Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեշտակի թեւերով՝ դեպի Եվրոպա

Հուլիս 08,2011 00:00

\"\"Պետական կրթական հաստատության՝ ԵՊՀ-ի մեջ, օրը ցերեկով,  մասնավոր համակարգ է գործում

Բոլորովին վերջերս մայր բուհի ռեկտորի ընտրություն էր: Թե ինչպես եղավ, որ մրցակից թեկնածու չեղավ՝ համալսարանականները կծու հեգնանքով ասում են, որ ավելի լավ քանդող, քան Արամ Սիմոնյանն է՝ չգտնվեց:
Նա, իրոք, անհավասար «մրցակցության» մեջ մտավ ինքն իր հետ եւ ծանր ու դժվարին պայքարում փայլուն ինքնահաղթանակ տարավ:
Սա մայր բուհի ու նրա ռեկտորի «մրցունակության» բարձրացման աննախադեպ շքերթ էր…
Հինգ տարի առաջ իր հետընտրական հեռուստաելույթում պարոն Սիմոնյանը խոսում էր գիտության առեւտրայնացման, Բոլոնյան հռչակագրի, կրեդիտային համակարգի, համալսարանում բաց եւ արդարամիտ մթնոլորտի ձեւավորման եւ այլ եվրոպական «բարձր» արժեքների մասին: Սակայն նրան ճանաչող ցանկացած համալսարանական դույզն-ինչ չէր կասկածում նրա ձախողմանը:
Այսօր ակնհայտ է այդ աճպարարության իրական պատկերը: Ողջ այդ տարիներին նա աշխատակիցների աննախադեպ «թարմացում» կատարեց՝ կարիերիստ եւ հավակնոտ կիսաուսանող-կիսաաշխատող կադրերով, բաժինները զանգվածաբար ողողեց կիսագրագետ ու համալսարանական պահվածքին անհարիր, գավառամիտ ու գաղափարազուրկ ծանոթ-բարեկամներով՝ դասվարականից մինչեւ ագրարային կրթությամբ… Նաեւ՝ կրթություն չունեցողներով:
Ստեղծվեց գործազուրկների մի ամուր ցանց, որտեղ գերնպատակը ծառայություն մատուցելն էր եւ՝ ոչ աշխատելը: Եվ այս ամենը հատուկենտ մնացած երկարամյա բարեխիղճ ու պարկեշտ աշխատողների լուռ համբերության հաշվին: Բացվեցին բազմաթիվ անպտուղ վարչություններ ու կենտրոններ՝ իրենց պետերով ու տնօրեններով, որոնք պարապության համար բարձր աշխատավարձ ստանալով, ձեռք ձեռքի տված եկամտի այլ աղբյուրներ են փնտրում եւ իրար հետ «ապեր»-ով են խոսում:
Բուհում բարձր աշխատավարձ ստացող աշխատակիցներ կան ու նաեւ՝ բաժնի վարիչ, որոնց համար համակարգիչը նույնիսկ գրամեքենա չէ, այլ՝ քարի դարի գործիք: Այս տեմպերով էլ պարոն ռեկտորը ձգտում է եվրոպական չափանիշների եւ հավակնում տարածաշրջանային առաջատարի դիրքերի:
Վերջին հեռուստատեսային մենախոսություններից մեկի ժամանակ Արամ Սիմոնյանը այնքան է տարվել ինքն իրենով, որ քիչ էր մնում սեփական նախաձեռնությամբ սրբերի շարքը դասվեր: Նրան դասավանդած երկարամյա դասախոսներից մեկը օրեր անց վերհիշեց, որ ինքն է նրան ընդունելության քննությունների ժամանակ հովանավորել եւ նույնիսկ այն տարիների համար ճոխություն համարվող ռեստորան հրավիրել: Եվ որ իրեն քաջ հայտնի է կեղծիքներով եւ միջնորդություններով հագեցած նրա անցած ուղին՝ ընդհուպ մինչեւ ԳԱԱ թղթակից անդամի ընտրություններ:
Այնպես որ, պարոն Սիմոնյանի հոգեբանության մեջ խոր արմատներ է ձգել նորին մեծություն «ստվերը» եւ նա չի կարող ձերբազատվել այդ, իր իսկ խոսքերով ասած՝ չարիքից: Նա այդ չարիքը «հիդրա» անվանեց, որի գլուխը կտրելով՝ մեկի փոխարեն երկուսն է աճում: Ու քանի որ պարոն ռեկտորը սովոր է «ինքն իր դեմ պայքարել ու հաղթել», հուսանք, որ նրան կհաջողվի իր մեջ մոլեգնող հիդրային եւս ոչնչացնել, ավելացրել օտար լեզվի մեկ այլ երկարամյա դասախոս: Պարզվեց, որ պարոն Արամ Սիմոնյանը տարիներ առաջ նրան եւ շատ այլ դասախոսների կանչել է եւ չստացած գումարների դիմաց ստորագրել տվել ու ամբիոնի վարիչի միջոցով էլ, մեղմ ասած՝ «հորդորել», որ հանկարծ լուրը չտարածվի, թե չէ՜…
Նույն կերպ արդեն հինգերորդ տարին նա ստվերում է պահում ողջ հեռակա ուսուցման համակարգը՝ իր ժամաքանակով եւ ֆինանսական հոսքերով: Պետական կրթական հաստատության մեջ, օրը ցերեկով, մասնավոր համակարգ է գործում: Իր իսկ խոսքերով ասած՝ գործում է հավելավճարի «ճկուն» համակարգ, որից լիուլի օգտվում են բացառապես իրենց ընտրյալները:
Ձախողելով եւ նենգափոխելով նաեւ համալսարանական կրթությունը, խրոխտ հայացքով Արամ Սիմոնյանը շրջվում է դեպի ետ, դեպի ավագ դպրոց եւ խոստանում հիմնել հենակետային վարժարան, որպեսզի կարողանա ուսանողների հոսք ապահովել՝ մայր բուհ… Մնում է հենակետային մսուր-մանկապարտեզ, եւ մայր բուհը կփառավորվի իր եվրոպական չափանիշներով:
Պատրաստ ենք տպագրել ԵՊՀ տեսակետը նույնպես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել