Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տարօրինակ պատանիներ

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Կամ՝ դրական եւ բացասական էմոները

Դրսում հաճախ ենք հանդիպում մուգ ներկված աչքերով, թեք մազափնջով, սեւ ու վարդագույն զգեստներով տարօրինակ դեռահասների: Նրանք էմոներն են: Հայտնի է, որ «էմո» բառը առաջացել է «էմոցիոնալ» բառից: Այն ռոքի ուղղություն է, որ հիմնադրել է ամերիկյան «Ռայթս օֆ սփրինգ» խումբը՝ 20-րդ դարի 80-ականներին: Էմոներն ասում են, որ իրենք լսում են ռոք երաժշտություն՝ «Տոկիո Հոթել», Ավրիլ Լավին, «Գրին Դեյ» եւ այլն: Նրանք ամեն կերպ փորձում են նմանվել այս եւ այլ ռոք երաժիշտների: Ժամանակակից էմոները 12-18 տարեկան երիտասարդներ են, որոնց անվանում են «էմո փոքրիկներ»: Գրեթե բոլոր էմոները ունենում են փիրսինգ, հիմնականում՝ վարդագույն ներկված փոքրիկ մազափունջ: Էմոների վրա միշտ կարելի է հանդիպել բժշկական միջամտության հետեւանքով առաջացած սպիների՝ երակների վրա: Բանն այն է, որ, նրանց համոզմամբ, իսկական էմոն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պիտի ինքնասպանության փորձ արած լինի:
Էմոները հիմնականում հավաքվում են աչքից հեռու վայրերում՝ լքված բնակարաններում, երկաթուղային կայարաններում, իսկ Հայաստանում՝ Կասկադում, Կարապի լճի շրջակայքում, տարբեր այգիներում: Շատ հայ էմոների կարծիքով՝ պարտադիր չէ հագնվել էմոյական ոճով, էմո կարելի է լինել նաեւ ներքուստ:
Էմոներն իրենց կյանքին վերջ են տալիս հիմնականում ինքնասպանության միջոցով: Շատ ժամանակ նետվում են կամուրջներից, հավատացած լինելով, որ իսկական էմոների մոտ նետվելիս թեւեր են առաջանում:
Թեմայի վերաբերյալ զրուցեցինք 15-ամյա Լիլիթ Ա.-ի հետ, որը նույնպես էմո շարժման հետեւորդ է: 
– Քանի՞ տարեկանում եւ որտեղի՞ց իմացար էմո շարժման մասին:
– Ես էմո շարժման մասին իմացել եմ 7 տարեկանում՝ ինձնից տարիքով մեծ ընկերներիցս:
– Իսկ դու քանի՞ տարեկանից դարձար էմո:
– Մոտավորապես 10-11 տարեկան էի…
– Քո կարծիքով՝ Հայաստանում շա՞տ են էմոները, դու ունե՞ս էմո ընկերներ:
– Այո, Հայաստանում բավականին շատ էմոներ կան, որոնց գրեթե բոլորին էլ ճանաչում եմ: Ունեմ ոչ միայն էմո ընկերուհիներ, այլ նաեւ էմո ընկերներ:
– Իսկ որտե՞ղ են կայանում ձեր հանդիպումները:
– Մենք բոլորով հիմնականում հանդիպում ենք ռոք համերգների ժամանակ եւ Երեւանի տարբեր այգիներում: Բոլորով պարտադիր հանդիպում ենք ամեն տարի հունիսի 21-ին՝ ռոքի օրը:
– Ծնողներդ գիտե՞ն, որ դու էմո ես, եթե՝ այո, ապա ինչպե՞ս են վերաբերվում այդ փաստին:
– Այո, ծնողներս գիտեն, եւ դեմ չեն:
– Դու երբեւէ փորձե՞լ ես երակներդ կտրել, չէ՞ որ այդ արարքը բնորոշ է էմոներին, նման բաներ մտքովդ անցե՞լ է:
– Ոչ՛: Ասեմ, որ կան դրական եւ բացասական էմոներ: Այդպես վարվում են միայն բացասական էմոները: Ես դրական էմո եմ:
– Իսկ քո էմո ընկերներից որեւէ մեկը ինքնասպան եղե՞լ է:
– Իմ տեղեկություններով, Հայաստանում էմոների ինքնասպանությունների դեպքեր շատ քիչ են եղել: Իսկ կոնկրետ իմ շրջապատում նման դեպք չի եղել:
– Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակությունը վատ է վերաբերվում էմո շարժմանը: Իսկ քո եւ ընկերներիդ ետեւից մարդիկ շա՞տ են վատ խոսքեր ասում:
– Եթե խմբով ենք լինում՝ բավականին հաճախ, իսկ եթե մեկ կամ երկու հոգով՝ ոչ:
– Դու տեղյա՞կ ես, կա՞ն էմոների մասին պատմող գրքեր:
– Ընդհանրապես շատ կան, բայց Հայաստանում նման գրքեր, ցավոք, չեն վաճառվում:
– Քո առօրյան տարբերվո՞ւմ է քո հասակակիցների առօրյայից:
– Իհարկե, բնականաբար: Իմ հասակակիցները առավոտյան գնում են դպրոց, հետո վերադառնում տուն, իսկ գիշերներն էլ՝ հանգիստ քնում: Իսկ ես դուրս եմ գալիս առավոտյան, որպեսզի գնամ դպրոց, ապա գնում ռոք համերգների (եթե կան), ռոք լսելու, հանդիպում եմ էմո ընկերներիս հետ: Ի դեպ, մենք հանդիպում ենք նաեւ գիշերային ժամերին:
– Դասընկերներիդ հետ էմո լինելուդ պատճառով խնդիրներ ունենո՞ւմ ես:
– Այո: Ու բավականին հաճախ: Այդ խնդիրները հիմնականում լինում են տղաների հետ, բայց ինձ համար միեւնույն է, ես այդ ամենին ուշադրություն չեմ դարձնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել