Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կտոր՝ Ջոն Էվանսի զեկույցից

Սեպտեմբեր 09,2011 00:00 Share

Ինչո՞ւ պաշտոնանկ արվեց ԱԱԾ նախկին պետը

Wikileaks-ի՝ Հայաստանին առնչվող գաղտնազերծված դիվանագիտական գրագրություններից մեկը, որը թվագրված է 2004-ի նոյեմբերի 8-ով, վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի պաշտոնանկությանը, ավելի ճիշտ՝ դրա պատճառներին: Կ. Պետրոսյանի պաշտոնանկության պաշտոնական պատճառաբանությունը սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվելու նրա դիմումն է եղել, իսկ ոչ պաշտոնապես տարբեր տեղեկություններ էին շրջանառվում՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասություններից մինչեւ Սերժ Սարգսյանի պատգամավոր եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ ինչ-ինչ հակասություններ ունենալն ու, ի վերջո, չմաքսազերծված մեքենա վարելը: Սակայն քիչ այլ է ԱԱԾ նախկին ղեկավարի պաշտոնանկության պատճառը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի: «Բողոքները չափազանց շատ էին դրանք անտեսելու համար» վերտառությամբ դեսպանը վկայակոչել է ԱՄՆ քաղաքացի, փաստաբան Վահե Յակուբյանին, որն ասել է. «…ես եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախագահի մոտ էինք, երբ վերջինս զանգահարեց Պետրոսյանին պաշտոնանկ անելու համար: Յակուբյանը մեզ ասաց. «Պարզապես Կառլոսը մեկընդմիշտ անցել է սահմանը»: Ամենավերջին միջադեպը կապված է Հունաստանում գողացված բարձրակարգ մեքենայի հետ, որն Ինտերպոլը հայտնաբերեց Երեւանում: Ոստիկանությունն առգրավեց մեքենան, սակայն այնուհետեւ դա ոստիկանական կալանքից անհետացավ՝ ճիշտ եւ ճիշտ հայտնվելով Ռուսաստանի համար վրացական սահմանին կանգնեցված ավտոշարասյան մեջ: Յակուբյանի ասելով, այս գործում Պետրոսյանի ենթադրյալ ներգրավվածության մասին բողոքներ նախագահ Քոչարյանին հասան իրարից անջատ. Ինտերպոլի տեղական գրասենյակից, Հունական ապահովագրական ընկերությունից, որոնք հերթով նախնական զեկուցագրեր էին կազմել, Հայ Յեղափոխական Դաշնակցությունից (ՀՅԴ) (կառավարող կոալիցիային մաս կազմող), որը Հունաստանում գողացված մեքենայի տիրոջ հետ կապ էր հաստատել: Դաշնակցականների բողոքը դարձավ այն «ծղոտը, որը կոտրեց ուղտի մեջքը»: Յաղուբյանի ասելով, Քոչարյանը չէր կարող իրեն թույլ տալ պաշտոնում թողնել Պետրոսյանին՝ իրենից վանելով քաղաքականապես կարեւոր դաշնակցականներին»:
Դեսպան Էվանսն ավարտելով իր զեկույցը՝ Կ. Պետրոսյանի, իր ձեւակերպմամբ՝ «չնախատեսված հետնորդներին», նշել է. «Քանի որ Պետրոսյանի պաշտոնանկությունը նախատեսված չի եղել, նրա հետնորդը անմիջապես չնշանակվեց: Մամուլի հաղորդումներն ու նախարարների մակարդակով շփումները ենթադրում են, որ ԱԱԾ պետի պաշտոնում Պետրոսյանին փոխարինելու ֆավորիտ թեկնածուներ են նախարար (այն ժամանակ հարկային ծառայության պետ- խմբ.) Ֆելիքս Ցոլակյանը, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը եւ Քաշաթաղի մարզպետ Ալեքսան Հակոբյանը»:
Իհարկե, դեպքերի զարգացումները ցույց տվեցին, որ պարոն դեսպանի շփումները ԱԱԾ նոր պետի նշանակման իմաստով օգտակար չէին, որովհետեւ նշված թեկնածուների թվում ԱԱԾ հաջորդ պետը՝ Գորիկ Հակոբյանը, նշված էլ չէր: Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին պետ Կ. Պետրոսյանին, ապա վերոհիշյալ եւ ակնարկվող այլ «կոմպրոմատները» շալակին ունենալով՝ նրան, այդուհանդերձ, ոչինչ չէր խանգարել, որպեսզի 2008-ին պարոն Կառլոս Պետրոսյանի «ազգօգուտ եւ եկեղեցաշեն վաստակը» Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «բարձր գնահատեր» եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրան «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձներ:
Բաց է մնում, սակայն, մի կարեւոր հարցադրում. ինչպե՞ս պատահեց, որ 5 տարի ԱԱԾ պետ եղած պաշտոնյան հնարավորություն ստացավ մշտական բնակության մեկնել այլ երկիր, երբ նա մեկն է այն պաշտոնյաներից, որոնք տիրապետում են պետական հույժ գաղտնի նյութերի եւ, ըստ այդմ, առնվազն 5-10 տարի իրավունք չունեին լքելու Հայաստանի տարածքը: Երեկ մեր այս հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, թե գլխավոր դատախազությունը որեւէ առնչություն չունի այդ խնդրի հետ, որ այդ խնդիրը կարգավորում է ԱԱԾ-ն: «Առավոտը» վերոհիշյալ հարցը վերահասցեագրում է ԱԱԾ-ին՝ հուսալով ստանալ ողջամիտ եւ հստակ պատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել