Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կրիմինալն էլի ակտիվացավ. արխիվային հրապարակում

Հուլիս 30,2012 18:59

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ասելով, իշխանությունն ու կրիմինալը սերտաճել են 1998-ից ի վեր: Այսօր շատերի համար է ակնհայտ, որ 1998թ.-ից ի վեր Հայաստանում հատկապես «աղմկահարույց» որակված հանցագործությունները հաճախակի բնույթ են ստացել: Դրանց հիմնական բնորոշիչն այն է, որ կատարված հանցագործությունները, որպես կանոն, միայն չնչին բացառություններով են բացահայտվում, իսկ մեղավորները ստանում են կատարած հանցանքին ոչ համարժեք պատիժ:

Ինչո՞վ է պայմանավորված քրեածին տարրերի ակտիվացումը, եւ արդյո՞ք դրա պատճառը հայաստանյան իրավապահների պրոֆեսիոնալիզմի պակասն է կամ երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտը: «Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության օրոք հանցագործներ կան: Դա ինչ-որ տեղ բնական է, եւ մտածել, թե նրանք չեն լինելու՝ ճիշտ չէ: Բայց այլ է այսօր Հայաստանում, որովհետեւ մեզ մոտ տեղի ունեցող ցանկացած, այսպես կոչված, «աղմկահարույց» հանցագործություն, սպանության դեպք կամ «ռազբորկա», մեր ուշադրության կենտրոնում են հայտնվում՝ ոչ որպես հերթական հանցագործների կողմից երեկ, այսօր կամ վաղը կատարած կամ կատարվելիք հանցագործություն, այլ որպես երկրի ներքին կյանքում ստեղծված իրավիճակի արտահայտում: Իշխանությունն ինքն է սերտաճած կրիմինալի հետ ու նրա հետ ձեռք ձեռքի համագործակցում է արդեն քանի տարի: Այս ֆոնի վրա տեղի ունեցող հանցագործություններն ու սպանությունները մեզ համար ավելի սարսափելի են, ու մենք դրանք ավելի ցավոտ ենք ընկալում, որովհետեւ գիտակցում ենք, որ դրանք մեր իրականության արտացոլումն են, հասկանում ենք, որ կրիմինալը տարիներ շարունակ իշխանության ձգտելով՝ այսօր վերջապես կարող է հայտարարել, որ հասնում է իր նպատակին: Այս առումով նույնիսկ ավելորդ է խոսել ոստիկանության կողմից հանցագործությունը բացահայտելու կարողության մասին, որովհետեւ ոստիկանությունը կարող է շատ հանցագործություններ բացահայտել, բայց այլ խնդիր է՝ թույլ կտրվի՞ նրան դա անել, պատժել հանցագործին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վ. Հարությունյանը:

Մեր այն հարցին, թե իրականում ՀՀ իրավապահներն ի վիճակի՞ են հանցագործությունները բացահայտել, թե՞ երկրում քրեածին վիճակն այլեւս դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մեր իրականությունում սխալ է հանցագործությունները դիտարկել որպես առանձին վերցրած երեւույթ, որի հետ գործ ունի միայն ոստիկանությունը կամ դատախազությունը: Այն առկա է մեզանում ամենուր: Երբ իրավապահները բացահայտում են հանցագործությունը, ու արդյունքում հանցագործները մնում են անպատիժ, երբ անպատիժ մնացած հանցագործները շարունակում են նոր հանցագործություններ գործել, երբ բազմամարդ փողոցում օրը ցերեկով կրակում ու մարդ են սպանում, երբ զինված «ռազբորկաներ» են անում, իրար դեմ ճակատամարտեր տալիս, երբ ծանր հանցագործության համար ստացած պատիժն անգամ չկրելով՝ վերադառնում են ու նոր հանցագործություն կատարում, որի արդյունքում կամ իրենք են զոհվում, կամ այլ մարդիկ են տուժում, եւ այս ամենը՝ բացահայտ, անգամ առանց թաքցնելու փորձի, նշանակում է՝ մեր իրականությունն է կրիմինալացված, եւ պետք չէ զարմանալ, որ շատացել են աղմկահարույց հանցագործությունները: Իսկ սա արդեն ոչ թե միայն իրավապահ համակարգին, այլ պետությանն ու հասարակությանն առնչվող խնդիր է, ու պետք չէ բարդել միայն իշխանության, առանձին վերցրած, որեւէ կառույցի՝ ՀՀ ոստիկանության կամ դատախազության վրա»:

Նրա ասելով, ստեղծված կրիմինոգեն վիճակի համար մեղավորը իշխանություններն են, որոնք «կրիմինալի հետ ձեռք ձեռքի տված գնում են իշխանության»: Վ. Հարությունյանի կարծիքով՝ «այսօր Հայաստանում միայն սպանությունները չեն, որ աղմկահարույց են: Աղմկահարույց սպանությունները այլ՝ ավելի լուրջ հանցագործությունների արդյունք են, որոնց մասին է, որ պետք է խոսվի: Անօրեն, զարտուղի ճանապարհներով, առանց հարկեր մուծելու, «դաբրոյով» գումարներ վաստակելը ու դրանք բազմապատկելու նպատակով քաղաքականության մեջ ներդնելն է լրջագույն հանցագործություն, որի համար էլ հենց հիմնականում կատարվում են, այսպես կոչված, աղմկահարույց հանցագործությունները»: Արդյո՞ք վերջին շրջանում Հայաստանում կրիմինալի ակտիվացումը կապված է առաջիկա ընտրությունների հետ, ինչպես ոմանք պնդում են:

Իրավապաշտպանի ասելով, այստեղ, իհարկե, կապ կա: Բանն այն է, որ հիմա «կրիմինալը վստահ է, որ ցանկացած հանցագործություն կատարելու դեպքում ինքն անպատիժ է մնալու, որովհետեւ նա օրվա իշխանություններին օգնել է նախկին ու օգնելու է նաեւ առաջիկա ընտրություններում»:

Հանուն արդարության պետք է ասել, որ 98-ից առաջ էլ էին աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ եղել: Դա չհերքելով հանդերձ՝ Վ. Հարությունյանը նկատեց, որ 1998-ը սահմանագիծ է՝ մինչ այդ ու դրանից հետո երկրում տիրող քրեածին իրավիճակի տեսանկյունից: «Մինչեւ 1998թ.-ն էլ աղմկահարույց սպանություններ եղել են, բայց այն ժամանակ կրիմինալի դեմ լուրջ պայքար կար, նրան ամեն կերպ թույլ չէր տրվում սողոսկել քաղաքականություն կամ դառնալ իշխանության մաս: 98-ից հետո կրիմինալին քաղաքականություն մուտք գործելու բացահայտ հրավերներ եղան, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք: Քրեականացված իրականություն, որը հավասարապես վտանգավոր է ե՛ւ նրանց հետ քայլող իշխանությունների, ե՛ւ այդ իշխանություններին հայհոյողների, ե՛ւ այս երկուսի հետ, ըստ էության, որեւէ կապ չունեցող հասարակության համար»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

2006 թ. օգոստոս

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031