
Այսօր խախտեցի սահմանածս կանոնը ու հետեւեցի, թե ֆեյսբուքահայությունն ինչպես է արձագանքում Մաշտոցի պուրակում կրպակներն ապամոնտաժելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրահանգին:
Ինչպես ասում են՝ ձեռքս կոտրվեր, չխախտեի… Այսքան ծաղր, որ կարդացի Մաշտոցի պուրակում ձյան տակ նստացույց արած, սառույցի վրա պառկած, ծեծ կերած, բայց հետեւողականորեն պայքարած բնապահպանների հասցեին, ինչ է թե՝ նրանց պայքարը հանգուցալուծվեց «ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո»: Ընդ որում՝ առանձնակի դաժանությամբ ծաղրում են այն քաղաքական ուժի համակիրները, որոնց ներկայացուցիչները ոչ շատ վաղուց բանտերից ազատվեցին էլի նրանց հետեւողական ու անզիջում պայքարից հետո, բայց նույն ՀՀ նախագահի հրամանագրով:
Եվ ինչպես այն ժամանակ ինձ համար գրեթե միեւնույն էր, թե կատարված ապօրինությունն ինչպես է շտկվելու եւ առավել կարեւոր էր, որ քաղաքական բանտարկյալները օր առաջ հայտնվեն ազատության մեջ, այնպես էլ հիմա ինձ համար ամենակարեւորը սա է՝ Մաշտոցի պուրակն առավել չի ձեւախեղվելու: Ու վստահ եմ՝ չլիներ բնապահպանների պայքարը, որեւէ մեկի մտքով էլ էր չէր անցնի կայացված որոշումը փոխելու:
Ու անկեղծորեն կիսում եմ այս երեխաների ուրախությունը: Սա իրենց հաղթանակն է:


















































