Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ՝ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 09,2011 00:00 Share

\"\"ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը երեկ ընդունած բանաձեւի նախագծով մարտի 1-ի վերաբերյալ հաշվետվության հրապարակումը կարեւորել է
«Հայաստանի նորագույն պատմության այս ցավոտ դրվագը փակելու» համար:

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Փարիզում երեկ կայացած նիստում քվեարկությամբ որպես հիմք է ընդունվել «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» բանաձեւի նախագիծը: Նաեւ գրեթե 1 ժամ շարունակ քննարկվել է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի կազմած զեկույցը, հնչել են բազմաթիվ ելույթներ:
Մեջբերումներ կատարենք բանաձեւի նախագծից, որը քվեարկվելու է ԵԽԽՎ հոկտեմբերի 3-ից սկսվելիք նստաշրջանում: Այստեղ ողջունվում է 2011-ի մայիսի 26-ին հայտարարված համաներումը եւ ՀԱԿ-ի կառուցողական արձագանքը դրան. «Գոհունակությամբ նշում է, որ սույն համաներմամբ ազատ են արձակվել բոլոր անձինք, որոնք դեռ մնում էին բանտում 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ»:
Վեհաժողովը բանաձեւի այս նախագծում անդրադառնում է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը. «Չնայած մի շարք թերություններին՝ նրա առաջարկները ամուր հենք են՝ մատնանշելու 2008-ի մարտի դեպքերի հիմք հանդիսացած պատճառները եւ կանխելու նման իրավիճակների զարգացումն ապագայում»: Սակայն ԵԽԽՎ-ն նաեւ վերստին անհանգստություն է հայտնում 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննության բացակայության կապակցությամբ եւ այս կապակցությամբ հայտնում է մի շարք նկատառումներ՝ մասնավորապես, որ պետք է ուշադրություն դարձվի «հրամանատարության պատասխանատվությանը եւ այն համատեքստին, որում տեղի են ունեցել մահվան 10 դեպքերը», եւ եթե զոհերի համար անհատական պատասխանատվության խնդիր չի կարող արծարծվել՝ «դրա պատճառները պետք է լիովին բացատրվեն հետաքննական հաշվետվությունում»: Նշվում է նաեւ, թե իշխանություններն այդ հաշվետվությունը պետք է հրապարակեն մինչեւ 2011-ի ավարտը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մասնակցում էր Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին՝ «Առավոտին» հայտնեց. «Նախաքննության ընթացքի վերաբերյալ հաշվետվության մասին քննարկում է եղել նաեւ ՀՀ նախագահի Ստրասբուրգ այցի ժամանակ, եւ նա դրական է արձագանքել այդ հարցադրմանը»:
Վեհաժողովը շնորհավորել է կոալիցիային եւ ՀԱԿ-ին՝ «Հայաստանի քաղաքական միջավայրի կարգավորմանը» միտված երկխոսություն նախաձեռնելու համար, եւ կողմերին կոչ է արել դրան մասնակցել «կառուցողական ու բարեխղճորեն եւ ոչ թե սահմանափակել քննարկումները սահմանափակ թվով պոտենցիալ վիճելի թեմաներով»: Նաեւ առաջարկել են թեմաներ երկխոսության համար՝ մասնավորապես, «ստեղծել քաղաքական այնպիսի մթնոլորտ, որտեղ կարող են տեղի ունենալ իրապես ժողովրդավարական ընտրություններ»: Դավիթ Հարությունյանը պարզաբանեց. «Թերեւս երբ պատրաստվում էր այս նախագիծը՝ դեռեւս տեղեկություն չկար, որ երկխոսությունը կասեցվել է»: Նա իր ելույթում անդրադարձել է այդ առկախմանը, եւ Պրեսկոտն արձագանքել է, որ անպայման կուսումնասիրի այդ հարցը. «Նաեւ ասաց, թե շատ ցավալի է, որ երկխոսությունն ընդհատվել է»:
ԵԽԽՎ-ն չափազանց կարեւորում է առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Վեհաժողովը գտնում է, որ ընդունված նոր «Ընտրական օրենսգիրքը» բավարար հիմք է ստեղծում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, «եթե իրականացվի բարեխղճորեն»: Նաեւ կոչ է արված բոլոր քաղաքական ուժերին՝ «զերծ մնալ որեւէ գործողությունից կամ հայտարարություններից, որոնք կարող են քայքայել հանրային վստահությունը ընտրական գործընթացի եւ դրա ելքի նկատմամբ»: ԵԽԽՎ-ն կոչ է արել միջազգային հանրությանն ապահովել լայնածավալ դիտորդական առաքելության իրականացում եւ Վեհաժողովի բյուրոյին առաջարկել է ապահովել ԵԽԽՎ-ից մեծ պատվիրակություն: Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, որը նույնպես Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ է, «Առավոտին» հայտնեց, որ իր ելույթում ողջունել է դիտորդական ավելի մեծ առաքելություն ուղարկելը: Նա ելույթում ընդգծել է. «Իհարկե, շատ կարեւոր է, որ իրականացվեն այն դրույթները, որոնք արձանագրված են «Ընտրական օրենսգրքում», բայց այսօր Հայաստանում կան ընտրակեղծիքներ, որոնք օրենսգրքի հետ բացարձակապես կապ չունեն՝ լցոնումներ եւ քրեական տիպի մնացած խախտումներ»:
Նշենք նաեւ, որ բանաձեւի նախագծում հերթական անգամ մտահոգություն է հայտնված Հայաստանում դատական համակարգի անկախության բացակայության եւ կոռուպցիայի կապակցությամբ: Կարեւորվել են ոստիկանության բարեփոխումները, եւ մտահոգություն է հայտնված ոստիկանների կողմից դաժան վերաբերմունքի եւ չարաշահումների դեպքերի կապակցությամբ: Համազեկուցողների բացատրական հուշագրին, որը նրանց զեկույցի մաս է կազմում՝ կանդրադառնանք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել