Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԶՈՀ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

Սեպտեմբեր 21,2011 00:00

\"\"Մոսկվայի «Վրեմյա» հրատարակչությունը ռուսաց լեզվով լույս է ընծայել Սեւակ Արամազդի «Արմեն» վեպը՝ Ալբերտ Նալբանդյանի թարգմանությամբ եւ ռուս անվանի բանաստեղծուհի Յուննա Մորիցի խոսքով: Գրքում տեղ են գտել նաեւ բանաստեղծուհու՝ վեպին նվիրված մոտ 30 գծանկարչական աշխատանքները:

«Սեւակ Արամազդի «Արմեն» վեպը մարդկային ճակատագրի մի խորաթափանց պատմություն է՝ արդի աշխարհում եւ հասարակության մեջ, որտեղ ամենից դժվարն ու ամենից վտանգավորը մարդ լինելն է,- գրում է Յուննա Մորիցը:- Միաժամանակ լեգենդ եւ փաստաթուղթ, առակ եւ իրադարձությունների կենդանի միջավայր. իրականի եւ վերիրականի հայելային անդրադարձումներն ապրում են այս գրքում՝ խիտ, ինչպես հեքիաթային անտառ եւ շիկացած տիեզերք: Դա Շեքսպիրի, Էդգար Պոյի, Գրիմ Եղբայրների եւ Հիչկոկի տիեզերքն է»:

Սեպտեմբերի 10-ին Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում «Վրեմյա» հրատարակչության տաղավարում տեղի ունեցավ «Արմեն» վեպի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը (բնագիրը լույս է տեսել 2009թ. Երեւանում): Ներկայացնում ենք հեղինակի խոսքը՝ այդ առթիվ: 

Ուրախութեամբ ընթերցողին եմ ներկայացնում  իմ «Արմէն» վէպը, որի թարգմանիչն է իմ լաւ բարեկամ, բանաստեղծ Ալբերտ Նալբանդեանը: Նա ռուս ընթերցողին յայտնի է իր արձակ եւ չափածոյ բարձրարուեստ թարգմանութիւններով։

Գիրքն օժտուած է Յուննա Մօրիցի հրաշալի ու բազմախորհուրդ գծանկարներով, որոնք կազմում են մի իւրօրինակ պատկերավէպ՝ այնքան խոր, ինքնատիպ ու ներդաշնակ, որ երբեմն թւում է, թէ  մենք գործ ունենք երկու հայելային աշխարհների հետ, որոնց զուգահեռ գծերը հատւում են ինչ-որ տեղ՝ ամենախորքում: Այդ հոգեւոր տիեզերքում ժամանակն ու տարածութիւնը ոչ թէ դանդաղում են ու կրճատւում՝ մէկը միւսի հաշուին, այլ  իրենց ներսում անվերջ բազմապատկւում՝ վերածուելով ստեղծագործական միասնական ժամանակի ու տարածութեան: Սակայն, ինչպէս նիւթական տիեզերքի պարագային, այս դէպքում եւս միակ բացարձակ մեծութիւնը եղել եւ մնում է Լոյսը:

Ո՞րն է այս գրքի ասելիքը: Ինձ համար անչափ դժուար է այս հարցին տալ միանշա-նակ պատասխան, քանի որ վէպի հիմքում ընկած չէ որեւէ որոշակի հարց: Իմ կարծիքով, այս գիրքն ամբողջ ուժով ձգտում է  ընթերցողին հաղորդել այդ բացարձակ Լոյսի կենդանի ներկայութեան յաւիտենական զգացումը: Այսինքն՝ այն, ինչ մենք ամեն օր, ամեն վայրկեան,  ամեն իրադրութեան մէջ ապրում ենք, բայց մեծ մասամբ չենք գիտակցում: Դա մեր բուն կեանքն է, եւ, ըստ իս, արուեստը միակն է, որ փորձում է ազնուօրէն ու անշահախնդրօրէն կրել մարդկային կեանքի ճակատագրի բեռը:

