Ռուսաստանի լրատվամիջոցները գրում են, որ ՌՖՄ-ն ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր տեղի համար՝ օրերս հրապարակած 13 հոգիանոց թեկնածուների ցուցակից բանակցություններ վարել շարունակում է միայն երկուսի՝ իտալացի Ֆաբիո Կապելոյի եւ ռուսաստանցի Վալերի Գազաեւի հետ:
ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն այդ առիթով ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ Կապելոն հստակ պատկերացնում է Ռուսաստանի ազգային հավաքականի հետ աշխատելու բոլոր նրբությունները, Ռուսաստանում աշխատելու եւ տեղի իր գործընկերների հետ ակտիվ շփվելու ցանկություն է հայտնել: «Առաջիկա երկու-երեք օրերին Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը կհանդիպի նաեւ երկրորդ թեկնածուի՝ Վալերի Գազաեւվի, հետ եւ միայն դրանից հետո վերջնական ընտրություն կկատարվի», – հայտարարել է նախարարը:
Մինչ Ռուսաստանի ֆուտբոլային եւ մարզական ղեկավարները շարունակում են մշուշոտ պատասխան տալ մարզասերներին հետաքրքրող օրախնդիր այս հարցին, Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինն իր պաշտոնական կայքում գրել է, որ Ֆաբիո Կապելոն արդեն նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ եւ կարճառոտ շնորհավորել նրան՝ հաջողություն մաղթելով նոր պաշտոնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