20-ամյաԳեղամ Երիցյանը օրերս է զորացրվել բանակից եւ մեզ հետ զրույցում ասաց. «Ծառայությանս վերջին օրերը շատ դժվար անցան, օրերն էի հաշվում, գիտեի, թե մայրս ինչ անհամբերությամբ է ինձ սպասում»:
Իսկ մայրը՝ տիկին Էլմիրան, գոհ է եւ երջանիկ, երեք որդի է ճանապարհել հայոց բանակ, եւ բոլորն էլ ողջ ու առողջ տուն են վերադարձել: «Արդեն լիովին հանգիստ եմ, որդիներս բոլորն էլ ծառայությունից վերադարձել են»,- ասում է նա: Երիցյանների ընտանիքում մեծացել եւ դաստիարակվել են հայոց բանակի երեք զինվորներ՝ Մարտինը, Արարատը եւ Գեղամը: Տիկին Էլմիրան ամենայն մանրամասնությամբ է հիշում որդիների ծառայության տարիները. ավելի քան մեկ տարի նրա 3 զավակները միաժամանակ ծառայում էին միեւնույն՝ Գյումրու N զորամասում. «Ինձ մարդիկ հաճախ հերոս մայր էին անվանում, զարմանում էին, թե ինչպես եմ դիմանում, ախր 3 զավակներս էլ միաժամանակ ծառայում էին, իսկ ես գիտեի, որ իզուր չեն այս դժվարությունները, հետո զավակներս էլ փաստեցին, որ անօգուտ չեն բանակում անցկացրած իրենց տարիները, հայրենիքի համար էին գնացել: Ես շատ հանգիստ էի, նույնիսկ այն ժամանակ, երբ բանակային կյանքի մասին սարսափելի պատմություններ էի լսում, համոզված էի, որ պետությունը հոգում է տղաներիս մասին, զարմանում էի, երբ մարդիկ փնովում էին համակարգը»: Տիկին Երիցյանը երախտագիտությամբ է խոսում ՀՀ պաշտպանության նախարարության մասին: Երկու անգամ առիթ էր ունեցել նամակ գրել նախարարությանը եւ երկու անգամ էլ ստացել էր խնդրանքը բավարարող պատասխան -նամակներ: Ըստ օրենքի, միեւնույն ընտանիքից միայն երկու զինվոր կարող է ծառայել նույն զորամասում, իսկ իրենց ընդառաջել էին՝ որպես երեք զինվորի ընտանիք. «Տեսնելով, որ ղեկավարությունը հետաքրքրված է մեզանով եւ չի արհամարհում մեր նամակները, ինչպե՞ս կարող էի մտածել, որ երեխաներս հուսալի ձեռքերում չեն: Օրինակելի ծառայության համար նույնիսկ զինվոր տղաներիս մասին ռեպորտաժ պատրաստվեց «Զինուժ» հաղորդաշարով»:




















































