Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԳԵՈՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ»

Սեպտեմբեր 09,2011 00:00 Share

\"\"Վարդան Բոստանջյանը նաեւ սրանով է բացատրում  «Վիկիլիքսի» գաղտնազերծումները

– «Վիկիլիքսյան» գաղտնազերծումները, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում:
– Ընդհանրապես ես չեմ հավատում, որ ճիշտ եմ իմ վերլուծություններում, այդուհանդերձ, հասկանում եմ, որ սա խոշոր, ամբողջ «պլանետան» խառնող մի տեղամաս է, որ խառնում է բոլոր միջոցները, որպեսզի ամրագրված տեղերում առաջացնի տատանումներ, մեծ կամ փոքր տատանումներ: Մասնավորապես, «Վիկիլիքսը» ես այդպես եմ տեսնում եւ, բնականաբար, ակնհայտորեն, չեմ ողջունում, որովհետեւ հասկանում եմ, որ կառավարումը բարդ պրոցես է, եւ այդ բարդ պրոցեսի մեջ հնարավոր են նաեւ տետատետ ռեժիմով որոշակի երեւույթների վերաբերյալ խոսակցություններ: Դա նշանակում է, որ դիմացինին դու նվազագույնը պատվախնդիր ես համարում՝ մտածելով, որ նա չի բացահայտի քո խոսքերը, որովհետեւ եթե մի կողմը իրեն պահում է այնպես, ինչպես իրեն պահեց «Վիկիլիքսը», դա ես բարոյական չեմ կարող համարել, վատ եմ համարում:
– Ձեր կարծիքով՝ «վիկիլիքսյան» այս հրապարակումները կոնկրետ ինչ-որ մարդու, ինչ-որ գործչի, ինչ-որ քաղաքական ուժի դե՞մ են ուղղված, թե՞ ուղղակի արվում են ՀՀ իշխանություններին ինչ-որ բաներ հասկացնելու համար:
– Ոչ, սա ես ավելի շուտ կուզենամ նմանեցնել այն խնդրին, երբ 2001-ին Միացյալ Նահանգներում պայթեցվեցին երկնաքերները, ինչո՞ւ պայթեցվեցին՝ քաղաքականությունը կտրուկ փոխելու համար: Ես չեմ կարող վստահ լինել, որ այդ ինքնաթիռները ինքնուս ստեղծագործող էին եւ իրենք-իրենց են գնացել դեպի այդ շենքերը: Կամ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամը. փաստորեն, գերկառավարողները անում են այն, ինչ ուզում են անել, ես հասկանում եմ, որ բոլոր, մինչեւ անգամ մեծ երկրների ուժերը դրանց առաջ դժվարանում են կանգնել: Հենց դրանց գործառույթներից մեկն էլ «Վիկիլիքսն» է, որը վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ ընդհանրապես, աշխարհում իրենց քաղաքականությունը իրականացնելու նպատակ է հետապնդում՝ դա կլինի Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող երեւույթ, կամ կլինեն զանազան այլ տարածաշրջաններ, խաղաղ գոյակցության խնդիրներ եւ այլն: Մասնավորապես, մի մասնաբաժին էլ կարող է հասնել Հայաստանին, քանի որ տարածաշրջանը, անկախ ռեսուրսային ապահովվածության ինստիտուտից, բոլոր դեպքերում կարծես մի հանգույց լինի, կարեւոր տեղամաս, ես մտածում եմ, նաեւ մտածողության առումով, վարքագծի առումով, ինչու չէ՝ ճկունության առումով Հայաստանը այդպիսին է եւ, որպես այդպիսին, շատ հետաքրքիր է գեոուժերի համար, եւ որոշակի երեւույթներ գեներացնելու համար հնարավոր է, որ այդ բացահայտումներն իրականացվեն: Բայց, բոլոր դեպքերում, ուզում եմ ասել՝ դրանք ի՞նչ բացահայտումներ են, դրանք պարզապես կառավարմանը վերաբերող խնդիրներ են, տվյալ պահին գուցե նաեւ իրավիճակի մեկնաբանություններ են ավելի վստահելի մթնոլորտներում: Եվ հիմա այդ «վստահելի» կողմը բացահայտում է այդ բանը, դա իր պատիվը կտրուկ նվազեցնում է, եթե չասեմ՝ վերացնում:
– Բայց նույն «Վիկիլիքսը» ընդամենը տեղեկատվական կայք է:
– Բոլոր դեպքերում այդ լրատվական կայքը չունի այդպիսի մեծ հզորություն, որ կարողանա այդ կարգի ամպլիտուդային տատանումներ ստեղծել մոլորակում:
– Չե՞ք գտնում, որ մեր պետական-քաղաքական գործիչները, այնուամենայնիվ, մի քիչ բացբերան են, որքան էլ զրույցը լինի տետատետ:
– Եթե այդպես էլ լինի, ես չէի ուզենա դրա մեջ ահավորություն տեսնել, որովհետեւ, իսկապես, մեր ազատականության, անկախության գործընթացը նոր սկսված պրոցես է, եւ շահերի բախումը ցցուն է լինում, դրա հետ միասին, համապատասխան գործերին առնչվողները դեռեւս չեն հասցնում հոգեբանորեն պատրաստ լինել եւ, հնարավոր է, շատ բաների վերաբերյալ խոսում են, որ կարելի էր չխոսել:
– Վերադառնալով երկխոսության թեմային՝ մի առիթով Դուք նշել էիք, թե Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը զուտ պատրվակ էր երկխոսությունը դադարեցնելու համար, ինչո՞ւ եք այդ կարծիքին:
– Բոլոր դեպքերում, ընդդիմությունը մեր երկրի ստեղծման, ազատականացման գործում ունեցել է իր դերը, բայց տվյալ ժամանակահատվածում կարծեք թե հասարակությանն ավելի սիրուն ներկայանալու համար անընդհատ այդ երկխոսության արդյունքները ներկայացնում են, այսպես կոչված, «պահանջներ»: Ոչինչ, դա մի կերպ կարելի էր հանդուրժել, ասել՝ դե լավ, ասեք՝ «պահանջներ», բայց դրանով չեն բավարարվում եւ դրանից հետո ասում են՝ տեսա՞ք, պահանջները կատարեցին: Իրականում այդպիսի բան չի լինում, իշխանությունը ոչ մի պահանջ էլ չի կատարում, իշխանությունը կարող է հասկանալ երեւույթը, գտնել, որ պետք է անել եւ անի, եւ դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի պահանջն է կատարում: Եվ հիմա ավելի թույլ մտածողների համար որպեսզի ստեղծվի այդ երեւութականությունը, որ իբր պահանջները աստիճանաբար կատարվում են, դրանով իրենք երեւի սահմանը խախտեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել