
Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական յոթերորդ փառատոնին մասնակցելու են եւ պետական թատրոններում գործող երիտասարդ ռեժիսորները, եւ անկախ երիտասարդներ, ովքեր փառատոնի մասին տեղեկացել են սոցիալական կայքերով:
Այս տարի փառատոնի ընթացքում կլինի 12 ներկայացում:
«Ոճերը տարբեր են լինելու»,- հավաստիացնում է Մելոյանը եւ ավելացնում, որ չնայած փառատոնի հանրապետական լինելուն, մասնակցում են Գյումրին եւ Վանաձորը: Նա նշեց, որ սա աշխատանքային փառատոն է, սակայն լավագույնները հնարավորություն կստանան մասնակցելու երիտասարդ ռեժիսորների ամենամյա ամառային դպրոցին, որն անցկացվում է Չեխովյան փառատոնի ընթացքում:
Փառատոնի հանդիսավոր բացումը կատարեց բեմադրիչ Անի Հարությունյանի` «Կյանքի հինգ տարրերը» ներկայացումը:
Անին սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Պարարվեստի ռեժիսուրայի չորրորդ կուրսի ուսանողուհի է: Ասում է, որ իր բեմադրած ներկայացումը պարային է եւ ընթանում է մինիմալիստական երաժշտության տակ: Նպատակը` մոդեռն պարային ոճի զարգացումն է, ինչը դեռ մեր հանդիսատեսի կողմից ընդունված չէ:
Կարդացեք նաև
«Հիմնված է պլաստիկայի ու դեմքի միմիկաների վրա: Փորձում ենք դա դարձնել արտահատչամիջոց եւ այդ ամենը արտահայտել ներկայացումով: Արդեն երեք փառատոն հաղթել է ներկայացումը»,- «Առավոտ»-ին պատմեց երիտասարդ ռեժիսորը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


















































