Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք շատ չե՞նք ուշացնում

Ապրիլ 14,2011 00:00

Արտաշատի թատրոնը հիմնադրվել է մ.թ.ա., ծաղկում է ապրել Արտավազդ Բ-ի՝ Տիգրան Մեծի որդու օրոք, որը նաեւ գրական գործերի, թատերգությունների հեղինակ էր: Առայժմ հայտնի է այդ ժամանակվա մեկ բեմադրություն. հույն ողբերգու Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգության բեմադրությունը, որը խաղացվել է հունարեն՝ մ.թ.ա. 53 թվին: Այդ ներկայացման ժամանակ, ինչպես վկայում է հույն պատմիչ Պլուտարքոսը, ասպարեզ է բերվել այդ նույն ժամանակ Խառանի ճակատամարտում սպանված հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի գլուխը: Հույն դերասան Յասոնը, վերցնելով այն, ոգեւորված արտասանել է ողբերգության համապատասխան հատվածը. «Բերում ենք սարից հենց նոր կտրած բաղեղը, որսի երջանիկ արդյունքը»: Ենթադրվում է, որ այդ տեսարանը նախապատրաստել է Արտավազդ Բ-ն, նշանավորելով իր եւ պարթեւաց թագավոր Օրոդեսի դաշինքն ու հռոմեական բանակի դեմ տարած պարթեւների հաղթանակը: Պլուտարքոսի վկայությամբ, որոշ մանրամասներ հուշում են, որ Արտավազդ Բ-ի ժամանակ Արտաշատի թատրոնն ունեցել է պալատական-ազնվական բնույթ:
Այս պատմական փաստը հաշվի առնելով՝ արդյոք շատ չե՞նք ուշացնում-ուշացրել Ամո Խարազյանի անվան թատրոնը վերանվանել Արտավազդ արքայի անվան Արտաշատի թատրոն:…
Եվս մեկ վկայություն Պլուտարքոսից. «Հենց այդ ժամանակ, երբ այդ դեպքերն էին կատարվում, Օրոդեսն արդեն հաշտվել էր հայոց արքայից արքա Արտավազդի հետ եւ համաձայնություն էր տվել նրա քրոջ՝ Նռանեի եւ իր որդու՝ Բակուրի ամուսնության համար: Երկու արքաները միմյանց խրախճանքներով ու գինարբուքներով էին պատվում: Այդ խնջույքներին մասնակցում էին նաեւ հունական ներկայացուցիչներ, քանի որ Օրոդեսին օտար չէր հունարենը եւ նրանց գրականությունը: Արտավազդը հորինում էր ողբերգություններ ու ճառեր գրում հունարեն»:
Ենթադրենք, թե այս պատմական փաստը թուրքերինն է… (Աստված չանի): Չե՞ք կարծում, որ նրանք ոչ միայն կօգտագործեին այն, այլեւ աշխարհով մեկ կպարծենային, թե մ.թ.ա. 53 թվին, հույներից հետո թատրոն են ունեցել… Հո դա էլ հայերիս դեմ գործած եղեռնի պատմական փաստը չի՞, որ ժխտեն ու ժխտեն: Իսկ Ամո Խարազյանի անու՞նը՝ կհարցնեն ոմանք: Այդ հարցի պատասխանը վաղուց տվել է Արտաշատի թատրոնի նախկին տնօրեն, այժմ դերասան Գագիկ Սարգսյանը. «Թող Ամո Խարազյանի անվան Արտաշատի թատրոնին կից լինի-հիմնադրվի շրջիկ թատրոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել