Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼ

Սեպտեմբեր 09,2011 00:00 Share

\"\"Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների համար դասապրոցեսները կազմակերպվում են այլ դպրոցներում

Կապանի թիվ 2 ավագ դպրոցում այս տարի սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգը չի հնչել, փոխարենը ավագ դպրոցի աշակերտների համար զանգը հնչել է քաղաքի 2 այլ դպրոցում: Հուլիսի 19-ին «Փլվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ հուլիսի 17-ին, առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում փլվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքի միջնամասը: Դպրոցի նիստերի դահլիճը, ճաշարանն ու դասասենյակներն ամբողջովին գետնին են հավասարվել, հարակից պատերն էլ ճաքել են: Դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը մեզ ասել էր, որ 1965 թվականին շենքը կառուցվել է թերությունով, եւ շինության ամբողջ ծանրությունը տարիներ ի վեր ընկած է եղել հետեւի պատի վրա: Արդյունքում՝ այն կամաց-կամաց դարձել է վթարային եւ փլվել:
Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտների համար դասապրոցեսները կազմակերպվում են Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում, իսկ միջին դասարանների աշակերտները հաճախում են թիվ 1 հիմնական դպրոց: «Փրկված գույքի մի մասը տեղափոխել ենք թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ իրականացվում է ավագ դպրոցի ուսուցումը: Այնտեղ մեզ տրամադրվել է 2 մասնաշենք՝ 17-18 դասարանով, որ դասարանում գույք չկար՝ աջակցել է դպրոցը: Թիվ 1 հիմնական դպրոցում էլ 8 դասարան է մեզ հատկացվել, կրկին գույքով աջակցել է դպրոցը: Իսկ նախկին լուսատեխնիկական գործարանում՝ լաբորատոր սարքավորումները, հաշվապահությունը, գրադարանն ենք պահեստավորել: Մեր դպրոցի փլված հատվածի դասասենյակների ու դահլիճի գույքն է փչացել, բարեբախտաբար անցած տարի ավագ դպրոցին տրամադրված աշակերտական սեղան-աթոռները, 10 համակարգիչները փրկվել են, դրանք օգտագործելու ենք նոր ուստարում: Չարչարվում ենք, որ ուսումնական տարին առանց խոչընդոտների լինի, միայն հեռավորության խնդիրը կա»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը:
Կապանի թիվ 2 ավագ դպրոցը տեղակայված էր քաղաքի կենտրոնական հատվածում եւ տեղանքի առումով շատ հարմար էր, իսկ թիվ 1 եւ թիվ 6 դպրոցները հեռավորության առումով շատերի համար հարմար չեն, հատկապես քաղաքի ծայրամասում գտնվող թիվ 6 կրթօջախը: Ծնողների շրջանում դժգոհություն էր առաջացել, մտածում էին, թե ինչպես են տարվա ցուրտ ու տեղումներով լի ամիսներին այդքան ճանապարհ անցնելու: Մոտ 700 աշակերտ ուսում ստանալու համար պետք է ավելի երկար ճանապարհ անցնի, քան նախկինում: Տիկին Կարինեն Կապանի Մ. Ստեփանյան փողոցում է ապրում, նրա 2 երեխաներն էլ ավագ դպրոցի բարձր դասարաններում են սովորում եւ այսուհետեւ պետք է հաճախեն թիվ 6 կրթօջախ, որը շատ հեռու է իրենց թաղամասից: «Շատ հեռու է 6-րդ դպրոցը մեր տնից: Հիմա եղանակները լավ են, արեւ է, ոտքով կգնան-կգան ամեն օր, էդքան չենք մտածի, բայց անձրեւոտ օրերին, ձմռան ցրտին, սառույցներով ո՞նց են էնքան ոտքով գնալ- գալու, գումար չունենք, որ 2-ի համար ամեն օր տրանսպորտի փող տանք: Չգիտեմ, էսպես պիտի մի բան մտածեն էս առումով»,- ասում է զրուցակիցս: Սակայն այս դժգոհությունները մինչեւ դասերը սկսվելն էին, անհանգստությունները փարատվեցին, երբ պարզվեց, որ հատուկ տրանսպորտ է գործելու երեխաներին տեղափոխելու համար: Սեպտեմբերի 1-ից աշակերտները դասի գնում են հատուկ իրենց համար նախատեսված ավտոբուսով, որը դասապրոցեսի ավարտից հետո նաեւ երեխաներին հետ է բերում:
Դպրոցի փլուզումից 11 օր անց՝ հուլիսի 28-ին, ՀՀ կառավարությունը որոշել է միջոցներ հատկացնել եւ վթարային վիճակում գտնվող Կապանի թիվ 2 ավագ դպրոցի փոխարեն կառուցել նոր դպրոց մեկ այլ տարածքում, իսկ ներկայիս կիսաքանդ մասնաշենքը քանդել:
Ըստ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի՝ ըստ ամենայնի, շենքը կկառուցվի ավագ դպրոցի ետնամասի մարզահրապարակում, կունենա 3 հարկ, իսկ կիսաքանդ մասնաշենքի տեղում, այն ապամոնտաժելուց հետո, կկառուցվի սպորտհրապարակը: Այսօր դեռեւս ուսումնասիրություններ ու նախապատրաստական աշխատանքեր են ընթանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել