Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը բացահայտեց աշխատանքային խմբի կազմը

Ապրիլ 07,2012 10:41

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, այդ թվում` նրանք, որոնց «բախտ չէր վիճակվել» մասնակցելու ընտրական գործընթացը վերահսկող «միասնական շտաբի» ձեւավորման շուրջ օրերս տեղի ունեցած քննարկումներին, ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանի հրավերով երեկ հավաքվել էին ոսկեզօծ դահլիճում։ Նրանք պետք է իրենց մոտեցումները եւ առաջարկությունները ներկայացնեին խորհրդարանի հովանու ներքո ընտրությունների ընթացքը դիտարկող միջկուսակցական մարմին` աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ։ Չէր եկել միայն ՀԱԿ-ի ներկայացուցիչը։
Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու աշխատանքային խումբը, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է հետամուտ լինելու իր առջեւ դրված խնդիրների լուծմանը։ Մեր հարցերին պատասխանում Է ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ .

-Ընտրական օրենսգրքի կիրառման մոնիտորինգ. մեր պատկերացումներով սա է լինելու այն հիմնական առաքելությունը, որ փորձելու է իրականացնել աշխատանքային խումբը։ Այսինքն` վերահսկողություն սահմանել, դիտարկել, թե ինչպես են կատարվում Ընտրական օրենսգրքի պահանջները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ քննարկման ենթակա հարցերի շրջանակը, ընթացակարգերը, մեխանիզմները, որոնց միջոցով խումբը պետք է իրականացնի իր առջեւ դրված խնդիրները, կհստակեցվեն աշխատանքային խմբի հաջորդ նիստում, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 10-ին։
Եթե մոնիտորինգի արդյունքում պարզվի, որ խախտվել են ընտրողների, թեկնածուների, ընտրական գործընթացի մյուս մասնակիցների իրավունքները, համապատասխան միջնորդություններ կարվեն կուսակցական շտաբներին, որոնց կողմից թույլ է տրվել օրենքի այս կամ այն պահանջի խախտումը։ Տվյալ կուսակցության շտաբին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ, որպեսզի խախտումը վերացվի, եւ գործընթացը համապատասխանեցվի Ընտրական օրենսգրքի պահանջներին, լինի դա քարոզարշավի, գովազդային պաստառների տեղակայման, թե ընտրական պրոցեսի հետ կապված որեւէ այլ խնդիր, որը չի բխում օրենքով սահմանված ընթացակարգերից։
Ցանկացած նմանատիպ երեւույթների ի հայտ գալու դեպքում հարցը կդրվի քննարկման, կկայացվեն որոշումներ, որոնց մասին անմիջապես տեղյակ կպահվեն իրավասու մարմինները, որոնք կոչված են վերացնելու այդ խախտումները։
-Ընտրություններին մասնակցող բոլո՞ր կուսակցությունները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու աշխատանքային խմբի աշխատանքներին։
-Նիստին ներկա էին ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, բացի ՀԱԿ-ից, եւ տվեցին իրենց համաձայնությունը` ընդգրկվելու այս գործընթացում։ Աշխատանքային խմբում ներկայացված կլինեն ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը, «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանը, ՀՅԴ-ից` Արտաշես Շահբազյանը, Դեմկուսից` Անահիտ Գրիգորյանը, ՀՀԿ-ից` ես, Կոմկուսից` Յուրա Ղազարյանը, «Միավորված հայեր» կուսակցությունից` Գուրգեն Հովսեփյանը։
Խմբի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ հասարակական մի շարք կազմակերպությունների, գրանցված դիտորդական խմբերի, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված միջազգային տարբեր կառույցների, դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Քրիստոֆեր Անդերսենը։
-Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ՀԱԿ-ը այս դեպքում էլ, ըստ էության, մերժեց համագործակցության «հրավերը»։
-Իրենց խնդիրն է` չեն ուզում, թող չմասնակցեն։ Հո իրենցով չի որոշվում ամեն ինչ։ Սա ավելի լայն ձեւաչափ է, քան ընդամենը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համագործակցություն. այստեղ արդեն ներգրավված է 20-25 կուսակցություն եւ հասարակական կազմակերպություն, իսկ ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով միասնական շտաբ ստեղծելու վերաբերյալ հայտարարությունը ստորագրել է ընդամենը 4 կուսակցություն, որոնցից երեքն արդեն իսկ հայտարարել են աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու մասին։ Կարծում եմ, ճիշտ կլինի, որ ՀԱԿ-ը միանա մեծամասնությանը։
-Ընտրությունների պատշաճ անցկացման, քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների շուրջ համաձայնության գալու Դավիթ Հարությունյանի առաջարկը համարենք այս նախաձեռնության շարունակությո՞ւնը։
-Այո, առաջարկությունն արվել է այդ համատեքստում, այսինքն` ներկայացվել է խնդիրների այն շրջանակը, որոնց հետ կապված` աշխատանքային խումբը կարող է քննարկումներ եւ ուսումնասիրություններ անցկացնել։
Հաջորդ նիստում, կարծում եմ, նախագիծը կքննարկենք, եւ այն դրույթները, որոնք ընդունելի կլինեն մյուս կուսակցությունների համար, այդ շրջանակում էլ կկազմակերպենք մեր աշխատանքը։ Բոլոր ստորագրողները, բացի ՀԱԿ-ից, արդեն այս խմբի մեջ են:

Լիլիթ Պողոսյան

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30