Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտ Բագրատյանն ուզում է դառնալ վարչապետ»

Հունվար 17,2013 13:34

ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ դեռ երբեք երկրում չի եղել այնպիսի վախի մթնոլորտ, ինչպես հիմա: Նրա խոսքերով՝ ընտրություններին չմասնակցող Դաշնակցության ներկայացուցիչներն անգամ 96թ.-ին՝ ճաղերի ետեւում, ավելի համարձակ էին, քան հիմա՝ սեփական հեռուստաընկերության եթերում: Իսկ «առյուծ պահող քաղաքական գործիչը պապանձվել է»: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը, սակայն, գտնում է, որ նման մթնոլորտ չկա: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճից: 

Հմայակ Հովհաննիսյան- Ես դեռ 2007թ.-ին եմ հրապարակավ ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ նպատակ մաքսիմում՝ նախագահի պաշտոնին վերադառնալ, եւ նպատակ մինիմում, որը ես ավելի իրատեսական համարեցի՝ սեփական կադրերին քաղաքական ընդհատակից հանել, մաքրել, մակյաժի ենթարկել եւ քաղաքական թատերաբեմ բերել: Այդ մինիմում ծրագիրը Տեր-Պետրոսյանին հաջողվեց իրականացնել: Եվ հիմա՝ մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա: Եվ դա ասում է Հրանտ Բագրատյանը՝ Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակիցը, ում նա զիջեց իր տեղը խորհրդարանական խմբակցությունում:

Հրանտ Բագրատյանն այդ մինիմում ծրագրի իրականացման առաջին պրոդուկտն է, որը տասը տարի լինելով ընդհատակում՝ Լեւոն Տեր-Պետրոսանի վերադարձի շնորհիվ կարողացավ նորից հայտնվել քաղաքական թատերաբեմում, եւ այսօր հայտ է ներկայացրել դառնալ հանրապետության վարչապետ: Նա հենց այդ նպատակն է հետապնդում, եւ դա ակնհայտ է: ՀՀՇ-ի վերնախավը ձգտում է տիրանալ վարչապետի պաշտոնին, եւ ինչու ոչ, քանի որ մավրն, ըստ էության, լքեց նրանց, այսօր պիտի կառչեն Բագրատյանի թեկնածությունից, ինչն, իհարկե, շատ թույլ քայլ է, որովհետեւ վաուչերային սեփականաշնորհումը ոչ ոք չի մոռացել:

Գեւորդ Պողոսյան- Բայց Դուք մոռանում եք, որ նախագահական ընտրություններ են, վարչապետի ընտրություններ չեն:

Հ. Հ.- Վարչապետի ընտրություններ չեն, բայց նախագահի հարցն արդեն լուծված է:

Գ. Պ.- Եթե նախագահի հարցը լուծված է, դա չի նշանակում, որ վարչապետի հարցն է դրված: Դա ասում եք, բայց պետք է դեռ նրան հարցնել՝ արդյոք նա իր մտքում վարչապետ դառնալու նպատակ ունի՞: Այդ մարդուն շատ բան վերագրում ենք մենք:

Հ. Հ.- Եթե հաշվի առնենք այն, որ Սերժ Սարգսյանը բավականին խիստ քննադատության ենթարկեց կառավարության աշխատանքը, այն էլ՝ հրապարակայնորեն նման թերացումների մեղադրանքներ հնչեցրեց վարչապետի եւ կառավարության հասցեին, ապա գոնե տեսականորեն կարելի է ենթադրել, որ վարչապետի փոփոխությունը հնարավոր է: Իսկ եթե մարդը մի իրավիճակում է, երբ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում այն հանգամանքով, որ վերջին համապետական ընտրություններում 43 տոկոս քվեներ ստացած երեք հիմնական քաղաքական ուժերը բոյկոտում են ընտրությունները, Բագրատյան Հրանտը ներկայանում է որպես արեւմտյան ուժերի կողմնակից: Իսկ ընտրությունների գնահատականը, չմոռանանք, առաջին հերթին տրվում է արեւմտյան ինստիտուտների կողմից: Ուստի Բագրատյանը հույս ունի, որ եթե գրավեց երկրորդ տեղը, իր թեկնածությունը, որպես վարչապետի պաշտոնի հավակնորդ, ամենայն լրջությամբ կդիտարկվի, եւ հնարավոր է, որ կանաչ լույս կտրվի այդ թեկնածուին:

