Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինո գոլդ»-ի վարչական հարցերով տնօրեն. «Մի’ գողացեք, ձեզ ավելի բարձր կվարձատրենք»

Հուլիս 27,2012 23:59

Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում գողության դեպքեր են արձանագրվել եւ վերջին 9 օրերի ընթացքում 4 անձանց  բռնել են: Այս մասին այսօր հայտարարել է ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Ըստ նրա` գողություն կատարածները ընկերության աշխատակիցներ են եղել` այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ: «Նրանք բոլորն էլ ոստիկանությունում են, 2-ը ձերբակալված են: Մենք մի տարուց ավելի է ասում ենք աշխատողներին՝ մի’ գողացեք, ձեզ ավելի բարձր կվարձատրենք, բայց հաճախակի տրվող պատճառաբանություններից էին, որ ամեն ինչ թանկ  է, սուղ են միջոցները: Դինոյից գողանալը հարցի լուծում չէ, թող կառավարությանը բողոքեն, թանկությունը Դինո գոլդի հանցանքը չէ: Ես խոստանում եմ գողացված գումարները բաժանել ժողովրդին, հարցը դա չէ, պետք է մտածելակերպը փոխվի: Ինչքան մեզ օգնի ժողովուրդը, այնքան էլ մենք կօգնենք ժողովրդին», -այսօր ընկերության նորաբաց տեղեկատվական կենտրոնում լրատվամիջոցների եւ տեղական հ/կ-ների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է Հրաչ Ջաբրայանը:

Այսօրվա զրույց-քննարկումը նվիրված էր ընկերության ներկա եւ ապագա ծրագրերին, բայց  որքան էլ անհասկանալի թվաց հանդիպման ներկաներին` պարոն Ջաբրայանը հանդիպման հենց սկզբում սկսեց մանրամասն ներկայացնել իր եւ ընկերության գլխավոր տնօրեն Իլյա Գարկովի կենսագրությունները, պատմեց իրենց ընտանիքների մասին եւ այլն, որից հետո միայն ներկաներն ի վերջո լսեցին ընկերությունում կատարված աշխատանքների, ներկա ու ապագա ծրագրերի մասին: Ընկերությունում բավականին աշխատանքներ են տարվել, դրական փոփոխություններ կան:

Հանդիպման ժամանակ  բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, մասնավորպես` թոշակի տարիքի անձանց աշխատանքից ազատման, նոր աշխատողների ընդունելության մոտեցման, աշխատավարձերի հնարավոր բարձրացման եւ  բաց հանքի լինել-չլինելու հետ կապված հարցեր:

Պարոն Ջաբրայանը ժխտեց, որ 250 թոշակառու է ազատվել աշխատանքից, հավաստիացնելով, որ ընդամենը 37 թոշակառու են թողել իրենց աշխատանքը, իսկ բաց հանք բացվելու կամ չբացվելու մասին խոստացավ վերջնական ինֆորմացիա տրամադրել 2013թ.-ի փետրվար, մարտ կամ ապրիլ ամիսներին, իսկ մինչ այդ կշարունակվեն հետախուզական աշխատանքները:

Այս թեմային կանդրադառնանք առաջիկա թողարկումներում, իսկ ընկերության կատարած աշխատանքների ու ներկա,ապագա ծրագրերի մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031