Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական վերնագիր, «հայկական» բովանդակություն

Ապրիլ 06,2011 00:00

ՀՀ բուհերի արհմիությունների ճյուղային միության նախագահը  «քլնգում» է օրենքի նախագիծը

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը «Առավոտի» հետ զրույցում անհանգստություն հայտնեց այժմ ԱԺ-ում քննարկվող «Հավաքների ազատության մասին» օրինագծի վերաբերյալ: Գ. Վաղարշակյանի ձեւակերպմամբ, այս օրինագիծը ազդում է այլ օրենքների վրա, մասնավորապես սահմանափակում է 2000թ.-ից մինչ օրս գործող «Արհեստակցական միությունների մասին» օրենքը: Վերջինիս 20-րդ հոդվածը սահմանում է, որ «արհեստակցական միությունը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել եւ անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ, զանգվածային այլ միջոցառումներ», իսկ «Հավաքների ազատության մասին» նոր օրենքում ասվում է. «Արհեստակցական միությունների մասին Հայաստանի Հանրապետության 2000թ. դեկտեմբերի 5-ի օրենքի 20-րդ հոդվածում «խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ եւ զանգվածային այլ միջոցառումներ» բառերը փոխարինել «հավաքներ, գործադուլներ եւ հանրային միջոցառումներ» բառերով»: «Նույնիսկ խուսափել են «ցույց» բառն օգտագործելուց»,- նկատեց Գ. Վաղարշակյանը: Այսինքն, լուրջ սահմանափակումներ են դրվում նախ արհմիությունների գործունեության վրա, եւ հետո՝ մարդու ազատ կամքի դրսեւորման:

Գաղտնիք չէ, որ մեր երկրում կա սոցիալական բեւեռացում, շարունակում է Վաղարշակյանը, շատերն այժմ ապրում են սոցիալապես ծանր վիճակում եւ բնականաբար ժողովրդի մեջ ցանկություն կարող է առաջանալ իրենց դժգոհությունն արտահայտել, որը չի կարելի օրենքներով սահմանափակել: Իսկ այս օրենքը, ըստ մեր զրուցակցի, դժգոհություններ արտահայտելու համար այնպիսի բյուրոկրատական ապարատ է ստեղծում, որի պատճառով մարդիկ հրաժարվում են դժգոհելու հնարավորությունից, քանի որ այն առնվազն կդիտվի որպես օրենքից դուրս գործողություն: «Հավաքների ազատության մասին» օրենքը լրջորեն խանգարելու է սոցիալական ընդվզման արտահայտման ձեւերին»,- ասում է Գ. Վաղարշակյանը: Ըստ նրա, այս օրենքն ընդունելուց առաջ ճիշտ կլիներ բանակցել արհմիությունների հետ, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է դրանց գործունեությանը: Իսկ այն հարցին, դիմե՞լ է Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը՝ կառավարական համապատասխան մարմիններին՝ երկխոսության նպատակով, պարոն Վաղարշակյանը պատասխանեց, որ այդ դեպքում պետք է նամակ գրեին համապատասխան մարմիններին, որը վերջիվերջո հայտնվելու էր մի չինովնիկի մոտ, վերջինս էլ մոռանալու էր այն իր դարակում: Իրենց կազմակերպությունը փորձում է ԶԼՄ-ների միջոցով հասարակական հնչեղություն տալ հարցին եւ հասարակության ու կառավարական մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

ՀՀ-ում օրինագիծը երկու ճանապարհով կարող է քննարկման դրվել ԱԺ-ում՝ կամ կառավարության նախաձեռնությամբ, կամ ԱԺ պատգամավորների: Վերջին պարագան ենթադրում է, որ օրինագծի ներկայացվելը ժողովրդի ցանկության արտահայտումն է: Քանի որ այս օրինագիծը ներկայացվել է կառավարության կողմից, նշանակում է ներքեւից՝ ժողովրդից չի գալիս դրա պահանջը:

Գ. Վաղարշակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում այս օրինագծի ընդունման մեջ: Քանի որ առաջիկայում սպասվում են ԱԺ եւ նախագահական ընտրություններ, քաղաքական դաշտը որոշակիորեն ակտիվացել է, եւ երբ եվրոպական ընտանիքի անդամ երկիրը ընդունում է «Հավաքների ազատության մասին» օրենք, դա դիտվում է որպես եւս մի քայլ՝ դեպի բաղձալի ժողովրդավարություն: Բայց երբ տեսնում ես, թե ինչ է շարադրված այդ վերնագրի տակ, հասկանում ես, որ իրականում օրենքն ընդունվել է զուտ ինչ-որ տեղ ներկայացնելու համար: Ըստ Գ. Վաղարշակյանի. «Ուղղակի կառավարությունը իր նախաձեռնությունը ներկայացրել է ԱԺ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովը տվել է իր հավանությունը, եւ օրինագիծն անցել է առաջին ընթերցումը: Ապրիլի 11-ին նախատեսվում է երկրորդ ընթերցումը»: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ գոնե երկրորդ ընթերցման ժամանակ հնարավոր կլինի փոփոխության ենթարկել որոշ հոդվածներ: «Օրինակ, երբ նվազագույն աշխատավարձը պետք է 10 դրամով ավելացնել, մեծ քննակումներ են լինում՝ տարբեր կառույցների հավանություններով եւ քննարկումներով, իսկ նման սահմանափակումները շատ հեշտ են անցնում ԱԺ ընթերցումները…… Ախր սահմանափակումները ոչ մի լավ բանի չեն բերի»,- ավարտեց Գ. Վաղարշակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել