Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՎԱՎՈՐԵ՞ՆՔ ՄԻՋԻՆ ԽԱՎ

Մայիս 03,2011 00:00

\"\"Ըստ ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանի, դրա մասին է խոսում ՀՀԿ-ական վարչապետը, որի կուսակցության հիմքն են կազմում միջին խավը ոչնչացնելու մեջ շահագրգռված օլիգարխները:

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական ուշագրավ հայտարարությունն արեց, ասելով, որ Հայաստանում միջին խավի ձեւավորումն օրվա հրամայական է։ Ըստ նրա՝ Հայաստանում համապատասխան ինստիտուտների կայացման միջոցով պետք է այնպես անել, որ միջին խավը չլքի հայրենիքն ու իր ապագան այլ երկրում չփնտրի. «Եթե հասարակությունում չկա միջին խավ, անհնար է քաղաքացիական հասարակություն կառուցել, եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները դատապարտված կլինեն ձախողման։ Հայաստանում պետք է ձեւավորվի նոր օրակարգ, որը վեր կհանի այն խոչընդոտները, որոնք առկա են միջին խավի ձեւավորման ճանապարհին»: Այս ամենի համատեքստում վարչապետը կարեւորեց երկրում սեփականության իրավունքի ամրապնդումը, օլիգոպոլիաների դեմ պայքարը, մրցակցային բարենպաստ պայմանների ստեղծումը, բիզնեսի համար կարգուկանոն հաստատելը, հասարակության լայն խավի մասնակցությունը որոշումների ընդունման հարցում ու ասաց, որ այս գործընթացներն ավելի առարկայական կդարձնեն երկրում ժողովրդավարության հաստատումը։ Տիգրան Սարգսյանը նաեւ նշեց, որ սոցիալապես ապահով խավը Հայաստանում ավելանում է, սակայն չի կարելի կաշառակեր չինովնիկին միջին խավ համարել: Ավելին, այդ մարդկանց նա վտանգավոր համարեց հասարակության համար:
Հայաստանում միջին խավի ձեւավորման մասին ինտենսիվ սկսեց խոսել նախկին ԱԺՄ-ական Սեյրան Ավագյանը, ով 2001-ին իր թիմով լքելով ԱԺՄ-ն եւ ստեղծելով ՀԺԱՄ-ը՝ այդ կուսակցության բուն գաղափարն ու կարգախոսը հռչակեց Հայաստանում միջին խավի ձեւավորումը: Այդ տարիների ընթացքում Սեյրան Ավագյանն աշխատեց իշխանության տարբեր օղակներում, սակայն միջին խավի ձեւավորմանը դա որեւէ նպաստ չբերեց: Ավելի ուշ կառավարության աջակցությամբ ձեւավորվեց փոքր ու միջին գործարարության աջակցության հիմնադրամը: Հիմնադրամի գործունեությունը սահմանափակվեց միայն երբեմն-երբեմն փոքր վարկերի տրամադրմամբ: Ըստ մասնագետների, հիմնադրամն այդպես էլ լուրջ գործառույթ չիրականացրեց, չնայած նրան, որ կառավարությունն ամեն պատեհ առիթով խոսում էր այդ հիմնադրամի մասին: Երբեմն նույնիսկ օլիգարխներն են խոսում ի պաշտպանություն միջին խավի, ինչը առնվազն ծիծաղելի էր, քանի որ դա ուղղակիորեն հակասում է իրենց շահերին: Հիմա, ընտրություններից առաջ, նորից թեժանում են միջին խավի ձեւավորման մասին խոսակցությունները, եւ դա անում է հենց ինքը՝ հանրապետական վարչապետը:
ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանն «Առավոտի» հետ զրույցում կարեւորեց վարչապետի հայտարարությունը՝ փաստելով, որ այն, ըստ էության, Հանրապետական կուսակցության դեմ էր, քանի որ շատ խոշոր օլիգարխներ հենց ՀՀԿ-ում են:
