Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"Սպառազինում. պատերազմելո՞ւ, թե՞ պատերազմից խուսափելու համար

Նախորդ օրն Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության պայմանագիրը, որը ստորագրվել էր 2010-ի օգոստոսի 16-ին՝ Բաքվում, երկու երկրների նախագահների կողմից։ Հետաքրքիր է, որ այս համաձայնագրի դրույթները հույժ գաղտնի էին պահվում, իսկ վավերացումից հետո դրանց գաղտնազերծման արդյունքում շատ վերլուծաբաններ համոզված են, որ փաստաթղթի հիմնական նպատակը հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին Երեւանում այս տարվա օգոստոսին կնքված պայմանագրի հավասարակշռումն է: Այսպես, ադրբեջանաթուրքական պայմանագիրը բաղկացած է 23 հոդվածից եւ 5 բաժնից՝ «Ռազմաքաղաքական եւ անվտանգության հարցեր», «Ռազմական եւ ռազմատեխնիկական գործընկերության հարցեր», «Տնտեսական գործընկերության հարցեր», «Մարդասիրական հարցեր», «Ընդհանուր եւ եզրափակիչ հարցեր»։ Պայմանագրի երկրորդ հոդվածն ասում է, որ եթե կողմերից մեկը երրորդ պետության կամ պետությունների կողմից զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի, ապա կողմերը փոխադարձ աջակցություն կտրամադրեն՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Երրորդ հոդվածը նախատեսում է սերտ համագործակցություն պաշտպանական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ոլորտում։ Կողմերը պարտավորվել են նաեւ հակազդել տարածաշրջանային եւ միջազգային կայունության ու անվտանգության մարտահրավերներին, մասնավորապես ահաբեկչությանը՝ իր բոլոր դրսեւորումներով՝ ֆինանսավորմանը, կազմակերպված հանցագործություններին, փողերի լվացմանը եւ այլն:
Երեկ այս առիթով պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք այս ամենը կարելի՞ է որակել պատերազմի նախապատրաստություններ, մանավանդ, որ վերջին շրջանում Ադրբեջանում կարծես ռազմատենչ հայտարարությունների պակաս չեղավ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Ադրբեջանը պատերազմի նախապատրաստվում է ոչ միայն այդ համաձայնագրով: Նրանք շատ լուրջ գումարներ են դնում, հատկապես վերջին տարիներին Ադրբեջանն իր ռազմական բյուջեի համար միլիարդներ է ծախսում: 2011-ի բյուջեով ռազմական ոլորտի համար համարյա երեք միլիոն դոլար է նախատեսված, իսկ այդ գումարները հենց այնպես չեն ծախսվում: Ադրբեջանն իր երկրում ստեղծել է ռազմական սպառազինության նախարարություն, որի բյուջեն մեկ միլիարդից ավելի է. շատ ակնհայտ է, որ այդ երկիրը պատրաստվում է պատերազմի եւ պատրաստվում է Ղարաբաղի հարցը լուծել ուժի միջոցով»: Իսկ ադրբեջանաթուրքական ռազմական համագործակցության մասին վավերացված այս պայմանագիրը մեր զրուցակիցը համարում է ասվածի լրացուցիչ մի վկայություն: Նա հատուկ ուշադրություն է հրավիրում պայմանագրի կետին, որով փաստվում է՝ «եթե կողմերից մեկը երրորդ պետության կամ պետությունների կողմից զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի, ապա կողմերը փոխադարձ աջակցություն կտրամադրեն՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները»։ Հովհաննես Հովհաննիսյանը ցույց է տալիս նաեւ մեդալի հաջորդ կողմը. «Իսկ Հայաստանն ի՞նչ է անում: Հայաստանն էլ ՌԴ-ի հետ է համարժեք պայմանագրեր կնքում, ՀՀ զինված ուժերն էլ անընդհատ Մոսկվայում են բանակցություններ վարում: Տպավորություն է, որ երկու կողմերն էլ պատրաստվում են պատերազմի»: «Առավոտի» դիտարկմանը՝ ԵԱՀԿ գագաթաժողովում, Աստանայում ձեռք բերված համաձայնությունը, որ ԼՂՀ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, կարող է հօ՞դս ցնդել, մեր զրուցակիցը հակադարձեց. «Պատերազմներից առաջ միշտ էլ խաղաղության համաձայնագրեր են ստորագրվում: Գուցե որակումներս փոքր-ինչ կոշտ են, բայց իրականում այս ամենն անհանգստացնող է: Ինչ մնում է Աստանայի համաձայնությանը՝ դա ո՞րն էր, որ ազատագրված յոթ շրջանները պետք է վերադարձվե՞ն: Դա ստորագրել է Սերժ Սարգսյանը, դե, թող բարի լինի եւ վերադարձնի, հակառակ դեպքում՝ պատերազմն անխուսափելի է: Չի կարելի մի բան ստորագրել, այլ բան անել»:
Հովհաննես Հովհաննիսյանը չի կիսում «Առավոտի» այն դիտարկումը, որ մեծացնելով ռազմական բյուջեն՝ Ադրբեջանի իշխանությունն այլ խնդիր էլ է լուծում՝ «փողեր լվանալու» եւ բանակի հաշվին հարստանալու: «Մեր խնդիրները լուծելու համար փորձում ենք ուրիշների սխալնե՞րը հաշվել: Իհարկե, ադրբեջանական բանակում կա կոռուպցիա, ինչպես նաեւ հայկականում, բայց հուսալ, որ ռազմական բյուջեի մեծացման հիմնական նպատակը գումարների մսխումն է՝ լուրջ չէ: Գուցե ադրբեջանական բանակում կոռուպցիան ավելի շատ է, քան մերում, քանի որ այնտեղ գումարներն էլ շատ են, բայց ապրել այդ հույսով՝ սխալ մոտեցում կլինի»,- կարծում է մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել