Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Օլիգարխիկ քաղաքականություն ՏՏ ոլորտում

Ապրիլ 14,2011 00:00

Ինչո՞ւ է Հայաստանը Համաշխարհային տնտեսական  ֆորումի տվյալներով՝ հետընթաց ապրում

Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արդեն տասնամյակից ավելի մեր երկրում հռչակված է գերակա ճյուղ, պատկան մարմիններն էլ՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, ամեն առիթով հայտարարում են, թե ոլորտի զարգացման համար անհրաժեշտ քայլեր են իրականացնում, հայեցակարգեր մշակում, միջոցառումներ, ֆորումներ, սեմինարներ կազմակերպում, բայց Հայաստանը համաշխարհային զեկույցներում միայն հետընթաց է արձանագրում: Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից օրերս հրապարակված «The Global Information Technology Report 2010-2011»-ը, որն այս տարի գնահատել է աշխարհի 138 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը, փաստում է, որ մեր երկիրը ցանցային պատրաստվածության ցուցանիշով նախորդ տարվա համեմատ իր դիրքերը զիջել է 8 տեղով՝ գրավելով 109-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ մեր հարեւան երկրներից Ադրբեջանը ցուցակում 70-րդն է, Թուրքիան՝ 71-րդը, իսկ Վրաստանը՝ 98-րդը:
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի՝ «Առավոտին» ուղարկված հաղորդագրության մեջ նշվում է, որ ցուցանիշի բոլոր 3՝ ցանցային պատրաստվածություն, միջավայրի եւ պատրաստվածության բաղադրիչներում Հայաստանը միայն նահանջ է արձանագրել: Մեր երկրի դիրքերը յուրաքանչյուրում անկում է ապրել 6 տեղով: Նման անկումային ճակատագրին է արժանացել նաեւ Ուկրաինան, իսկ, օրինակ՝ Ադրբեջանը իր պատրաստվածության բաղադրիչով 8 տեղով աճ է ապահովել: ՀՏՖ-ի գնահատականներով, Հայաստանի ՏՏ ոլորտում առավել ուշագրավ առավելություններից է չափահաս բնակչության գրագիտության մակարդակը (10-րդ տեղ), բջջային հեռախոսակապի սակագները (37-րդ տեղ) եւ այլն, իսկ ամենաէական թերություններից՝ կառավարության կողմից զարգացած տեխնոլոգիաների ձեռք բերումը (133-րդ տեղ), վենչուրային կապիտալի առկայությունը (130), կառավարման դպրոցների որակը (129), նորագույն տեխնոլոգիաների առկայությունը (126) եւ այլն:
Նշենք, որ ՀՏՖ-ի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցների «մասով» Հայաստանի ՏՏ ոլորտի պատասխանատուները պնդում էին, թե ժամանակին մեր համապատասխան նախարարությունները ճիշտ տեղեկատվություն չեն ուղարկել:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ վերջին զեկույցում եւս որոշ չթարմացված տվյալներ կան: Նրա խոսքով, օրինակ, բջջային հեռախոսների, համակարգիչների տարածվածության ցուցանիշով նշված է 2006 թվի տվյալ. «Այդ հարցը բարձրացրել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդում, որպեսզի պատասխանատու նշանակվի, որը ճիշտ տվյալները ժամանակին կներկայացնի, այդպես էլ դրան չհասանք»: Հետաքրքրվեցինք, թե ինչով կբացատրի այն հանգամանքը, որ կառավարության կողմից զարգացած տեխնոլոգիաների ձեռք բերման մակարդակով Հայաստանը աշխարհում ամենավերջին տեղերում է: Կ. Վարդանյանը պատասխանեց, որ նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեցին, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռք բերումը յուրաքանչյուր նախարարության վրա առանձին է դրված, եւ յուրաքանչյուր նախարարություն միայնակ է ծրագրեր իրականացնում, որոնք հաճախ միմյանց կրկնօրինակում են. «Այստեղ առանձին նախարարության ստեղծման կարիք ունենք, որը կկարգավորի ՏՏ, ինովացիոն, հեռահաղորդակցման ոլորտը. դա թույլ կտար լուրջ գումարներ տնտեսել»:
Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանն էլ պատասխանատուների՝ զեկույցի տվյալների հնացած լինելու հանգամանքին այսպես արձագանքեց. «Այդ ապուշությունը ամեն տարի նախարարներն ասում են, թե մեզ մոտ վիճակը լավացել է եւ այլն, բայց աճի տեմպերը ոչ թե ինքդ քեզ հետ պետք է համեմատես, այլ համաշխարհային աճի հետ: Այս տարի էլ, եթե նախարարներին հարցնեք, կասեն՝ աճել ենք, հին տվյալներ են»: Զեկույցի արձանագրած տվյալներն էլ Գ. Չուգասզյանը բնական համարեց. «Նորարարությունը Հայաստանում դասվում է որպես էլիտար զբաղմունք: Անջրպետը էլիտայի եւ մի քանի հազար IT-ով զբաղվողների եւ ժողովրդի միջեւ չի կրճատվում, այլ խորանում է: Մեր քաղաքականությունը գնացել է օլիգարխիայի ճանապարհով, օլիգարխիկ մտածելակերպը տեղափոխվել է նաեւ IT ոլորտ: Փոխանակ ավելի սոցիալական մոտեցում ունենանք, ավելի էլիտար մոտեցում է լինում։ Այդ քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ մեր վիճակը գնալով վատանում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել