճախակիացած հանդիպումներն արդյոք արդյունավետ կլինե՞ն հարցի կարգավորման ուղղությամբ:
– Աստրախանում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախորդեց դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին: Ադրբեջանը հատկապես վերջին տարիներին բանակցային գործընթացում վստահաբար երրորդ երկրի խորհրդատվական աջակցությամբ կիրառում է մի մարտավարական հնարք, որը տեղավորվում է իր կողմից որդեգրած ռազմավարության ընդհանուր տրամաբանության մեջ: Այն իր էությամբ պարզ է եւ նպատակ ունի փոխել միջազգային հանրության կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում կողմերի իրական ներդրումների ընկալումը, Հայաստանին ներկայացնել որպես ոչ կառուցողական կողմ՝ թուլացնել մեր դիրքերը եւ դրանով բանակցություններում իր դիվանագիտական ռազմավարության իրականացման համար ապահովել շահեկան պայմաններ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն բանակցային գործընթացի հերթական հանգուցային փուլից առաջ սկսում է իրականացնել մի մտացածին գործընթաց, որի նպատակն է արհեստականորեն մեծացնել հակամարտության կարգավորման շրջանակներում կողմերի մոտակա հանդիպման կարեւորությունն ու նշանակությունը՝ ներկայացնելով այն որպես հակամարտության կարգավորմանն ուղղված որոշիչ՝ անգամ շրջադարձային իրադարձություն: Բաքվի կողմից բանակցային գործընթացի հերթական փուլի այսպիսի կարեւորումը եւ դրա շուրջ հոգեբանական լարված իրավիճակի ստեղծումը նպատակ են հետապնդում միջազգային հանրության մոտ հակամարտության մոտալուտ կարգավորման հնարավորության պատրանք ստեղծելու միջոցով հիմնավորել անիրական սպասելիքներ: Այս մարտավարության տրամաբանությամբ հենց Ադրբեջանի կողմից գալիք իրադարձության նշանակության կարեւորմամբ եւ տեղեկատվական հարձակման իրականացմամբ միջազգային հանրության մոտ իր մասին ստեղծվում է խնդրին դրական մասնակցություն եւ կառուցողական մոտեցում ցուցաբերող կողմի տպավորություն: Հայկական կողմը հիմնականում իր լուռ պահվածքով կարծես հաստատում է այդ տպավորությունը:
– Աստանայի հանդիպումից առաջ ի՞նչ է անելու Ադրբեջանը:
– Այն գործընթացը, որ այսօր արդեն սկսել է իրականացնել Ադրբեջանը, հիմնավորում է ասվածը: Աստանայում հանդիպման նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը իր կողմից արված հայտարարություններում արդեն սկսել է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ «ճանապարհային քարտեզի» առկայության եւ դեկտեմբերյան բանակցություններում աննախադեպ, բեկումնային առաջընթացի գրանցման հնարավորության մասին: Անհրաժեշտ է ակնկալել, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելակերպի հետեւանքով հերթական անհաջողությունը գրանցելուց հետո Բաքուն ի լուր ամբողջ աշխարհի կհայտարարի, որ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն ու գործելակերպն է: Արդյունքում բոլոր միջազգային կառույցներում այս տեսակետը մշտապես շրջանառելով եւ մատնանշելով բաց թողած հնարավորությունը՝ Ադրբեջանը բանակցություններում հերթական անհաջողության գրանցումը կբարդի Հայաստանի վրա՝ մեղադրելով նրան հակամարտության կարգավորումը միտումնավոր ձգձգելու մեջ:
– Ձեր կարծիքով, որո՞նք են հայկական կողմի քայլերը:
– Իրականում հենց Բաքվի ապակառուցողական գործելակերպն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տանում փակուղի, քանի որ փոխադարձ զիջումների անհրաժեշտությունը հանդիսանում է ցանկացած բանակցային գործընթացի տրամաբանական հիմքը: Եթե բանակցության կողմերը իսկապես ցանկանում են կարգավորել հակամարտությունը բանակցությունների միջոցով, ապա պետք է պատրաստ լինեն փոխադարձ զիջումների: Վերջնագրի լեզվով եւ ոչ կառուցողական դիրքերից հանդես գալով՝ Ադրբեջանը բանակցային գործընթացը վեր է ածում անիմաստ, անօգուտ գործունեության, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում առկա իրավիճակի կտրուկ վատթարացման:
Ադրբեջանը չպետք է մոռանա, որ Հայաստանը ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում հանդես է գալիս որպես Արցախի շահերը ներկայացնող եւ պաշտպանող կողմ: Հայաստանը բանակցային գործընթացի համապատասխան փուլում հակամարտության կարգավորման առումով վերջնական որոշման ընդունումը պարտավոր է փոխանցել ԼՂՀ հայեցողությանը: Սա բացարձակ տրամաբանական մոտեցում է, եթե հաշվի առնենք այն իրականությունը, որ Արցախի Հանրապետությունը չնայած չճանաչված, սակայն ինքնիշխան, կայացած հանրապետություն է եւ պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն որոշել իր երկրի ճակատագիրն ու ապագա կարգավիճակը: Իսկ Արցախի մասնակցությունը առկա բանակցային գործընթացին, կարծում եմ, կարող է էական խթան հանդիսանալ հակամարտության կարգավորման արդյունավետության բարձրացման առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել