Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հուլիս 30,2011 00:00

«Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի առաջարկով՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մոտ հուլիսի 28-ին քննարկում է անցկացվել Նալբանդյան 106/1 հասցեում դադարեցված կառուցապատման խնդրով: Ըստ կուսակցության երեկ տարածած հաղորդագրության՝ բացի գլխավոր ճարտարապետից եւ պատգամավորից, Երեւանի քաղաքապետարանում այդ քննարկմանը մասնակցել են Սայաթ-Նովա պողոտայի, Նալբանդյան, Ա. Պետրոսյան եւ Թումանյան փողոցների բակամերձ շենքերի բնակիչների ներկայացուցիչներ, կառուցապատողը, քաղաքապետարանի այլ իրավասու պաշտոնյաներ. «Հարցի քննարկումից զատ, դա նաեւ կառուցապատող-տարածքի բնակիչներ փաստացի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր, որն անցավ բավական կառուցողական մթնոլորտում: Քննարկման մասնակիցները լսեցին կողմերի բոլոր մտահոգություններն ու տեսակետները: Բակի կառուցապատման վերաբերյալ առաջ քաշվեցին մի քանի գաղափարներ, որոնց հետագա զարգացնելուն դեմ չէին ոչ կառուցապատողը եւ ոչ էլ բնակիչները: Երեւան քաղաքի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը առաջարկեց մտածել այդ գաղափարների շուրջ եւ հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել ավելի առարկայական նախագծեր»:

Հարցի քննարկումից հետո Ստեփան Սաֆարյանը եւ Նարեկ Սարգսյանը անդրադարձել են նաեւ այլ տարածքների կառուցապատման հարցերին: Վիշապի պուրակների կապակցությամբ Նարեկ Սարգսյանը վերահաստատել է, որ քաղաքապետարանի կողմից խնդրին սպառիչ լուծում է տրված՝ կառուցապատողին առաջարկվել է համարժեք տարածք:

Իսկ Լալայանց 37, Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 19, 23, 25, Հյուսիսային պողոտա 6 շենքերով պարփակված տարածքի՝ Պուշկինի 38 հասցեում «Լոքըլ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարության կապակցությամբ էլ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ քաղաքապետարանը մտածում է նաեւ այդ հասցեում բնակիչների համար ընդունելի լուծումներ տալու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել