Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը՝ Եռաբլուր չգնալու մասին. «Այստեղ խոսքը գնում է ինչ-որ պահ ապրած վերքի սպիացման մասին»

Նոյեմբեր 01,2012 23:08

Արդեն 13 տարի անցավ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից, եւ Եռաբլուր արդեն մեծ թվով պաշտոնյաներ չեն գնում: Այս տարի ՀՀ նախագահն էլ չգնաց:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ է Եռաբլուր այցելողների թիվը նվազում, մոռանո՞ւմ են ողբերգությունը՝ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Նախ, այստեղ խոսքը գնում է ինչ-որ պահ ապրած վերքի սպիացման մասին: Ինչ խոսք, տարիները իրենց դաջվածքը թողնում են նաեւ հիշողության վրա: 13-14 տարվա վաղեմության անցուդարձի վերաբերյալ մի քիչ ավելի հանգիստ, հանդարտ ենք լինում հավանաբար: Դրա համար ես  շատ չէի փորձի հեռուն գնացող եզրակացություններ անել դրանից: Ես չեմ կարծում, որ հոկտեմբերի27-ի ոճրագործությունը որեւէ բանական մարդու մոտ, անկախ նրանից, նա գնո՞ւմ է  Եռաբլուր թե չէ, անկախ նրանից, թե ինչպիսին է եղել նրա վերաբերմունքը Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ մնացած գործիչների նկատմամբ, չեմ կարծում, որ որեւէ բանական մարդու մոտ հուզմունք, ցասում չառաջացնի: Նույնիսկ՝ 100 տարի հետո»:

Մեր դիտարկմանը, որ կարելի էր գոնե տարին մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել ու գնալ Եռաբլուր՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ինձ համար Վազգեն Սարգսյանի՝ շատ ընդգծված քաղաքական գործչի, պետական գործչի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված չէ Եռաբլուր այցելությամբ: Շատ շատերը նրա նկատմամբ վերաբերմունքն այստեղ են պահում (ցույց է տալիս սիրտը,- Հ.Ջ.): Մենք մտերիմներ չենք եղել, մենք ընկերներ չենք եղել: Ես ընդամենը նրա հետ աշխատել եմ կես տարի, մի քանի ամիս, երբ ինքը վարչապետ էր, ես՝ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, բայց նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածը բավարար էր գնահատել, թե ինչպիսի անհատույց սիրով եւ ինչպիսի պատասխանատվությամբ էր ինքը վերաբերվում իր հողին ու ջրին: Այդ սերն էր, որ նրան տալիս էր տիրոջ կարգավիճակ: Այս տեսակի մեջ նա եղել է անկրկնելի: Թող որեւէ մեկն ինձնից չնեղանա: Շատ շատերս պիտի անընդհատ դեռ Վազգենին նախանձեինք՝ նրա որակներն ունենալու տեսանկյունից: Հայրենասիրությունը կուրծք ծեծելով չէ: Մեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ, թող որեւէ մեկը չնեղանա, Վազգեն Սարգսյանը այն միակն էր, որը, կարելի է ասել, հայրենասիրության էտալոն է: Շատերն են սիրում հայրենիքը, բայց նրա պես՝ չեմ կարծում, որ որեւէ մեկը: Շատերն են իմ պես մտածում, նույնիսկ նրանք, որոնք Վազգենից գոհ չէին: Բայց նրանք չեն գնում Եռաբլուր: Ես գնում եմ, բայց ոչ այս օրերին, թոռնիկիս հետ եմ գնում: Դրանից նրա նկատմամբ վերաբերմունքը չի փոխվում: Իհարկե, ընդունում եմ, որ նրա կերպարը պետք է պահպանել, պրոպագանդել: Ես կարծում եմ, որ դա, ըստ էության արվում է: Շատ շատերի համար Վազգենը լոկ Եռաբլուրով պայմանավորված չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930