Գ. Պ.- Դուք նորից Բագրատյանին վերագրում եք Ձեր մոդելները: Ի՞նչ է նշանակում երկրորդ տեղը, խոսքը միայն նախագահի ընտրությունների մասին է: Մեկն է ընտրվելու. երկրորդ, երրորդ, ութերորդ… Նույնկերպ եթե Ձեր ֆանտազիաները աշխատեցնենք, պետք է մտածենք, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ի՞նչ պաշտոն է ուզելու: Եթե վարչապետ է լինելու Հրանտ Բագրատյանը, ապա արդեն լրագրողներն ու քաղաքական վերլուծաբանները պետք է Րաֆֆիին էլ ինչ-որ բան վերագրեն, Պարույր Հայրիկյանին էլ:

Հ. Հ.- Իհարկե, իհարկե՝ Րաֆֆին էլ կուզի վարչապետի պաշտոնը:

Գ. Պ.- Դատարկ խոսակցություններ են:

Հ. Հ.- Դա խոսակցություն չէ, դա միանգամայն լուրջ հարց է: Մարդը ընտրություններին մասնակցում է որոշակի մոտիվացիայով:

Գ. Պ.- Մինչեւ այսօր այդպիսի դեպք չի եղել, որ նախագահական ընտրություններից հետո հաղթած թեկնածուն երկրորդ տեղը գրաված թեկնածուին վարչապետի պաշտոն տա: Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել:

«Առավոտ»- Դուք բացառո՞ւմ եք, որ առաջիկայում նման բան լինի, եւ այդպիսով նոր քաղաքական մշակույթ ձեւավորվի:

Գ. Պ.- Չեմ բացառում, ուղղակի կարծում եմ, որ այսօրվա ընտրությունների հետ կապված քննարկումների մեխը դա չէ՝ կդառնա՞ Բագրատյանը վարչապետ, թե՞ ոչ:

Հ. Հ.- Իսկ Հայաստանի պատմության մեջ այդպիսի դեպք եղե՞լ է, որ իր տեսակարար կշռով եւ խորհրդարանում ներկայությամբ երկրորդ քաղաքական ուժը բոյկոտի եւ չմասնակցի ընտրություններին:

Գ. Պ.- Բոյկոտելն ու չմասնակցելը նույն բա՞նն է քաղաքագետի տեսակետից:

Հ. Հ.- Կա պասիվ բոյկոտ եւ կա ակտիվ բոյկոտ: Դա պասիվ բոյկոտ է:

Գ. Պ.- Բայց դա պետք է այն կուսակցությանը հարցնենք, որտեղից Դուք դուրս եք եկել. արդյոք այդ կուսակցությունն ասո՞ւմ է, որ ինքը բոյկոտում է ընտրությունները: Իրենք նման բան չեն հայտարարել:

Հ. Հ.- Ես որեւէ կուսակցությունից դուրս չեմ եկել, ես ԲՀԿ անդամ չէի: Բայց ոչ միայն այդ կուսակցությունն է, այլեւ Դաշնակցությունը, որը լինելով զնդաններում եւ կասեցված, 96թ.-ին մասնակցեց նախագահական ընտրություններին եւ պաշտպանեց Վազգեն Մանուկյանին: Վերջերս «Երկիր մեդիայով» ելույթ էր ունենում իմ լավ ընկեր Արմեն Ռուստամյանը, եւ ես հանկարծ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ էս մարդը ճաղերի հետեւում ավելի համարձակ էր, քան հիմա՝ «Երկիր մեդիայի» ստուդիայում: Ինչո՞ւ էդպես եղավ, էդ ո՞վ այդքան ահ ու սարսափ ներշնչեց այդ կուսակցությանը, որ այն այսօր լինելով լեգալ դաշտում եւ ԱԺ-ում խմբակցություն ունենալով՝ չի մասնակցում ընտրություններին: Այս ի՞նչ վախ է տիրում, որ առյուծ պահող քաղաքական գործիչը պապանձվել է եւ երկու ամիս է՝ ձայն չի հանում:

Գ. Պ.- Դուք ուզում եք հիմնավորել, որ այսօր տիրում է վախի եւ սարսափի մթնոլորտ: Բայց այսօր ընտրողը նման մթնոլորտ չի տեսնում: Ես նայում եմ ընտրողների ակտիվությանն ու տրամադրությանը: Եվ մինչեւ հայտնի կլիներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Ռոբերտ Քոչարյանը առաջադրվում են, թե ոչ՝ դեռեւս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեր ընտրողները միանշանակ կողմնորոշվել էին, որ վերընտրելու են գործող նախագահին:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031