Լրահոս
Օրվա լրահոսը

4 ՀԱՏՈՐԱՆՈՑ ԳՈՐԾ՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԴԵՄ

Սեպտեմբեր 09,2011 00:00

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց գյումրեցի ազատամարտիկ, ՀԱԿ ակտիվիստ Ժորա Աթոյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ Հարություն Հարությունյանը ազատամարտիկին մեղադրում է կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ձեռք բերելու, անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու, «խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ»: Ըստ քրեական գործի, Ժորա Աթոյանը պետությանը պատճառել է 8.733. 879 դրամ գումարի վնաս: «Զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով Ժորա Աթոյանը 2005թ. ձեռք է բերել եւ մինչեւ 2010թ. դեկտեմբերի 1-ը օգտագործել է ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին ակնհայտ կեղծ փաստաթղթեր»,- ընթերցում ենք քրգործում: Սակայն ազատամարտիկը չի համաձայնում իրեն ներկայացվող մեղադրանքի հետ՝ պնդելով, որ ինքը մի կերպ է փրկվել մեռնելուց, իսկապես վիրավորված է եղել, մարտի դաշտում կոնտուզիա է ստացել: «Ծիծաղելի է այդ մեղադրանքը, աբսուրդների աբսուրդն է, Փառք Աստծո, ես ապացույցներ էլ ունեմ, վկաներ, մարտական ընկերներ էլ կան, բժշկական փաստաթղթեր էլ: Այստեղ կա եւ քաղաքական ենթատեքստ, եւ անհատական վրեժխնդրություն»,- ասաց ազատամարտիկը՝ չմանրամասնելով, թե ում կողմից: Դատը այդպես էլ չկայացավ, դատավոր Մարտին Սարոյանը Ժորա Աթոյանի փաստաբան Աննա Դավթյանին 6 օր ժամանակ տվեց՝ բազմահատորանոց գործին ծանոթանալու համար: Նշենք, որ դահլիճը լեցուն էր ՀԱԿ ակտիվիստներով, եւ այնպիսի տպավորություն էր, թե դատում են քաղբանտարկյալի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել