Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր աղունը մենք պիտի աղանք»

Մարտ 22,2012 13:25

Ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը նախընտրում է «ազգային» գործեր

Երվանդ Ղազանչյանը (ձախից) շնորհակալագիր է ստանում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանից:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, ով իր բազմամյա ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրություններ է իրականացրել նաեւ Սփյուռքում, արդեն 12 տարի է, ինչ համագործակցում է Բեյրութի 53-ամյա «Վահրամ Փափազյան» թատերախմբի հետ: Վերջերս հայրենիք վերադարձած ռեժիսորն «Առավոտին» հայտնեց, որ այս անգամ տեղի թատերախմբի հետ բեմադրել է Շիրվանզադեի «Ազգային գործիչը»: Իսկ թե ինչու հենց քաղաքական սատիրայով հագեցած այս գործը, պարոն Ղազանչյանն ասաց. «Ի ծնե «շեղված» եմ ազգային դրամատուրգիայի վրա ու, ի վերջո, մեր աղունը մենք պիտի աղանք»: Սա ակնհայտ է Երեւանի կոմեդիայի թատրոնի խաղացանկից. շուրջ 20 ներկայացումներում ազգային եւ ժամանակակից դրամատուրգների գործեր են, այդ թվում՝ Պարոնյանի, Սունդուկյանի, Շիրվանզադեի, Դեմիրճյանի, Օտյանի, Ժ. Հարությունյանի, Ա. Այվազյանի, Ժ. Անանյանի, Ա. Պապայանի, Գ. Խանջյանի, Կ. Խոդիկյանի:

Դիտարկմանը, թե դժվար է պատկերացնել պատերազմական իրավիճակում թատրոնով խանդավառվելը, մեր զրուցակիցը հայտնեց. «Բեյրութը եղել եւ մնում է Սփյուռքի մշակութային մայրաքաղաք: Անգամ այդ վիճակում այնտեղ հրատարակվում են հայկական թերթեր, ամսագրեր, չկա մի շաբաթ, որ անցնի առանց մշակութային միջոցառման»: Իսկ թե ով է աջակցում թատերախմբին, Ե. Ղազանչյանը բարձրաձայնեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) շրջանային հանձնաժողովի եւ Հայ երիտասարդաց ընկերակցության կենտրոնական վարչության անունները: Ռեպլիկին, թե ոչ պաշտոնական տվյալներով, համայնքում 400 հազարից մնացել է 100 հազար հայ, ռեժիսորը պատասխանեց, թե իր մոտ էլ է զարմանք հարուցում բեյրութահայերի սերը դեպի թատրոնը, ընդ որում՝ ոչ միայն դերասանների: Մեր զրուցակցի խոսքերով՝ թատրոնի համար ամեն ինչ արվում է, ով ինչով կարողանում՝ օգնում է: Ե. Ղազանչյանը փաստեց «Ազգային գործիչը» ներկայացման մեջ զբաղված դերասանների, այդ թվում՝ Հարութ Մանուկյանի, Մակի Վասիլյանի, Հարութ Թորոսյանի, Արփի Ավետիքյանի, Քրիստինա Սապոնյանի ոգեւորությունը: Բեմադրական կազմից էլ առանձնացրեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանող Անի Պետրոսյանի նկարչական դիպլոմային աշխատանքը:

Իսկ ինչպե՞ս են պարոնյանցիները պատրաստվում առաջիկայում նշել թատրոնի 70 եւ գեղարվեստական ղեկավարի 75-ամյա հոբելյանները, Երվանդ Ղազանչյանը պատասխանեց. «Ամենօրյա աշխատանքով ու առաջնախաղերով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031