Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պարը Բելգիայում

Սեպտեմբեր 09,2011 00:00

2001 թվականի հունիսի սկզբներին, անսալով «Նուարդ» մշակութային միության կոչին, Բելգիայում ապրող հայ վեց սեւաչյա պատանիներ, ամոթխած ու վախվորիկ հայացքներով, հավաքվեցին մի գողտրիկ պարասրահում ու հայկական ժողովրդական պարերի անսամբլի հիմքը դրեցին: Բելգիական Անտվերպենի հնադարյա պատմության մեջ առաջին անգամ հառնեց հայկական խրոխտ պարը. աղջիկները՝ բոց ու կրակ, բայց եւ նազանքով, տղաները՝ հպարտ ու վստահ ու չափազանց բեմային: Պարուսույց Ենոք Ստեփանյանի ջանասիրությամբ անսամբլը, որում մի քանի այլազգիներ էլ կային, «Բարեկամություն» անունով կնքվեց, սկսեց ելույթների շարքը. անսամբլը պարեց հրապարակներում ու բակերում, փոքրիկ բեմերում ու փոքր փառատոներում, քաղաքային միջոցառումներում ու միջազգային փառատոներում, հեռուստատեսությամբ ու պատվավոր մրցույթներում:
Անսամբլը ճանաչվեց, անուն ձեռք բերեց, դարձավ երկրի լավագույն երիտասարդական անսամբլներից մեկը, նույնիսկ Բելգիան ներկայացրեց միջազգային մեծամասշտաբ փառատոնում: Անսամբլի շնորհիվ բելգիացին եւ այլազգիները ճանաչեցին հային ու Հայաստանը, ճանաչեցին հայ պարը, հայի պատմությունն ու հայի աշխարհը: Տասը տարիների ընթացքում անսամբլը ունեցավ շուրջ ութ տասնյակ ելույթ: Ունեցավ նաեւ սերնդափոխություն. քանի~ երեխաներ ու ջահելներ պարել սովորեցին: Ու հիմա էլ, անսամբլն իր հատընտիր երաժշտությամբ, աչքառու տարազով, հրաշալի պարացանկով շարունակում է իր հայաշահ առաքելությունը ու կորզում բազմաթիվ պարասերների հիացմունքն ու ծափահարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել