Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Orange Գրքի մրցանակ 2012-ը

Օգոստոս 02,2012 21:57

Գիրք կարդալը փոխվում է Orange-ի հետ

 

Երևան, 2 օգոստոսի, 2012թ.

Այսօր Orange-ը հայտարարեց “Orange գրքի մրցանակ 2012” գրքի մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակն է նաև խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները և օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել դրանք ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև միանում է գրքի և ընթերցանության տոնին, քանի որ Երևանն այս տարի հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:OrangeԳրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:

«Ուրախությամբ ենք հայտարարում արդեն երկրորդ Orange Գրքի մրցանակի մեկնարկը: Սա մասնագիտական գրական մրցանակ չէ և չի հավակնում դառնալ այդպիսին: Orange Գրքի մրցանակն ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ է: Ընթերցասեր հանրությունը կկարողանա մասնակից դառնալ մրցանակակիր ստեղծագործությունների ընտրությանը առցանց քվեարակության միջոցով: Այս իրադարձությունը թույլ կտա գտնել և խրախուսել շնորհալի ու օրիգինալ գրողներին, սակայն մեր ամենակարևոր ցանկությունն է ներգրավել ընթերցողների ամենալայն շրջանակներին և նրանց մասնակից դարձնել գրքի այս մեծ տոնին»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով և կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված):

Մրցույթին կարելի է ներկայացնել գործ հետևյալ 4 ժանրերում` պատմվածք, վեպ, հեքիաթ, պոեզիա: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ. մինչև նոյեմբերի 15-ը հայերենով գրված ստեղծագործությունը և դրա համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով ուղարկել [email protected] հասցեով:

Ժուրիի անդամները մինչև 2013թ. հունվարի 15-ը կընտրեն առավելագույնը երեք ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք կհրապարակվեն Orange-ի պաշտոնական էջում: Բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով: Փետրվարի 15-ի կեսօրին կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը` որպես առցանց քվեարկության վերջնական արդյունք:

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն:  Հատուկ «Ժողովրդական» մրցանակի  կարժանանա նաև ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայներ հավաքած ստեղծագործությունը ` անկախ ժանրից:

«Անցյալ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ մեր երկրում մեծ թվով մարդիկ են ստեղծագործում, որոնց գործերը հաճախ մնում են գրասեղանի դարակում` տարբեր պատճառներով: Orange Գրքի մրցանակը հենց նրանց համար է: Այս տարի հատկապես ակնկալում ենք, որ շատ մասնակիցներ պիտի ունենանք ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից և Սփյուռքից, քանի որ առաջին անգամ մրցույթը բաց է նաև Սփյուռքի մեր բարեկամների համար, ովքեր ստեղծագործում են հայերեն,- ասաց «Հայ գրքի կենտրոն» հկ նախագահ Մկրտիչ Մաթևոսյանը:

Հաղթողների անունները կհրապարակվեն 2012թ. փետրվարի 20-ին, մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Մրցույթի հաղթողները կստանան վկայականներ, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 տպաքանակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին  կշնորհվեն դրամական պարգևներ (500 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:

Հիշեցնենք, որ Orange Գրքի մրցանակ 2011-ին մասնակցել է 130 ստեղծագործություն, որոնցից հաղթող են ճանաչվել 5-ը վեպ, դրամատիկական գործ/սցենար, պատմվածք, նովել և հեքիաթ ժանրերում:

Ժյուրիի անդամների ցանկը.

  • Վահրամ Դանիելյան, գրաքննադատ
  • Աննա Սարգսյան, լրագրող
  • Անուշ Քոչարյան, լրագրող
  • Անի Չիբուխչյան, բլոգեր
  • Սիրանուշ Դվոյան, գրաքննադատ
  • Արմեն Պատվականյան, խմբագիր
  • Սերժ Մելիք Հովսեփյան, թատրոնի ռեժիսոր
  • Facebook քվեներ

Ավելին իմանալու համար` www.orangearmenia.am/book-prize

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031