
Նիստի ընթացքում ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությունները, որից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը զեկուցել է բաձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացման խնդիրները:
Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ՝ առկա բացթողումները և խնդիրները վերացնելու համար: Մասնավորապես, առաջարկվել է ստեղծել մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք հնարավորություն կտան գերակա 3-4 ոլորտներում էապես խորացնել վերլուծությունների որակը և բացահայտել կոռուպցիոն երևույթները ծնող պատճառները, ապահովել ծրագրերի իրականացման հրապարակայնություն և այդ աշխատանքներում ներգրավվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
«Մենք պետք է ինքներս բացահայտենք առկա կոռուպցիոն դրսևորումները: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք՝ հասարակությունը, որը գիտակցում է, որ այս երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Դրա համար այսօր որդեգրել ենք այդ քաղաքականությունը՝ ինքներս պետք է բացահայտենք կոռուպցիոն դրսևորումները, որից հետո պետք է լինեն հստակ և հասարակության համար տեսանելի պատժամիջոցներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է որոշումների կայացման և դրանց իրականացման վերահսկողության աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ մասնակցության համար, և հույս հայտնել, որ վերջիններս առաջիկայում գրավոր կներկայացնեն իրենց առաջարկությունները, որոնք կդառնան քննարկման առարկա:
«Մենք բաց ենք քննարկումների համար և այս ֆորմատը մշտապես պահպանելու ենք: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստեղծված իրավիճակը մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը խիստ գնահատականներ է տվել և մեզնից վճռական քայլեր է պահանջում, որոնք կարող ենք իրականացնել միայն համատեղ ջանքերով: Կոռուպցիայի դեմ պայքարում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը և ոչ էլ հասարակությունը հաջողության չեն կարող հասնել, եթե չլինի համագործակցություն, ուստի մենք պետք է գտնենք այդ համագործակցության ճիշտ ձևաչափը: Մենք պետք է բացահայտենք առաջնային 3-4 ոլորտները և մեր ուժերը կենտրոնացնենք կոռուպցիոն երևություները ծնող պատճառների վրա»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրականացվող բարեփոխումների կարողություններն էապես ավելացնելու համար էական նշանակություն է ունենալու նաև միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:
ՀՀ կառավարության աշխատակազմ


















































