Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիրն ավարտվեց, խնդիրները մնացին

Փետրվար 26,2011 00:00

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության» (ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող եւ «Նաթան Ասոշիէյթս ինկ.-ի» կողմից իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը, որը մեր երկրում աջակցություն էր ցուցաբերում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղերի արտադրության ոլորտի ընկերություններին, ավարտեց իր հնգամյա գործունեությունը: Երեկ այդ առթիվ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում ընդունելություն էր կազմակերպվել գործընկեր կազմակերպությունների, ծրագրի շահառուների ու լրագրողների համար: CAPS-ի տնօրեն Արտակ Ղազարյանի փոխանցմամբ, հավանաբար մայիսին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կսկսի մեկ այլ՝ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (EDMC) ծրագիրը:
ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման մեզ հետ զրույցում ասաց, որ ՏՏ ոլորտը կարեւորվում է ամերիկյան կառավարության կողմից, հետեւաբար հույս ունի, որ կաջակցի նաեւ նոր ծրագրի իրականացմանը: Նրա փոխանցմամբ, CAPS-ը մոտ 15 մլն դոլար արժողության ծրագիր էր, իսկ EDMC-ին մոտ 15-20 մլն կհատկացվի: Հետաքրքրվեցինք, թե Հայաստանում աշխատելու ընթացքում ՏՏ ոլորտում ինչ հիմնական խնդիրների հանդիպեցին: Ըստ Ջ. Չիմանի, այստեղ ամենակարեւորն աշխատուժի կազմակերպումն է: Ծրագիրը աշխատում է այս, ինչպես նաեւ ներդրումային դաշտ ստեղծելու ուղղությամբ:
CAPS-ի տնօրեն Ա. Ղազարյանի խոսքով, ՏՏ ոլորտում բազմաթիվ են խնդիրները բարձրագույն կրթության ոլորտում, մասնագետների պատրաստման, ձեռնարկատիրության հարցերում: Ծրագիրն աջակցում էր նաեւ ՏՏ ոլորտում ընդունված մի շարք հայեցակարգերի իրագործմանը, ինչպես նաեւ Գյումրիում տեխնոպարկ ստեղծելուն: Ա. Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգի» դրույթները նախատեսված ժամկետում գոնե մասամբ կիրականանա՞ն: «Փորձել ենք ստեղծել այնպիսի հայեցակարգ, որը կլինի իրագործելի: Տեղեկատվական տեխնոլոգիաների հայեցակարգը, նաեւ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը թեեւ ոչ հարյուր տոկոսով, բայց իրականացվում է»,- պատասխանեց նա: Մեր դիտարկմանը, թե Գյումրիի տեխնոպարկի մասին խոսակցությունները այդպես էլ գործնական դաշտ չեն տեղափոխվում, Ա. Ղազարյանը չհամաձայնեց. «Այս տարվանից սայլը տեղից սկսել է շարժվել, ֆիզիկապես շենքը կա, վերանորոգման համար գումարներ են հատկացված, ընկերություններ կան, որ հետաքրքրված են ներկայացվելու այդտեղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել