Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՆՄՐՑՈՒՆԱ՞Կ Է ԴԱՌՆՈՒՄ

Հուլիս 01,2011 00:00

Հայ զբոսաշրջիկներն այս տարի նախընտրում են  Բուլղարիան, Թունիսն ու Վրաստանը

\"\"Այս ամառ հայ զբոսաշրջիկները փոխել են իրենց հանգիստը կազմակերպելու աշխարհագրությունը: Հիմա նրանք նախընտրում են Բուլղարիան, Թունիսն ու Վրաստանը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով, հայ զբոսաշրջիկն ավելի ճաշակով է դարձել ու կրկնակի խստապահանջ: Թե ինչու են այս տարի Անթալիա մեկնողները պակասել՝ Մեխակ Ապրեսյանը բացատրում է. «Դա ոչ թե պետական մակարդակով դեմն առնել է, այլ ավելի շատ հասարակության մակարդակով է: Հասարակությունը սկսում է գիտակցել, տարբերակել որակյալը անորակից, լավը վատից ու իր ճաշակի համեմատ ընտրություն է կատարում»: Պարոն Ապրեսյանն ամենեւին էլ համաձայն չէ, թե Հայաստանում հանգստանալը թանկ հաճույք է: Նա հավատացնում է՝ պարզապես քչերն են տեղյակ առաջարկվող բարձր մակարդակի պայմանների ու գնային լավ առաջարկների մասին. «Ասածներս չեն նշանակում, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է, եւ որեւէ խնդիր չունենք՝ թե գների մրցունակության, թե ծառայությունների որակի առումով, դա մնում է մեծ խնդիր, եւ դա միշտ էլ լինելու է, որովհետեւ պահանջարկը մեծանում է, զբոսաշրջիկների ճաշակն էլ՝ խստանում»: Ի տարբերություն չինովնիկների՝ սպասարկման որակից, պայմաններից ու գներից անկաշկանդ բողոքում են ոչ միայն տեղացի, այլեւ արտասահմանցի զբոսաշրջիկները: «Եվրասիա» տուրգործակալության տնօրեն Գագիկ Մկրտչյանն էլ, ոչ պակաս, քան զբոսաշրջիկները, սպասարկման բարձր գներից զարմացած է. «Որտե՞ղ եք տեսել մի երեք հատ կարտոֆիլ ֆրի ուտեն ու մի հատ էլ լանգետ ու 25.000 դրամ փող վճարեն: Հազար ներողություն, եղածը կարտոֆիլ չի՞»: Իսկ Հայաստանում թանկ են ոչ միայն սնունդը, տրանսպորտը եւ հյուրանոցները, այլեւ՝ այսպես ասած, հյուրերին առաջարկվող տները: «7-8000 դրամ՝ մեկ անձի համար, շատ թանկ է»,- բացատրում է պարոն Մկրտչյանը, այն դեպքում, երբ ավելի լավ պայմաններով Վրաստանում կարելի է գտնել 3-4000 դրամով: «Մեզ մոտ ամենամատչելի տունն էլ էլի թանկ է»,- ասում է պարոն Մկրտչյանը: Ճամփորդական գործակալների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Եղիշե Թանաշյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին հայկական զբոսաշրջային փաթեթները մրցունակության առումով բավականին զիջում են նույնիսկ վրացականին. «Եթե մի քանի տարի առաջ նույն ժամկետով, նույն մակարդակի հյուրանոցներով, սննդով հաշված փաթեթները Վրաստանում շատ ավելի թանկ էին, քան Հայաստանում, ապա այսօր հայկական մասը շատ ավելի թանկ է»: Նրա համոզմամբ, հարկային անբարենպաստ քաղաքականության պատճառով է Հայաստանը թանկ զբոսաշրջության համար. «Այսօրվա դրությամբ Վրաստանի կուրորտները մեծ առաջընթաց են ապրում, որովհետեւ պետության, կառավարության ուշադրության կենտրոնում են գտնվում՝ թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես, թե՛ նյութապես»: Պարոն Ապրեսյանն էլ վստահեցնում է՝ Հայաստանով հետաքրքրված զբոսաշրջիկների թիվը գնալով մեծանում է: Արդեն այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 100.000 զբոսաշրջիկ է Հայաստան այցելել, տարեվերջին էլ նրանց թիվը նախատեսում են հասցնել 800.000-ի: Հակառակ պարոն Ապրեսյանի մեծ սպասումներին՝ տուրգործակալություններում արտասահմանցի զբոսաշրջիկների այցելությունը մեր երկիր տարակուսանքով են կազմակերպում: «Կողմնապահությամբ ենք զբոսաշրջիկներին դիմավորում, որովհետեւ պետք է կարողանաս պատասխան տալ: Հետո սկսում են բողոքներ գալ, ու չգիտես, դու անզոր ես Խոր Վիրապի սանհանգույցների կամ այն հսկայական ծախսերի համար, որոնք զբոսաշրջիկը կատարում է»: Նրա խոսքով, մարզային այցելությունները սովորաբար զբոսաշրջիկների համար կրկնակի դժգոհությունների պատճառ են դառնում: Չկան զուգարաններ, եթե կան էլ՝ վճարովի. «Տուրիստներին տանում ենք տեսարժան վայրեր, ինչի համար 1500-1800 դրամ են վճարում, ու ծիծաղելի է, որ բնական կարիքները հոգալու համար զբոսաշրջիկը ստիպված է առանձին 100 դրամ էլ զուգարանի համար վճարել: Չի՞ կարելի այլ կերպ կազմակերպել, եղածը 100 դրամ է, բայց զբոսաշրջիկի ներսում նստվածք է թողնում»: Պարոն Ապրեսյանն էլ վստահեցնում է՝ զուգարանների խնդիրն այլեւս մեծ չէ. «Լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»: Ըստ ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ պարոն Թանաշյանի, Հայաստանում սպասարկման մակարդակը բավականին ցածր է, չնայած դրան՝ գները շարունակում են մնալ բարձր հորիզոնականներում. «Սեզոնին էլ, բնականաբար, ավելի են բարձրանում»: Որքան էլ պետական չինովնիկները վստահեցնեն, որ Հայաստանում հանգստանալը մատչելի է ու որակյալ, սովորական քաղաքացու համար այս տարի էլ Սեւանում, Ջերմուկում եւ Ծաղկաձորում հանգստանալը կմնա երազանք:

«Մի ամիս հետո ոչ Ծաղկաձորում, ոչ Սեւանում, ոչ էլ Ջերմուկում տեղ չի լինում: Այստեղ հանգստացողները, սակայն, կրկին վճարունակ քաղաքացիներն են, ովքեր նաեւ մեկնում են Բուլղարիա, Վրաստան եւ այնտեղից վերադառնալով՝ մի քանի օր էլ հանգստանում են հայրենիքում»,- վստահեցնում է «Եվրասիա» տուրգործակալության տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել