ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը այսօր` Պուշկինի ծննդյան եւ Ռուսաց լեզվի միջազգային օրը «Պոստ Սկրիպտում» ակումբում նշեց, որ ռուս գրականությունը, լեզուն եւ մշակույթը միջազգային քաղաքակրթության զարգացման գործում մեծ դեր ունեն: Նաեւ ցանկություն հայտնեց ռուսերեն խոսել ասուլիսում՝ նկատի ունենալով ռուսալեզու լրագրողների մեծ թիվը: Aravot.am-ի ռեպլիկին, թե ՀՀ պետական լեզուն հայերենն է եւ ստիպված է հայերեն խոսել, դեկանը պատասխանեց. « Չէ, ստիպված չեմ, ես սիրով խոսում եմ հայերեն»: Իսկ օրվա խորհրդի եւ ռուս մեծանուն բանաստեղծի ծննդյան օրվա մասին ասաց. «Դե, Պուշկինին ինչ-որ բան ավելացնելն արդեն ավելորդ է»:
Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի դերին՝ Հայաստանում, Պավել Բալայանի խոսքով. «Մեր ազգը պահանջ ունի երկրորդ լեզվի, եւ դա պարզ է… չենք կարող ամբողջ աշխարհին ստիպել, որ խոսեն հայերեն: Շատ տարիներ մենք դուրս ենք եկել աշխարհ ռուսերենով, եւ ոչ միայն 20-րդ դարում, այլեւ 19-ում ու ավելի վաղ: Եվ դա սոցիալիզմի նորույթ չէ: Մեր մշակույթը շատ անգամ ճանաչվել է այն բանի շնորհիվ, որ թարգմանվել է ռուսերեն եւ ռուսերենից էլ՝ այլ լեզուների թարգմանվել: Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել՝ սկսած Նարեկացուց, վերջացրած 20-րդ դարի հայ գրողներով ու պոետներով: Ռուս գրողների մեծ մասը, նրանց զգայուն քանակը զբաղվել է հայերենից ռուսերեն թարգմանություններով: Օրինակ՝ Աննա Ախմատովան, որը շատ է մոտ եղել հայ գրականությանն ու գրողներին, եւ նույնիսկ մտերիմներին ուղղված իր անձնական նամակների տակ ստորագրում էր Անուշիկ: Հիշենք Բրյուսովին, Մանդելշտամին, այդ անունները բոլորս գիտենք: Այնպես որ, ռուսերենի դերը որպես երկրորդ լեզու անհրաժեշտ է մեր ազգի համար»:
Պարոն Բալայանը հայտնեց, որ ինքը կտրականապես դեմ է լեզուների մրցակցությանը: «Ինձ թվում է՝ ոչ մի այսօրվա քաղաքացի չի ասի՝ այս լեզուն պետք է, մյուսը՝ ոչ: Էստեղ ուրիշ հարց է՝ ի՞նչն է ավելի հեշտ ընկալելի մեզ եւ մեր երեխաների համար: Ես իրավունք չունեմ կպնել անգլերենին կամ մյուս լեզուներին, բայց, ներողություն, չէ՞ որ տրադիցիաներ կան, ինչու տապալենք, ու կորցնենք, եկեք ավելացնենք եւս մեկ լեզու…առանց այն էլ շատ բան ենք կորցրել՝ մեր ուսանողությունը ո՛չ ռուսերեն գիտի, ո՛չ էլ անգլերեն, որովհետեւ ասել են՝ սա պետք չի, սա պետք ա, սա էլ չսովորեցին, ու կորցրինք: Դրա համար չպետք է հակադրել ու կորցնել ունեցածը, եկեք ավելացնենք»,- կարծիք հայտնեց ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































