«Առավոտը» դժգոհություններ էր ստացել Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներից, որ ռուսաց լեզվի դասախոս Աստղիկ Սաֆարյանը իրենց պարտադրում է գնել իր գիրքը եւ միայն այդ գնով ստուգարք կամ քննություն նշանակում: Ըստ ուսանողների, օրերս էլ պահանջել է, որ ընդմիջման համար 2000-ական դրամ հավաքեն ու սնունդ գնեն իր համար: Կապվեցինք տիկին Սաֆարյանի հետ: Դասախոսը ասաց, որ ուսանողների ասածները իրականությանը չեն համապատասխանում ու սկսեց հեգնել. «Իսկ զգեստ առնել չե՞մ տվել, տուն, մեքենա, ուրիշ բաներ: Ոչ մի բան էլ ճիշտ չէ, եւ ես չեմ իմանում, թե ում հետ եմ խոսում»: Նա ասաց, որ վստահ չէ՝ «Առավոտ» թերթի լրագրողն է խոսում իր հետ, թե մեկ ուրիշը ու առաջարկեց գալ համալսարան: Տիկին Սաֆարյանին այնքան զայրացրին մեր հարցերը, որ նա նույնիսկ ափերից դուրս եկավ ու սկսեց գոռգոռալ լսափողի միջից:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































