Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց քննարկման կարի՛ք կա Թուրքիայում

Օգոստոս 12,2011 00:00

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի պատասխանը  Կանադայում Թուրքիայի դեսպան Ռաֆեթ Աքգյունային:

Կանադայի արտաքին հարաբերությունների շաբաթականում (Embassy Magazine) հուլիսին տպագրվել է Կանադայում Թուրքիայի դեսպան Ռաֆեթ Աքգյունայի հոդվածը, որում վերջինս աղավաղված ձեւով անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ մասնավորապես նշելով, որ գոյություն ունի «1915թ. իրադարձությունների բնույթի վերաբերյալ ընթացող լեգիտիմ գիտական բանավեճ, որն ընդունում են կանադացի մի քանի գիտնականներ»: Այնուհետեւ նա նշել է, որ «որեւէ իրավասու միջազգային դատարանի որոշմամբ այդ իրադարձությունները չեն որակվում որպես «ցեղասպանություն»: Թուրքիան չի խուսափել եւ չի խուսափելու Առաջին համաշխարհային պատերազմի մութ ժամանակաշրջանի հետագա ուսումնասիրությունից: Ընդհակառակը, Թուրքիայի նախաձեռնությունն էր 2009թ. Ցյուրիխում երկու արձանագրությունների ստորագրումը՝ որպես Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման նախահիմք, որով նախատեսվում էր նաեւ պատմաբանների միացյալ հանձնաժողովի ստեղծում: Դեռ ավելին, Թուրքիան բացել է իր արխիվները գիտնականների առջեւ եւ կոչ է արել նույնն անել Հայաստանի կառավարությանը, սակայն՝ անօգուտ»:
Ի պատասխան՝ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն հանդես է եկել հոդվածով: «Նախեւառաջ, անտեղի է այս երկրում անդրադառնալ «1915թ. իրադարձությունների բնույթի վերաբերյալ ընթացող լեգիտիմ գիտական բանավեճին, որն ընդունում են կանադացի մի քանի գիտնականներ», քանի որ Կանադան պատկանում է այն շատ երկրների շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը ե՛ւ օրենսդրական, ե՛ւ գործադիր մակարդակով:
Կանադան աշխարհի այն վայրերից մեկն է, որտեղ ապաստան է գտել 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից փրկվածների մի հատվածը: Այնպես որ, կանադական հասարակությունը լավ պատկերացում ունի այդ իրադարձությունների վերաբերյալ, որի բնույթը որեւէ «լեգիտիմ քննարկման» ենթական չէ:
«Ցեղասպանության ուսումնասիրությունները եւ կանխարգելումը» գիտական հանդեսում, որը լույս է տեսնում է Տորոնտոյի համալսարանի հրատարակչության կողմից եւ հանդիսանում է այդ հարցերի վերաբերյալ ամենահեղինակավոր գիտական հանդեսներից մեկը, լույս են տեսել ցեղասպանության հարցերով հեղինակավոր գիտնականների մի շարք հոդվածներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Իրականում, այս հանդեսի երկրորդ համարը ամբողջությամբ նվիրված էր Հայոց ցեղասպանությանը:
Վստահ եմ, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ բաց եւ չսահմանափակված քննարկման կարիք կա հենց Թուրքիայում: Այնուամենայնիվ, այն փաստը, որ թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլի կենտրոնում այս հարցի շուրջ խոսելու պատճառով, կամ Նոբելյան մրցանակի արժանացած թուրք գրող Օրհան Փամուկը, ըստ էության, նույն պատճառով արտաքսվեց իր հայրենի երկրից, Թուրքիայում խոսքի բավարար ազատության կամ այդ հարցի շուրջ «լեգիտիմ բանավեճի» առկայության լավ ազդանշաններ չեն… 2002թ. Նյու Յորքում գտնվող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը եզրակացրել է, որ հայերի ջարդերն Օսմանյան կայսրությունում «պարունակում են ցեղասպանության հանցագործության բոլոր տարրերը, ինչպես այն սահմանված է կոնվենցիայում, եւ իրավագետները, ինչպես նաեւ պատմաբանները, քաղաքական գործիչները, լրագրողները եւ այլ անձինք կարող են, արդարացիորեն շարունակելով, դրանք այդ կերպ որակել»:
Ավելին, ի լրումն Կանադայի, ավելի քան երկու տասնյակ երկրներ եւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, որոնց թվին է պատկանում Ցեղասպանագիտության միջազգային հայտնի ասոցիացիան, ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի նախապատմությունն առնչվում է հայ ժողովրդի ամենաողբերգական էջի հետ: Հայոց ցեղասպանության դատապարտման եւ հետեւանքների վերացման բացակայությունն էր, որ 1921թ.-ին պատճառ դարձավ երիտասարդ բանասեր Ռաֆայել Լեմկինին հարցնել իր պրոֆեսորին, թե ինչո՞ւ հայերը չեն դիմում Հայոց եղեռնի կազմակերպիչներին ձերբակալելու համար: Այս հարցին ի պատասխան, պրոֆեսորն ասում է, որ որեւէ օրենք չկա, որի շրջանակներում հնարավոր կլիներ նրանց ձերբակալել: Հենց այս պատասխանն է ստիպում Լեմկինին թողնել բանասիրությունը եւ ընկղմվել միջազգային իրավունքի մեջ՝ նվիրվելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրմանը, որն էլ, ի թիվս այլոց, ճանապարհ է հարթում 1948թ. կոնվենցիայի ընդունման համար… Մենք՝ դիվանագետներս, պետք է ծայրահեղորեն ճշգրիտ լինենք միմյանց հետ կամ հրապարակայնորեն խոսելիս: Հայ-թուրքական հարաբերությունները փակուղու մեջ էին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը…
Ցանկանում եմ տեղեկացնել իմ թուրք գործընկերոջը, որ Հայաստանի կառավարությունը մշտապես արխիվները Հայաստանում բաց է պահում բոլորի համար: Շատ խելոք մարդիկ ամբողջ աշխարհից, ներառյալ Թուրքիայից, այնտեղ կատարում են իրենց ուսումնասիրությունները:
Դիվանագետը կրում է ազնիվ, ճշգրիտ ու քաղաքավարի եւ, որ ամենակարեւորն է՝ հարգալից լինելու մեծ պարտավորություն»,- ասվում է Ա. Եգանյանի պատասխան հոդվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել