Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ՝ ՄԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՁԵՎ Է»

Մարտ 19,2011 00:00

\"\"Մուրացկանությունը Հայաստանում. դժբախտությո՞ւն, թե՞ բնավորություն

«Մուրացկանները հասարակության անբաժանելի մասն են կազմում». այս արտահայտությունը կարդացի հայալեզու ֆորումներից մեկում: Չգիտեմ՝ ինչքանով են նրանք անբաժանելի այլ երկրների հասարակությունից, սակայն մենք հաստատ նրանց պակասը չունենք:
Նրանցից Նախշունը երրորդ կարգի հաշմանդամ է, գումար է հավաքում Աբովյան փողոցում, ասում է, որ շատ է դիմել քաղաքապետարան՝ իրեն օթեւան հատկացնելու համար, սակայն՝ ապարդյուն: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ոստիկանները իրենից պահանջո՞ւմ են՝ չանհանգստացնել անցորդներին. «Հա, շատ ա եղել, որ ինձ ասել են՝ գնա ստեղից, մարդկանց չխանգարես, բայց ես իրանց բանի տեղ չեմ դնում»,- ասում է զրուցակիցս:
Իսկ Աիդա Հարությունյանն իրեն մուրացկան չի համարում, ապրում է Կորյունի 6ա շենքի բակում՝ ստվարաթղթից ու փայտի կտորներից սարքած տնակում: Հարեւանները նրանից չեն բողոքում, սակայն մի քանի անգամ քաղաքապետարան ու շների հավաքման կայան են զանգել Աիդայի շանը իրենց բակից հեռացնելու համար: Տեղի բնակիչների խոսքերով՝ այդ կենդանին հարձակվում է անցորդների վրա ու միշտ ահաբեկում է նրանց: «Եղել են դեպքեր, որ  վախեցրել է երեխաներին»,- ասում է բնակիչներից մեկը, ով հրաժարվեց իր անունը տալ: «Իմ անունը շատ զրնգուն ա, ավելի լավ ա չասեմ»,- կատակում էր նա: Անահիտ անունով մեկ այլ բնակչուհու խոսքերով՝ իրենք ինչքանով կարող են օգնում են Աիդային, սակայն ոչ մի կերպ լեզու չեն գտնում շանը տեղափոխելու հարցում. «քաղաքապետարանից մեզ ասացին, որ կզբաղվեն շնով, բայց այդպես էլ բան չարեցին»:
Աիդան պնդում է, որ իր շունը մարդկանց չի վնասում. «Հարեւանները շատ բան են խոսում, շունը պարզապես ժամանակ առ ժամանակ հաչում ա, ես նրա վրա ջղայնանում եմ, ասելով՝ խելոք նստի տեղդ եւ չանհանգստացնես ոչ մեկին»: Զրուցակիցս նաեւ հավաստիացրեց, որ կենդանուց ոչ մի դեպքում չի բաժանվի: Երբ նրան հարցրի, թե հարազատներ ունի, պատասխանեց, որ այո, սակայն երկմտեց ասել՝ նրանք օգնում են իրեն, թե ոչ. «Ես դիմել եմ քաղաքապետարան, ուզում եմ ինձ մի \"\"տուն տան, որ կարողանամ ապրեմ, հետն էլ կաշխատեմ, կրթված կին եմ»:
Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա մուրացկանները հիմնականում իրենց գործն ունեն, օրինակ՝ հասարակական վայրերում գումար մուրալը: Արմանը սովորում է Երեւանի պետական համալսարանում, նա պատմում է, որ մետրոյում իրեն մոտեցավ մի երեխա ու տվեց փոքրիկ օրացույց: «Նա կլիներ մոտ տասը տարեկան,- հիշում է ուսանողը,- օրացույցը փոխանցեց ինձ, առանց հարցնելու, ուզո՞ւմ եմ այն, թե՝ ոչ, ու քայլեց դեպի մյուս մարդկանց կողմը: Անցավ հինգ րոպե, նա հետ եկավ, կանգնեց դիմացս ու անմեղ հայացքով նայելով ինձ՝ ասաց. «փող կտաք», ես հարյուր դրամանոց մեկնեցի նրան, «չէ, օրացույցը 200 դրամ ա»,- պատասխանեց երեխան՝ նույն անմեղ հայացքով ինձ նայելով»։ Վերջիվերջո տղան Արմանից ստանում է իր գումարը։ «Հետո ես նրան հարցրի, թե ինչո՞ւ է մուրացկանությամբ զբաղվում, ասաց, որ հացի փող չունի»,- պատմում է զրուցակիցս:
Որոշեցի ուսումնասիրել «արտասահմանյան փորձը», ամենաանկեղծ ու իրականությունը արտացոլող դիրքորոշումներին ծանոթացա էլեկտրոնային ֆորումներում, օրինակ՝ դրանցից հիշատակելի է ԱՄՆ-ում բնակվող Աննայի կարծիքը՝ «Մուրացկանություն» թեմայի շուրջ: «Այստեղ մի նոր ձեւի մուրացկանություն է տարածվել,- գրում է Աննան,-Mcdonalds-ում, KFS-ում եւ այլ վայրերում մտնում են խուլ եւ համր մարդիկ (իհարկե համոզված չեմ, արդյո՞ք իսկապես խուլուհամր են), առանց որեւէ համաձայնության սեղաններին դնում են գրիչներ ու մարդկանց տալիս մի քանի տող պարունակող գրություն՝ իբր օգնության կարիք ունեն: Իրերին գին են նշանակում՝ իսկական արժեքի տասնապատիկը եւ նույնիսկ գրում են, եթե դուք ավելի շատ տաք, մենք կհամարենք, որ շատ բարի եք: Բաժանելուց հինգ րոպե անց սկսում մարդկանցից փողերը հավաքել»։ Աննան անձամբ միայն երկու անգամ է գումար տվել այս տիպի մուրացկաններին, իսկ այժմ այնքան հաճախ է հանդիպում նման երեւույթների, որ արդեն առանց կարդալու իրը վերադարձնում է: «Կարելի է ասել՝ մի նոր բիզնեսի ձեւ է»,- վերջում եզրահանգում է նա:
Իսկ Երեւանի պետական համալսարանի ուսանողներին քաջ հայտնի «Եվրո տատ» կոչվող մուրացկանի «բիզնեսը» շատ արագ առաջընթաց է ապրում: Երբ նրան հարցրինք, թե ոստիկանները չե՞ն պահանջում հեռանալ ուսումնական հաստատության տարածքից, պատասխանեց. «Հիմա ասել էի՝ ինչ են անում»: Թե ինչքան գումար է աշխատում օրական, նա չցանկացավ կիսվել:
Մուրացկանների խնդրով զրուցեցի ԵՊՀ անվտանգության պետի՝ Մարտին Աջարյանի հետ, ով հավաստիացրեց, որ իրենք մի քանի անգամ դիմել են ոստիկանություն. «4-5 դեպք է եղել, որ եկել են ու տարել նրանց, բայց մուրացկանները նորից վերադարձել են, այլ լուծում ես չեմ տեսնում: Ավելացնեմ նաեւ, որ Եվրո տատին պաշտպանում են ուսանողները, երբ ուզում էինք նրան հեռացնել, երիտասարդները դեմ էին՝ ասելով, թե նա միշտ իրենց զվարճացնում է»։ Ի՞նչ է մեր հասարակությունը կարծում մուրացկանության մասին: Դժվար է ամբողջական պատկերը ստանալ, սակայն այս նյութում ընթերցողին կներկայացնեմ երեսուն մարդկանց միջեւ կատարված հարցախույզի արդյունքները: Մեծամասնությունը գտնում է, որ մուրացկաններին պետք է հատկացնել մի հանրակացարան՝ ապահովել բոլոր հնարավոր աշխատանքային պայմանները: «Ի՞նչ եք կարծում, մուրացկանությունը բիզնեսի տեսա՞կ է» հարցին հիմնականում պատասխանեցին, որ նրանց մի մասը մուրալը դարձրել է բիզնես, իսկ մյուսը՝ հացի փողի համար է դա անում: Օրինակ՝ 19-ամյա Հասմիկն ասում է, որ մեկ անգամ լսել է, թե ինչպես են մուրացկանները որոշում գումար մուրալու վայրը: «Անցնում էի մուրացկան մոր եւ որդու կողքով,-պատմում է զրուցակիցս,- ու հանկարծ տղան դիմեց մորը՝ «մամ, էսինչ տոտան (անունը չեմ հիշում) էսօր իրա տարածքում չի, արի մենք գնանք էդ տեղը»: Մեկ այլ անցորդի՝ 45-ամյա Արտակի կարծիքով՝ Հայաստանում մուրացկանությունը դեռեւս այնքան չի զարգացել, որ վերածվի բիզնեսի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել