Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը ասում է, որ ինքն անկլան է

Ապրիլ 04,2012 13:51

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2011թ. տարեկան զեկույցը եւ խոցելի խմբերի  քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն առնչվող 2012-17թթ. ռազմավարությունը: Զեկույցը, ինչպես նա ասաց, ուղարկել է նաեւ Ազգային ժողովի նախագահին, սակայն օմբուդսմենը չէր պատկերացնում, թե ինչպես կհրավիրվի լիագումար նիստ, թե ինչպես զեկույցը կքննարկվի քաղաքական ուժերի կողմից, որոնք պատրաստվում են ընտրությունների:

Պաշտպանի զեկույցի ներկայացմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազգային փոքրամասնությունների, խոցելի խմբերից՝ հաշմանդամներ, փախստականներ: Նկատենք, որ մեկ կուսակցություն էր մասնակցում՝ «Մայր հայրենիքը», որը պաշտպանին ուղղված հարցուպատասխանի ժամանակ առաջ քաշեց ընտրական գրավի գումարների մասին հարցը: Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքը պատրաստ չէ կուլ տալ պետական մարմինների լղոզված պատասխանները, մասնավորապես անդրադառնալով Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի պատասխանին՝ իրենց կողմից բարձրացված հարցին: Այն առնչվում էր ժամկետանց սննդին եւ սպառողների իրավունքներին: Պաշտպանը տարակուսելի որակեց Ա. Շաբոյանի պատասխանը, որով նա հայտնել էր, թե իրենք կապ չունեն ժամկետանց սննդի հետ, այլ գերատեսչություններ են պատասխանելու , մինչդեռ Կարեն Անդրեասյանը բերեց մեկ այլ հանձնաժողովի նիստի արձանագրությունից հատված, ուր տնտեսվարող սուբյեկտների դիտարկմանը Արտակ Շաբոյանը պատասխանել էր՝ «դուք գործ ունեք սպառողների հետ, եւ մենք հետեւողական ենք լինելու այդ հարցում»:

Իր ներածական խոսքում պաշտպանը անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազության, ոստիկանության եւ մասնավորապես «լրագրողների սիրած կրթության եւ գիտության նախարարության» պատասխաններին: Պաշտպանը գրություն էր ուղարկել դատախազություն, ասելով, թե կալանքը մասսայական է կիրառվում, մինչդեռ դատախազությունը պատասխանել էր՝ բերել կոնկրետ օրինակներ: Պաշտպանի արձագանքը այսպիսին էր. «Օրինակների պակասությունը չի որոշում բարձրացված հարցի կարեւորությունը», քանի որ ինքը հենվում է տարբեր կարծիքների եւ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա:

Պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ ոստիկանությանը դիմել է դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, անձնագրերի տրամադրման հետ կապված, սակայն վերջինի դեպքում է եղել արձագանք, իսկ մնացած պատասխանները եղել են  խուճուճ: Ինչ վերաբերում էր «լրագրողների սիրած»՝ կրթության եւ գիտության նախարարից ստացված պատասխանին, նա ակնարկեց, որ պետք չէ մասնագիտական հատուկ գիտելիքներ ունենալ՝ առաջ քաշելու դպրոցների դրամահավաքի, դասագրքերի վերնագրերում տեղ գտած թերությունները:

Օմբուդսմենի ելույթը սկսեց վերածվել նաեւ էմոցիոնալ գնահատականների, նա ասաց, որ մեկ տարվա ընթացքում թույլ չի տվել քաղաքական հայտարարություններ անել: Ըստ նրա, ինքն աշխատում է թաղային քաղաքականություն իրականացնող հասարակության մեջ,  ծայրահեղությունից ծայրահեղություն ընկած միջավայրում եւ որ «այսօրվա պաշտպանը անկլան պաշտպան է: Դա իմ թուլության պատճառն է»: Նա ասաց, որ եթե որեւէ մեկը լիներ իր փոխարեն, վաղուց հրաժարական կտար, բայց վստահեցրեց, որ հինգ տարի մնալու է, քանի որ ունի թիմ՝ հասարակական կազմակերպությունները: Նա ասաց, որ իր գործունեության ժամանակաշրջանում 29%-ով մեծացել է դիմումների քանակը, քաղաքացիների 34 տոկոսը ստացել են իրավական պաշտպանություն: Պաշտպանի զեկույցը՝ բաղկացած 154 էջից, հայերեն եւ անգլերեն, ներկայացվեց առանձին գրքույկով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները՝ «Առավոտ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30