Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը հաստատել է քրեական գործերով տեղեկություն տրամադրելու կանոնները

Հունվար 17,2013 11:39

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ու ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել էին քրեական գործերով տեղեկություն տրամադրելու կանոնները: ՀՀ գլխավոր դատախազի լրատվամիջոցների համագործակցության հարցերով խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ դատախազի 2012թ. դեկտեմբերի 28-ի հրամանով հաստատվել են այդ կանոնները:

Այդ կանոնների մշակման նպատակն էր հարգել​ իրավունքների հավասարակշռված պահպանման սկզբունքները, տեղեկատվության ազատությունը քրեական դատավարության ընթացքում,​ նախնական քննության գաղտնիքը եւ տեղեկատվության ազատությունը, քրեական գործերով պաշտոնական հաղորդագրությունների մատչելիությունը, դատախազության` որպես քրեական հետապնդում իրականացնող մարմնի, հրապարակային մեկնաբանությունները առանձին գործերով,ինչպես նաեւ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ համագործակցությունը:

Ըստ խորհրդականի, կանոնները միտված են նաեւ քրեական գործերով տեղեկատվության ազատությանը եւ մարդու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության պաշտպանությանը, քրեական գործերով մարդու պատվի ու արժանապատվության իրավունքի,​ անմեղության կանխավարկածի պաշտպանությանը: Կանոնների հեղինակները՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ու գլխավոր դատախազությունը հակված են նրան, որ դրանցով կկանոնակարգվեն քրեական դատավարության վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականությունը, կմշակվի պաշտոնական մամուլի հաղորդագրություններին ուղղված պահանջները՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:

Դատախազությունը չի բացառում նաեւ իրավունքների բախման հավանականությունը, սակայն երաշխավորում է այդ իրավունքների հարգումը՝ մարդու իրավունքների գերակայության եւ հանրային շահի տեսանկյունից. «Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»։

Դատախազությունը պարտավորվում է .«Մինչդատական վարույթի ընթացքում, հնարավորության դեպքում, պետք է աջակցի ԶԼՄ-ներին տեղեկություն տրամադրելու հարցում` արձանագրելով, որ տրամադրվող տեղեկությունը նախնական է` հիմնված այդ պահին վարույթն իրականացնող մարմնի ձեռք բերած փաստական տվյալների վրա: Դատախազությունը կարող է չհրապարակել ԶԼՄ-ների կողմից հարցվող տեղեկությունը, եթե դրա հրապարակումը կարող է վտանգել նախնական քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը, լրիվությունը, դատավարության մասնակիցների անվտանգությունը, անմեղության կանխավարկածը, խախտել այլ անձանց իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, անձնական ու ընտանեկան կյանքը: Նախնական քննության ավարտի, որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվի, մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին տեղեկությունը պետք է տրամադրվի` կատարված հարցման հիման վրա, օրենքով սահմանված ժամկետում: Մինչդատական վարույթի փուլում դատախազությունը կարող է չհրապարակել կասկածյալի, մեղադրյալի անուն-ազգանունը՝ սույն Կանոնների 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում»:

Կանոններում առանձին հատված կա ​ մարդկանց անմեղության կանխավարկածի վերաբերյալ: Հաստատված կանոնների  համաձայն,հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: «Ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի վերաբերյալ կարծիքներ ու տեղեկություն ԶԼՄ-ներին կարող է տրամադրվել կամ հաղորդվել միայն այն դեպքում եւ այն ծավալով, եթե դա չի վտանգում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը: Եթե, այդուհանդերձ, դատախազությունը մինչդատական վարույթի փուլում որոշել է տեղեկություն տրամադրել սեփական նախաձեռնությամբ կամ ԶԼՄ-ներից ստացված հարցումների հիման վրա, ապա, միաժամանակ, պետք է խուսափի կասկածյալին կամ մեղադրյալին ձեռնաշղթաներով ցուցադրելուց կամ որպես հանցագործ ներկայացնելու ցանկացած այլ եղանակից»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031