«Արմէն» վէպն Արմէն անունով մի երիտասարդ մարդու ճակատագրի պատմութիւնն է: Ինչպէս գրուած է գրքի հեղինակային առաջաբանում, դա «ամբողջովին կեանք է եւ մի քիչ էլ՝ գրականութիւն»: Այդտեղ գրեթէ չկան տող, զգացում, միտք ու իրադրութիւն, որ ապրուած չեն: Արմէնի պատմութիւնն սկսւում է ցնցումով, ինչպէս բոլոր ծննդեան պատմութիւնները՝ մարդու, բնութեան, տիեզերքի, որի սկիզբը  գիտնականները կապում են ենթադրեալ Մեծ Պայթիւնի հետ: Վէպում այդպիսի դեր է կատարում մանկասպանութեան դէպքը, որն այդպէս էլ մնում է առեղծուած. եղե՞լ է, թէ՞ ոչ: Բայց եւ այնպէս, այդ մութ-անորոշ դէպքը շարժման մէջ է դնում վիպական ամբողջ իրադրութիւնը, ուր մոլեգնում է մի կատաղի-անզիջում պայքար իշխանութեան համար: Այդ պայքարն աներեւոյթ է, ընթանում է ընդյատակում եւ միայն երբեմն-երբեմն իրեն զգացնել տալիս իր դէսուդէն թռչող կայծերով, մինչեւ վէպի աւարտին դուրս է լողում ընդերքից ու վերածւում մի հսկայական հրդեհի, որ ճարակում է ամեն ինչ, եւ Արմէնը դառնում է այդ հրդեհի անմեղ զոհը:  Այդու-հանդերձ,  իր կեանքի այդ վերջին երեք օրերի ընթացքում, որոնց նուիրուած է վէպը, նա հասցնում է ամբողջովին երեւակուել. այսինքն՝ ցոյց տալ իր էութիւնը, այն, ինչ որ է: Այդպիսով նա հաստատում է իր ազատութիւնը, որը հնարաւոր չէ մարդու մէջ կործանել:  Անխնայ գոյապայքարում յաղթում է ոչ թէ իշխանութիւնը, այլ Արմէնը՝ ինչպէս իր կեանքով, այնպէս էլ իր մահով: 

Տիեզերական իմաստով այդ ամենն աւարտւում է «մնացորդային ճառագայթմամբ»՝ անվերջ ծխացող ցաւի այրող մոխրով. դա զոհի հանգամանքն է, որի շնորհիւ է միայն հնարաւոր դառնում ազատութիւնը: Աշխարհի գրեթէ բոլոր հին ու նոր կրօններն սկսւում են զոհից. դա արարչագործութեան պարտադիր պայմանն է: Թէ ինչո՞ւ է դա այդպէս՝ մենք չգիտենք եւ չենք կարող իմանալ: Ճիշտ, ինչպէս մեզ անյայտ են մնում այն բոլոր Արմէնների պատմութիւնները, որ ամենատարբեր ձեւերով կրկնւում են ամենուր եւ ամեն ժամանակ, գուցէ նաեւ հէնց այս պահին: Քանզի մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ, ինչպէս իր խօսքում հիանալի նշել է Յուննա Մօրիցը, «ամենից դժվարն ու ամենից վտանգավորը մարդ լինելն է»: Այդ բնորոշումը պարունակում է նաեւ մի մխիթարիչ ճշմարտութիւն. այն, որ առանց ազատութեան՝ չի կարող գոյութիւն ունենալ նաեւ այդ աշխարհն ինքը:

Երբեմն ինձ կշտամբելու պէս հարցնում են, թէ հնարաւոր չէ՞ր արդեօք այնպէս անել, որ Արմէնը չզոհուէր: Գուցէ նաեւ՝ հնարաւոր էր: Բայց դա կլինէր բոլորովին մէկ այլ գիրք՝ մէկ այլ հերոսի մասին:

Մի անգամ, երբ որդիս դեռ երեխայ էր, հարցրեց. «Հայրիկ, ինչո՞ւ դինօզաւրերը, որ այդքան մեծ են եղել, անհետացել են, իսկ մարդիկ, որ այսքան փոքրիկ են՝ ոչ»: Ես էլ ասացի. «Որովհետեւ դինօզաւրերը դինօզաւր են, իսկ մարդիկ՝ մարդ»:

 (Աղբիւրներ՝ https://books.vremya.ru/books/1725-sevak-aramazd-armen-2011.html#

https://books-vremya.livejournal.com/ )

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել