Aravot.am-ի տեղեկություններով՝ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներից մեկը Գյումրու Խրիմյան Հայրիկի անվան փողոցում կանգնեցրել է 36-ամյա մի երիտասարդի ու, ինչպես նրան, այնպես էլ նրա մեքենայի մեջ գտնվող երկու ուղևորներին ապօրինի թմրամիջոց պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել է ոստիկանության Կումայրի բաժին։
Ավտոմեքենան էլ տեղափոխել են պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք և կնքել։
Ուղևորներից մեկի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ապակյա կաթոցիչ՝ մոխրացած հետքերով, կիսով չափ լցված դեղնաշականակագույն զանգվածով, և սպիտակ թղթով փաթեթավորված 0․89 գրամ ընդհանուր քաշով, յուրահատուկ հոտով, թմրանյութի նմանվող դեղնաշականակագույն զանգված։
Ուղևորը հայտնել է, որ հայտնաբերվածները հանդիսանում են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, պատկանում են իրեն, քաղել է մոտ 2 օր առաջ Ղարիբջանյան գյուղի ավտոճանապարհի հարակից դաշտերի վայրաճ կանեփի բույսի թփերից, պահել է իր մոտ՝ հետագայում անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար։
Կարդացեք նաև
Մեքենայի վարորդի մոտ էլ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 սմ շեղբի լայնությամբ գաղտնի փականով ծալովի դանակ, որի վերաբերյալ նա հայտնել է, որ պատկանում է իրեն, պահել է իր մոտ՝ կենցաղում օգտագործելու համար։
«Մարիխուանա» պահած երիտասարդի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ, երեքն էլ ազատ են արձակվել։
Նշենք, որ պարեկային ծառայության աշխատակիցները բավական ակտիվ են զենք-զինամթերքի ու թմրամիջոցների հայտնաբերման ուղղությամբ, հատկապես աչքի է ընկնում պարեկ Ռոզիկյանը։ Մեր ձեռքի տակ եղած փաստերը խոսում են այն մասին, որ հաճախակի են ավտոմեքենաներից զենք-զինամթերք, թմրանյութեր առգրավվում, ընդ որում՝ բացառություն չեն կազմում նաև քաղաքում ճանաչված մարդկանց մոտ կատարվող ստուգումները։
Սակայն մյուս կողմից էլ պիտի արձանագրել, որ թմրանյութերի օգտագործման, շրջանառության դեմ պայքարը ցանկալի արդյունքներ չի տալիս, բանը հասել է նրան, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թմրանյութերը դարձյալ սկսել են գովազդել Գյումրու տարբեր թաղամասերի բնակելի շենքերի վրա՝ գրառումներ կատարելով։ Բնակիչները ահազանգում են, որից հետո նոր միայն ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դրանք թաքցնելու, այսինքն՝ կանխարգելիչ գործողություններ չեն իրականացվում։
Նմանատիպ երկու դեպքերի մասին օրերս ահազանգել էր ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը, որի ֆեյսբուքյան գրառումներից անմիջապես հետո ոստիկանությունը կարմիր ներկով ծածկեց գրառումները, սակայն նույն օրը համատարած գրառումներ հայտնվել էին նաև Գյումրու Ավստրիական թաղամասում, այս անգամ բնակիչներն իրենց ուժերով էին հետքերը ջնջել։



















































