Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սպենդիարովի տունը սեփականաշնորհված է

Հոկտեմբեր 31,2012 13:36

Դիրիժոր Հարություն Արզումանյանը՝ կոմպոզիտորի կյանքի «փակ էջերի» մասին

Ընդունված ավանդույթ է մեծերի ապրած տները վերածել թանգարանի: Հայաստանում, բարեբախտաբար, մեր շատ երեւելիների հուշարձաններ են վերականգնվել: Վերջերս էլ ավերումից փրկվեց Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը: Արժեք է նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի տունը Յալթայում, ուր ժամանակին հյուրընկալվել են ռուս եւ համաշխարհային արվեստի դեմքեր: Այսօր դրա մասին քչերը գիտեն, որովհետեւ գտնվելով Հայաստանից հեռու, մոռացության է մատնվել: «Առավոտի» զրուցակից, դիրիժոր Հարություն Արզումանյանի հավաստմամբ՝ Սպենդիարյանի տունն այլեւս սեփականաշնորհված է: «Կոմպոզիտորի տունը, որը ժամանակին եղել է Սերբիայի թագուհու ամառային ռեզիդենցիան, ձեռք է բերել մի անհատ: Նոյեմբերի 1-ին՝ Սպենդիարյանի ծննդյան օրը, Յալթայում երկրորդ անգամ կանցկացվի «Բյուզանդիայի պարգեւները» երգահանների միջազգային մրցույթը: Հիանալի կլիներ, որ հենց հայ կոմպոզիտորի տանն այն կայանար»,- ասաց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, թե Սպենդիարյանի հետ կապված դեռեւս կան լայն հասարակությանն անհայտ, կոմպոզիտորի ղրիմյան ու հայաստանյան շրջանի մութ ու չուսումնասիրված էջեր, ընդհուպ մինչեւ վաղաժամ մահ (մահացել է 56 տարեկանում), Հ. Արզումանյանը հայտնեց. «Երեւանում առաջին երաժշտական՝ Սպենդիարյանի տուն-թանգարանը, որ հիմնադրվել է 1963թ., կոմպոզիտորին հատկացվել էր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի խնդրանքով, որտեղ նա ապրել է ընդամենը 1926-28թթ.: Ընդ որում՝ Սպենդիարյանը հայրենիք էր վերադարձել Հայաստանի կառավարության հրավերով, իսկ այդ շենքը առաջին բնակելիներից էր, որ կառուցվել է 1925թ.: Ինչ վերաբերում է Սպենդիարյանի մահվան առեղծվածին, այն շատ պարզ է. կոմպոզիտորը հիվանդ էր թոքաբորբով ու մահկանացուն կնքեց դեղորայքի իսպառ բացակայության պատճառով: Նա այդ ժամանակ ավարտել էր հանրահայտ «Երեւանյան էտյուդները», աշխատում էր «Ալմաստ» օպերայի 4-րդ գործողության գործիքավորման վրա»:

Մեր զրուցակիցն ասաց, որ Սպենդիարյանի ուսուցիչը՝ Ռիմսկի-Կորսակովը, ունկնդրելով սանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, հայտարարել է, որ իրենց շարքերը համալրվեց նոր հզոր մի անունով եւս՝ Սպենդիարով: Իսկ այս երկի կատարման համար Սպենդիարյանը հանձնարարել էր մի վարպետի՝ գոտու վրա տեղադրել 12 զանգակ, ինչը ստեղծագործության կատարման ժամանակ ուղտերի քարավանի շարժման իմիտացիա կստեղծի: Հետագայում Ռիմսկի-Կորսակովն այդ երաժշտական «գործիքն» անվանեց «սպենդիարաֆոն», ինչը ներկայումս ցուցադրված է երեւանյան տուն-թանգարանում: «Երեք արմավենին» լսելով, այն տարիների «Բեռլին ֆիլհարմոնիկի»  գլխավոր դիրիժոր, աշխարհահռչակ Արթուր Նիկիշը բացականչել է. «Ի՜նչ հրաշք Արեւելք է պատկերված»: Ի պատասխան՝ Սպենդիարյանն ասել է. «Զարմանալի չէ՝ ես հայ եմ»: Ի դեպ, «Երեք արմավենին» այնքան սիրվեց Արեւմուտքում, որ այդ երաժշտությամբ բեմադրվեց «Ջիների թագավորի 7 դուստրերը» բալետը, որտեղ հանդես եկավ բալետի հռչակավոր պարուհի Աննա Պավլովան:

Հարություն Արզումանյանը նաեւ հավելեց, որ մշտապես կասկածի տակ է դրվել կոմպոզիտորի ծագումը. «Դեռեւս նրա կենդանության օրոք արվեստագետներից շատերն են պնդել, թե Սպենդիարովը հրեա է, արժանանալով կոմպոզիտորի առարկությանը՝ իմ տոհմը Ղրիմ է տեղափոխվել Անիից»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Սպենդիարյանն է Հայաստանում 1920-ականներին ստեղծել առաջին սիմֆոնիկ նվագախումբը ու ներկայացրել եվրոպական, ռուս կոմպոզիտորների երկեր. «Ցավոք, կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի մասին մասնագետների շրջանում թյուր կարծիք էր ձեւավորված, թե իբր Սպեդիարյանը Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում «երաժշտականացրած» պատկերել է դավաճան հայ կնոջ: Իրականում իմաստը շատ խորն է՝ ցանկացած ազգի դավաճան միշտ էլ տխուր վախճան է ունենում…»:

Հարություն Արզումանյանը տեղեկացրեց, որ Երեւանում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի վերանորոգումից հետո, նոյեմբերի վերջերին այցելուներին սպասվում է նորացված ցուցադրություն. մինչ այժմ եղած 1317 թանգարանային  մասունքներից բացի, հնարավորություն կընձեռվի ունկնդրել կոմպոզիտորի ցանկացած երկ, օգտվել տեսանյութերից, փորձել ինտերակտիվ խաղի միջոցով ղեկավարել սպենդիարյանական գործերը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031