Վարչապետը ՀՀ-ում միջին խավի ձեւավորման երկու ճանապարհ էր նախանշել. որ մարդկանց ինքնագիտակցությունն այն աստիճանի հասնի, որպեսզի իրենք իրենց շահերի պաշտպան կուսակցություն ստեղծեն, կամ էլ բարեփոխումների ճանապարհով՝ իշխանության միջամտությամբ: Վահրամ Մկրտչյանն ասում է, որ իրենց կուսակցությունն առաջին ճանապարհն էր որդեգրել, բայց ՀԺԱՄ-ը խորհրդարանում չհայտնվեց. «Այդ ճանապարհը բաց մնաց, այսօր, ըստ էության, այդ գործընթացը չի գնում»: Մնում է բարեփոխումների ճանապարհը, ինչի առիթով մեր զրուցակիցը հորդորում է, որ վարչապետը ետ չկանգնի իր հայտարարությունից, ինչքան էլ որ բարդ լինի իր համար խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ին համոզել իր շահերին դեմ որոշումներ կայացնել: Առավել եւս՝ կոալիցիոն մյուս գործընկերոջը՝ ԲՀԿ-ին համոզել, որպեսզի միջին խավ ձեւավորվի: «Կապրենք՝ կտեսնենք՝ սա հերթական անգամ Եվրոպային հաճոյանալու խնդի՞ր էր, թե՞ գործնական քայլ»,- այլ մեկնաբանություններից զերծ մնալով՝ ասում է մեր զրուցակիցը:
Պատասխանելով «Առավոտի» հարցին էլ՝ նկատեց. «Տիգրան Սարգսյանն արեւմտյան որակի գործիչ է, եւ բացի PR-ից, որը շատ գեղեցիկ է արվում, որոշ հարցերում նաեւ գործ կա: Մեր իշխանությանը քաղաքական կամքն է պակասում: Նախագահը ՀՀԿ 20-ամյակին ասաց՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիային, սակայն, ըստ էության, ոչինչ չի արվում: Այդ դանդաղ քայլերը բավարար չեն մեր հասարակությանը»: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ հայրենի կառավարությունում հիմնականում աշխատում են «տրամաբանական մտածողության սխալով»: Այսինքն՝ գյուղնախարարը գնում է գյուղ ու հպարտանում, որ նախագահի հանձնարարությունն է կատարում, նույնը՝ կրթության նախարարը, նույնը՝ էկոնոմիկայի, եւ այդպես շարունակ: «Տպավորություն է, որ եթե նախագահը հանձնարարություն չտա, ամբողջ կառավարությունն անկյալի պես իրենց տեղերում պիտի նստեին: Կամ պետական կառավարման մարմինը չի աշխատում, կամ էլ ընտրությունները մոտենում են, իրենք էլ էժանագին հնարք են անում՝ թե նախագահը շատ-շատ աշխատում է: Բա պիտի աշխատի, բա ի՞նչ պիտի անի: Լավ կլինի, որ նախագահը կանչի պատկան մարմիններին, ձեռքը խփի սեղանին ու ասի՝ հերներդ կանիծեմ, ելույթումս ինչ ասեցի՝ գնացեք ու արեք»: Վահրամ Մկրտչյանը «լավ հոտ» չի առնում ընտրություններից դեռ մեկուկես տարի առաջ սկսված այս նախընտրական մրցավազքից, բայց գովելի է համարում Սերժ Սարգսյան-ՀԱԿ համագործակցությունը, ինչը «երկիրը դուրս է բերում հեղափոխական վիճակից»: Մյուս կողմից էլ՝ կարծում է, որ այդ համագործակցությունը ժողովրդի մոտ մեռցնում է ապագայի նկատմամբ հավատը, հեղափոխական մտքեր ծնելու հեռանկարը: Եթե այդ համագործակցությունը բերի արդար ընտրությունների, ՀԺԱՄ նախագահը կողջունի: Առայժմ նման հեռանկար նա չի տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել