Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը մեղադրում է իր նախկին ղեկավար աշխատակցին

Հուլիս 08,2011 00:00

«Առավոտի» հունիսի 18-ի «Ձեր ջուրը Ձեզ» հրապարակման մեջ ներկայացրել էինք Սյունիքի մարզկենտրոն Կապանի բնակիչների, քաղաքապետի ու քաղաքում գործող հ/կ-ների զայրույթն ու վրդովմունքը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօերեն Պատրիկ Լորենի այն հայտարարությունից, թե կապանցիները չեն տարբերում աղտոտ եւ պղտոր ջուրը:
Հրապարակմանը արձագանքել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Եղիազարյանը:
Ըստ նրա, «Անդրադառնալով քաղաքապետի արտահայտած մտքերին, ցանկանում ենք հիշեցնել, որ պաշտոնավարման 3 տարիները բավականին ժամանակ էին ուսումնասիրելու այն իրավիճակը համակարգում, որը տիրում էր քաղաքապետարանի ենթակայությունում գտնվելուց՝ եւ դրանից հետո: Այդ ժամանակահատվածում կապանցիները ջուրը ստանում էին 1-4 ժամ: Քաղաքապետարանի ենթակայության ժամանակ էր (ջրմուղի ղեկավարը այսօր դժգոհող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյանն էր), ամբողջովին թալանվեց թանկարժեք սարքավորումներով հագեցած մաքրման կայանը, չգիտես ինչպես «անհետացավ» ջրմուղի հաշվեկշռում գտնվող եւ համայնքային հիմնական միջոցներ հանդիսացող հետեւյալ գույքը՝ ավտոմեքենա՝ ԶԻԼ ՊՄ 130բ, ավտոմեքենա՝ Մ 25 10դ, ավտոմեքենա՝ ԿՕ – 503, ավտոմեքենա՝ ԳԱԶ 66 – 01, հաստոց խառատային՝ 16բ, 25 Պ 4, ԶԻՖ – 55 կոմպրեսոր, շաղափող հաստոց:
Իսկ վերջին ժամանակներս 170 մլն դրամի ներդրում է ուղղվել ներքին ցանցի բարեկարգմանը, լաբորատոր սարքավորումների եւ տեխնիկական միջոցների ձեռք բերմանը: Եթե 2005 թ.-ին որպես աշխատավարձ տրվում էր ամսական 3.8 մլն դրամ (միայն Ռ. Ասրյանի աշխատավարձը՝ 1մլն դրամ), ապա այսօր այն կազմում է 5.9 մլն դրամ:
Համաձայն ենք, Կապանի ջրամատակարարման համակարգը լուրջ ներդրումների կարիք ունի եւ այն արդեն իսկ լայն թափ է ստացել, սկսվել են շուրջ 330 մլն դրամի շինաշխատանքներ, առաջիկայում էլ կսկսվի եւս 1-2 ծրագիր: Նախկին տեխնիկա չի մնացել, բոլորը փոխվել եւ նորացվել են: Նշված աշխատանքների եւ ներդրումների հաշվին է, որ ջրամատակարարումը դարձել է 22-ժամյա:
Համակարգի նախկին տնօրեն Ռ. Ասրյանի պաշտոնավարման ժամանակ Կապանի ազգաբնակչության պարտքը ջրմուղին կազմում էր 497 մլն դրամ: Այն ժամանակահատվածում օրենքը թույլ էր տալիս դուրս գրել պարտքերը, որը եւս չի արվել եւ այդ պարտքերը տեղափոխվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից դատարան դիմելու նպատակներից է նաեւ օրենքով դուրս գրել այդ պարքերի մի մասը, որը այսօր կազմում է 323 մլն դրամ:
Ռ. Ասրյանը հենց սկզբից ստում է, քանի որ նա իր դիմումի համաձայն չի ազատվել աշխատանքից; Նրա աշխատանքը չի բավարարել ղեկավարությանը, գործունեության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ թերություններ, խախտումներ եւ յուրացումներ, որոնց մասին գրություն է ուղարկվել Կապանի ոստիկանության բաժին, սակայն գուցե հաշվի առնելով ոստիկանի նրա անցյալը՝ գործին ընթացք չի տրվել: Ռ. Ասրյանը խոսում է վարձավճարների գանձման մասին, մոռանալով, որ ինքը ջրմուղին պարտք է 42 000 դրամ: Կամ ինչպե՞ս պատահեց, որ իր աշխատելու ընթացքում փեսայի՝ Արթուրի կողմից «Գարդ» տեղամասից ապամոնտաժված 450 գծամետր խողովակը վաճառվեց:
Զարմանալի է, որ Ռ. Ասրյանը խոսում է խողովակների վրա տեղադրված հիդրոէլեկտրակայանների մասին: Տվյալ ՀԷԿ-ի համագործակցության եւ թույլտվության փաստաթղթերը կազմվել են իր կառավարման օրոք եւ առկա է իր ստորագրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել